Հայաստանը և Ֆրանկոֆոնիան։ Հյուրանոցում

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Արդեն երրորդ օրն է, ինչ սկսվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, դե, երևի արդեն լսել եք, կամ Օպերայի բակում, օդանավակայանում կամ էլ ուղղակի փողոցով քայլող երիտասարդների եք տեսել՝ կապույտ շապիկով, վրան էլ գրված «Ժը սուի բենեվոլ» (je suis bénévole- ես կամավոր եմ), հա ու անբաժան մաս կազմող և բոլոր դռները բացող բեյջով: Դե լավ, չափազանցրի, քեզ՝ հյուրանոցի խղճուկ կամավորի բեյջով, Համալիր ոչ ոք չի թողնի:

Եվ արդեն երրորդ օրն է, ինչ ժամը 2-ին գալիս եմ հյուրանոց, նստում իմ «պոստին» ու համակ ուշադրությամբ նայում մուտքի պտտվող դռանը, որ գոնե մի հոգի մեր հյուրերից գա, ու ես իմ ցուցակում իր անվան դիմաց + դնեմ: Իսկ եթե բախտդ բերում է, ու հյուրը որևէ հարց ունի, ապա վերջ, միանգամից քեզ կարևոր ես զգում և մաքսիմալ գրագետ ֆրանսերենով փորձում ես պատասխանել և ինչ-որ ձևով նրան օգնել:

Դե ինչ, ասեմ, այս երեք օրվա ընթացքում ամենաշատ օգտագործվող բառերից են՝ «բարև ձեզ», «ցտեսություն», «ինչպես եք» և «շատ լավ»։ Ինչպես հասկացաք, այդքան էլ հետաքրքիր չի անցնում օրս, շատ բան չեմ պատմում, այդ իսկ պատճառով փորձում եմ ժամանակս սպառել «Լեդիբագ»-ի խաղի աշխարհները անցնելով և «չարերին» հաղթելով կամ էլ ինչպես հիմա՝ նյութ գրելով:

Երևի ամենահետաքրքիր դեպքը եղել է առաջին օրը, երբ երեկոյան ժամին այստեղ հավաքվեցին մի քանի երկրի պատվիրակության ուղեկցողները: Եվ հենց այդ ժամանակ ես հնարավորություն ունեցա օգտագործելու ֆրանսերենս. հեռախոսով խոսեցի Կոնգոյի դեսպանի հետ, ումից պետք էր իմանալ Կոնգոյի նախագահի Երևան ժամանման օրը: Եվ արդեն 100% վստահությամբ կարող եմ ասել, որ աֆրիկացի կնոջ հեռախոսով ասածն ավելի հեշտ էր հասկանալ, քան ԴԵԼՖ-ի (ֆրանսերենի միջազգային քննություն) քննության լսողական հանձնարարությունը:

Հիմա նստած գրում եմ նյութս, կողքիս թիմիս անդամները «Ռիսկ թե ճշմարտություն» են խաղում:

-Ըհը, ծառայողական մեքենա եկավ, հաստատ պատվիրակություն ա: