Հայը օրհնված է պայքարով

Վեցօրյա ուսումնական շաբաթվանից հետո միակ հանգստյան օրն էր։ Աչքերս բացեցի  հեռուստացույցի՝ մինչև սենյակս հասնող ձայնից։ Թվում էր, թե սովորական օր էր, բայց միայն թվում էր…

Սկզբում մի քանի րոպե փորձում էի արթնանալ, հետո զգացի, որ տանը ինչ֊որ իրարանցում կա։ Նույն պահին մայրիկս մտավ սենյակս, չէի հասցրել մի բառ ասել, երբ տեսա մայրիկիս արցունքոտ աչքերը.

-Պատերազմ է։

Մայրիկս դուրս եկավ սենյակից, իսկ ես չկարողացա անգամ մի բառ ասել, վերցրի հեռախոսս, կարդացի բոլոր մանրամասները, այս անգամ ամեն բան ավելի քան լուրջ էր, քան երբևէ եղել էր։

13 օր է անցել, պատերազմը դեռ շարունակվում է, ու ոչ ոք չգիտի, թե դեռ ինչքան է շարունակվելու։ Բայց ես գիտեմ միայն մի բան՝ հայը օրհնված է պայքարով, անվերջ պայքարելով, անվերջ դժվարություններ հաղթահարելով, բայց միշտ հաղթելով։ Իսկ մեր թշնամին իր իսկ սկսած պատերազմի օրվանից անիծված է՝ մեզ որպես թշնամի ունենալով։ Եվ այդ անեծքից չի ազատվի, չի փրկվի, մինչև չհրաժարվի իր նենգ նկրտումներից, իր նենգ մտադրություններից։

Քաղաքում քայլելիս երբեք այդքան թախծոտ հայացքներ չէի տեսել։ Հա, ու մի բան ևս. եկեղեցում երբեք այդքան մարդու չէի տեսել, այդքան մեծ հավատքով լի հայացքներ էլ երբեք չէի տեսել…

Այս օրերին ժպտալը, հանգստություն պահպանելը դժվար է բոլորիս համար։ Բայց այսօր ավելի քան երբևէ դրա անհրաժեշտությունը կա։ Հենց այս օրերին է, որ չպետք է կոտրվենք, չպետք է վհատվենք, չպետք է վախենանք։ Մենք իրավունք չունենք մեկ կաթիլ անգամ կասկածելու, որ հաղթելու ենք, կասկածելու, որ ամեն ինչ լավ է լինելու։

Մնում է միայն ու միայն սառը դատել, քիչ տրվել էմոցիաներին, ամեն րոպե աղոթել, ամեն րոպե հավատալ, որ մյուս րոպեն մեզ հաղթանակ է բերելու, ամեն վայրկյան լցվել հավատքով, ամեն ակնթարթ հայրենասիրական ոգով լցվել և ոգի տալ մյուսներին։

Ես հավատում եմ` մյուս հոդվածս հաղթանակի մասին է լինելու։ Այն լինելու է ոչ հեռու ապագայում, այլ շատ շուտով, շատ շուտով։

Հավատացե՜ք միայն…