Հայաստանում բոլորը պայքարող են

-Ի՞նչ մասնագիտություն ունեք, ի՞նչ եք սովորում։

-Իմ անունը Էլայզա է, ես Գերմանիայից եմ, տասնինը տարեկան և ներկա պահին աշխատում եմ որպես կամավոր Երևանում։ Ես դեռ չեմ ընդունվել համալսարան, իսկ ավագ դպրոցն ավարտել եմ անցյալ տարի։ Հավանաբար սեպտեմբերից կընդունվեմ համալսարան։ Ցանկանում եմ ֆիզիկա սովորել, բնական գիտություններ։

-Լավ, իսկ ինչո՞ւ եք կամավորություն անում։

-Երբ ես դեռ դպրոցում էի, գիտեի, որ հաստատ պետք է ֆիզիկա ուսումնասիրեմ, բայց չէի պատկերացնում համալսարանում հենց միանգամից սովորել, ու որոշեցի գնալ ուրիշ երկիր, հանդիպել տարբեր մարդկանց, ծանոթնալ տարբեր մշակույթների հետ։ Նաև ինձ հետաքրքրում էր՝ կարող եմ ես ապրել ուրիշ երկրում, լրիվ միայնակ ու հույսս դնել միայն ինքս ինձ վրա։ Այդ պատճառով էլ ես հիմա այստեղ եմ։

-Որտե՞ղ եք Դուք ներկա պահին աշխատում որպես կամավոր։

-Ես հիմա Վահան Տերյանի անվան համար 60 դպրոցում եմ կամավոր։ Դա միջնակարգ դպրոց է, որտեղ աշակերտները առաջինից իներորդ դասարանում են սովորում։

-Դժվա՞ր է աշխատել Ձեզնից տարիքով փոքրերի հետ։ Որո՞նք ենք դժվարությունները։

-Աշակերտները գերմաներեն են սովորում երրորդից իներորդ դասարաններում և ես կարծում եմ, որ ավելի հեշտ է աշխատելը փոքրերի հետ։ Չորրորդից վեցերորդ դասարանցիների հետ շատ հաճելի է աշխատելը, նրանք ոգևորված սովորում են գերմաներեն։ Նրանց հետ ավելի հեշտ է հաղորդակցվելը, որովհետև նրանք դեռ լավ չեն տիրապետում լեզվին, բայց գտնում են ինձ հետ խոսելու ճանապարհներ, իսկ յոթից ութերորդ դասարանցիների հետ աշխատելը շատ դժվար է, որովհետև նրանք ուշադիր չեն դասերին և չեն լսում։ Իներորդ դասարանցիների հետ աշխատելն էլ է հեշտ, նրանք հետաքրքիր մարդիկ են։

-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կամավորի աշխատանքը Ձեզ տալիս։

-Այն ինձ ավելի բաց մարդ է դարձնում։ Ես գրեթե ամեն օր նոր մարդկանց եմ հանդիպում։ Նաև երեխաների հետ աշխատելը։ Գերմանիայում ես դեռահասների հետ եմ հիմնականում աշխատել, իսկ այստեղ ինձանից տարիքով փոքրերի հետ աշխատելը շատ բան է սովորեցնում։

-Դուք գիտեի՞ք Հայաստանի մասին մինչև այստեղ գալը։

-Ոչ այդքան շատ։ Մինչև իմանալս, որ գալու եմ Երևան, ես Հայաստանի մասին գիտեի միայն այն, որ դուք նույնպես մասնակցում եք Եվրատեսիլին։ Հետո արդեն սկսեցի ուսումնասիրել երկիրը, այդ ժամանակ թավշյա հեղափոխությունն էր տեղի ունենում, որն ինձ շատ հետաքրքրեց։

-Ո՞ր երկիր էիք ցանկանում գնալ։

-Հարավային Ամերիկա։ Բայց դա ինձ այդքան էլ չէր հետաքրքրում, ուղղակի ես ինձ միշտ պատկերացնում էի Լատինական Ամերիկա գնալիս, որովհետև իմ կազմակերպության կամավորների մեծամասնությունը գնում է հենց այնտեղ։ Ինձ չի թվում, որ հիմա կնախընտրեի Լատինական Ամերիկան։ Ես ուրախ եմ, որ Հայաստանում եմ։

-Կպատմե՞ք Ձեր կազմակերպության մասին, ինչո՞վ եք զբաղվում այնտեղ։

-Կազմակերպությունը կոչվոմ է Kulturweit: Միտքը նրանում է, որ երիտասարդները շփվեն օտարերկրացիների հետ։ Գերմանական ՅՈՒՆԵՍԿՕ-ն համագործակցում է կազմակերպության հետ։ Կան նաև տարբեր ծրագրեր, որոնք ուսուցիչների են ուղարկում տարբեր երկրներ, որպեսզի նրանք կամվորական աշխատանք կատարելով կրթեն երիտասարդներին։ Իսկ իմ աշխատանքն ուղղակի օգնելն է դասախոսներին։ Ես չեմ կարող դասավանդել, որովհետև չունեմ մասնագիտական որևէ կրթություն, բայց ես աջակցում եմ դասախոսներին, զրուցում եմ աշակերտների հետ, օգնում նրանց կատարել որոշ աշխատանքներ, մենք միասին պատրաստվում ենք քննություններին։

-Ի՞նչ սպասելիքներ ունեիք մինչև Հայաստան գալը։

-Սպասելիքնե՞ր։ Իմ պատկերացումներն ավելի տարբեր էին իրականությունից և ես չեմ կարող սպասելիքներս թվարկել, բայց ես ակնկալում էի, որ Հայաստանի հասարակությանը կլինի ավելի տարբեր, քան Գերմանիայինը, և իսկապես այն տարբեր է, բայց ավելի լավ տեսանկյունից։ Ես կարծում էի, որ ավելի դժվար կլինի, ավելի դժվար մենակ ապրելը, ինչը հիմա ընդհանրապես դժվար չէ։ Նաև ես շատ կարճ ժամանակում ընկերացա ուսուցիչների և աշակերտների հետ և մեկ ամսից զգում էի ինձ ինչպես տանը։

-Ի՞նչ խնդիրների եք հանդիպել այստեղ։

-Ավելի շատ սովորությունների հետ էին կաված դժվարությունները։ Գերմանիայում ես հստակ գիտեմ, թե որ ժամին ինչ պետք է անեմ, իսկ Հայաստանում պետք է շատ ճկուն ու արագաշարժ լինես։ Հայաստանում կարող է մարդիկ պլանավորեն ճանապարհորդություն, որին պետք է դու ներկա լինես, իսկ շարժվելու ենք երկու ժամից։ Ես սիրում եմ ամեն ինչ պլանավորել, և դա ինձ մի փոքր դժվար տրվեց։ Մնացած սովորությունները դրական են։ Օրինակ՝ Հայաստանում, երբ նոր մարդու ես հանդիպում, նա քեզ անպայման հրավիրում է իրենց տուն՝ սուրճ խմելու, իսկ Գերմանիայում, երբ մարդիկ նման բան են ասում, դա նկատի չեն ունենում։ Հայաստանում մարդիկ շատ հյուրընկալ են։ Նրանք քեզ սուրճի են կանչում և մեկ ժամից դու նրանց տանն ես։ Ինձ համար տարօրինակ էր մարդկանց հետ նման հեշտությամբ կապվելը։

-Ի՞նչ պատկերացումներ ունեիք Հայաստանի հասարակության մասին մինչև գալը։ 

-Ես չէի սպասում, որ Երևանն այսքան ժամանակակից քաղաք կլինի։ Երբ համեմատում եմ իմ կյանքն այստեղ ու Գերմանիայում, ապա հասկանում եմ, որ այստեղ ես ավելի ժամանակակից կյանք եմ վարում, որովհետև ես Գերմանիայի փոքր գյուղից եմ, իսկ այստեղ ես ավելի մեծ հնարավորություններ ունեմ։ Հասարակությանը ես ավելի փակ էի պատկերացնում, չէի ակնկալում, որ այսքան հյուրընկալ կլինեին հայերը։ Ես շատ պատկերացումներ ու ակնկալիքներ չունեի, որովհետև շատ տեղեկություն չունեի Հայաստանի մասին։

-Նշեք մի քանի բաներ, որոնք հավանում եք Հայաստանում։

-Ես շատ եմ հավանում հյուրընկալությունը, մարդիկ շատ պարզ են։ Նրանք քեզ օգնում են որտեղ որ լինես։ Ես նաև սիրում եմ Երևանը։ Որոշ մարդիկ չեն հավանում մայրաքաղաքը, բայց իմ կարծիքով այն գեղեցիկ քաղաք է։ Հայաստանի բնաշխարհը զարմանալի է։ Ես ճանապարհորդել եմ Հայաստանում և ամեն անգամ այն ինձ ապշեցրել է։ Ես եղել եմ Դիլիջանում, Գյումրիում, Կապանում, Գորիսում, Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդում, Սևանում և հուլիսին հնարավորություն կունենամ ուրիշ տեղեր այցելելու։

-Ի՞նչ կասեք լեզվի մասին։ Ինչպե՞ս եք հաղորդակցվում Դուք տեղացիների հետ։

-Իմ կազմակերպությունը պարտադրում է անցնել գոնե մեկ լեզվի դասընթաց, և ես ընտրել եմ հայերենը, բայց այդքան շատ գիտելիքներ չունեմ, որովհետև այդքան լուրջ չէի վերաբերվում։ Ես հիմա ավելի շատ եմ հասկանում, քան խոսում, և եթե լուրջ վերաբերվեի, ապա ամեն ինչ ավելի լավ կլիներ։ Օրինակ՝ խանութներից օգտվելիս ես գիտեմ հիմնական բառերը, որոնք պետք կգան, բայց ավելի շատ ձեռքերս եմ օգտագործում, մեկ-մեկ նաև օգնում է անգլերենը։ Երբ նոր մարդկանց եմ հանդիպում, հիմնականում անգլերեն եմ խոսում նրանց հետ։

-Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենահետաքրքիր մասը։

-Ինձ թվում է՝ ամենահետաքրքիր մասն աշխատելն է նոր մարդկանց հետ։ Քննությունները երկու մասի են բաժանված՝ գրավոր և բանավոր։ Գրավոր հատվածում աշակերտները պետք է համեմատեն տարբեր կարծիքներ։ Օրինակ՝ ով պետք է օգնի տնային գործերում, ով պետք է աշխատի, ինչ հագուստ պետք է կրել և նման այլ հարցեր, որոնք շատ հետաքրքիր են։

-Հիմա Դուք ազա՞տ եք, քանի որ քննություններն ավարտվել են։

-Ես մի քանի անգամ գնացել եմ դպրոց հունիս ամսին։ Թղթաբանական հարցեր կարգավորելու համար։ Նաև մի քանի հուշումներ եմ գրել հատուկ հաջորդ կամավորի համար։ Հուլիս և օգոստոս ամիսներին ես ազատ եմ ու կարող եմ անել այն, ինչ կցանկանամ։

-Դուք հաջորդ կամավորին հանդիպելո՞ւ եք։

-Ոչ, չեմ հանդիպելու։ Իրականում ես դա չեմ հավանում իմ կազմակերպությունում, բայց գիտեմ՝ ինչու են այդպես անում։ Եթե հանդիպեինք, ապա նոր կամավորներն ամեն ինչ մեզնից կիմանային և ամբողջ հետաքրքրությունը կկորչեր։ Ես կարող եմ հուշումներ ու նշումներ գրել նրանց համար։ Օրինակ՝ իմ սիրելի վայրերի մասին Երևանում։

-Եվ որո՞նք են Ձեր սիրելի վայրերը։

-Ես սիրում եմ Մանկական երկաթուղին, որովհետև այնտեղ համեմատաբար ավելի հանգիստ է, անաղմուկ, Միրզոյան գրադարանը, Թումո այգին։ Նաև գիշերային Կասկադը շատ գեղեցիկ է։

-Ինչո՞վ եք զբաղվում Դուք և մնացած կամավորները ազատ ժամանակ։

-Մենք հիմնականում զբոսնում ենք քաղաքում, հանդիպում նոր մարդկանց։ Երևանում շատ են բարերն ու փաբերը, որն իսկապես շատ լավ է, և ժամանակ առ ժամանակ մենք գնում ենք այնտեղ։ Շաբաթ և կիրակի օրերին, եթե ազատ ժամանակ ենք ունենում, անպայման դուրս ենք գալիս քաղաքից։

-Դուք նշեցիք, որ շատ դեռահասների եք հանդիպում։ Որո՞նք են տարբերությունները հայ և գերմանացի դեռահասների միջև։

-Իրականում շատ զարմանալի էր հայ դեռահասներին հանդիպելը, նրանք ավելի հասուն են, քան գերմանացիները։ Տասնհինգ-տասնվեց տարեկան դեռահասները Հայաստանում գիտեն՝ որտեղ են ցանկանում սովորել, ինչ են ցանկանում անել իրենց կյանքի հետ, և նրանք իսկապես ցանկանում են այդ ամենն անել, ու անում են դրան հասնելու բոլոր գործողությունները, իսկ Գերմանիայում դեռահասները շատ հանգիստ են, նրանք գնում են դպրոց և գալիս տուն, վերջ։ Իսկ այստեղ դեռահասները գնում են Թումո, սովորում են տարբեր երաժշտական գործիքներ նվագել, տարբեր լեզուների են տիրապետում, սպորտով են զբաղվում։ Նրանք այնքան շատ բան ունեն անելու այստեղ, Գերմանիայում այդպես չէ, որովհետև ամեն ինչ այնտեղ հեշտ է տրվում։ Հայաստանում բոլորը պայքարող են։

-Գերմանիայի դեռահասների հետ համեմատ՝ հայերը բավական ազատամի՞տ են։

-Իմ կարծիքով՝ կախված է, թե ով է զրուցակիցդ։ Իմ դպրոցի իներորդ դասարանում բոլորն աղջիկներ են, և ես նրանցից մի քանիսի հետ կարող եմ խոսել ամեն ինչից, և մնացածի հետ որոշ թեմաներ ընդհանրապես չեմ կարող քննարկել, սակայն իմ կարծիքով մարդիկ բավականին ազատամիտ են։ Դա նաև կախված է մշակույթից ու արժեքներից։

-Ի՞նչ դրական լիցքեր կտանեք Ձեզ հետ Հայաստանից։

-Հայաստանում ես ավելի շփվող եմ դարձել, ավելի շատ գիտելիքներ ու փորձ ունեմ հասուն կյանքից, որոնք նույնպես ինձ շատ կօգնեն։ Ես հայ ընկերներ ունեմ, որոնց հետ հասցրել եմ մտերմանալ։

-Եվ վերջում, ի՞նչ կցանկանաք հաջորդ կամավորներին։

-Առաջնահերթ՝ հաջողություն։ Դա ամենակարևորն է, հետո խորհուրդ կտամ նրանց շփվել, շփվել հայերի, մյուս կամավորների, առհասարակ, մարդկանց հետ։ Ակտիվ լինել աշխատավայրում, երեխաների հետ մաքսիմալ աշխատել։ Բացահայտել երկիրը, քաղաքը։ Սա շատ լավ հնարավորություն է։