arxiv

Հայրենիքը այս է ահա

Առավոտ

Ձեռքս բռնած մի լավ հայրիկ,

Պատշգամբից նայող մայրիկ,

Մանկապարտեզ տաքուկ, սիրուն,

Ուսուցչուհի ինձ սպասող,

Զվարթ, զնգուն աղջիկ, տղա-

Հայրենիքը այս է ահա

Հրանտ Մաթևոսյան

 

Փոքր էի: Մանկապարտեզում հանդեսից առաջ ինձ ասել էին, որ եթե պապիկս Հրանտ Մաթևոսյանն է, թող ինձ համար բանաստեղծություն գրի: Այս օրվանից սկսած՝ երբ գնում էի պապիկիս տուն, խնդրում ու համոզում էի նրան, որ գրի այդ բանաստեղծությունը: Տատիկս ասում էր՝ պապիկը բանաստեղծ չէ: Հայրիկս էլ ասում էր, որ պետք է մանկապարտեզում ասել այդ մասին: Հաջորդ օրը մայրիկս հետս եկավ մանկապարտեզ և խոսեց տնօրենի հետ: Բայց դա ինձ չկանգնեցրեց: Մեկ ամիս շարունակ այնքան խնդրեցի պապիկիս, որ գրեց «Առավոտը»: Ես մինչև հիմա պահել եմ թղթի կտորի վրա ինձ համար գրված նրա երևի միակ բանաստեղծությունը:

Անի Մաթևոսյան, 13 տարեկան

Երբ Անին պատմեց պապիկի՝ գրող Հրանտ Մաթևոսյանի՝ իր համար գրած բանաստեղծության մասին, մտածեցինք. իսկ մեզ համար ո՞րն է հայրենիքը:

***

Դպրոցից շուտ դուրս եկա և սկսեցի արագ քայլել: Երբ ես բարկացած եմ լինում, արագ եմ քայլում՝ չնայելով շուրջս, չլսելով ոչինչ. ես այդպես հանգստանում եմ: Արագ քայլում էի՝ նույնիսկ չիմանալով, թե ուր եմ գնում, ուղղակի քայլում էի: Չգիտեմ՝ այսպես ինչքան կգնայի, եթե… Հանկարծ դիմացս տեսա մի փոքրիկ աղջկա, որը կանգնել և ժպտում էր՝ անդադար ինձ նայելով: Ես էլ ակամա նրան ժպտացի: Չեմ հիշում՝ ինչքան այդպես կանգնած մնացի, բայց երբ ուշքի եկա, աղջիկը չկար: Ես, ամեն ինչի մասին մոռացած, տուն գնացի:

Սիրան Մանուկյան, 13 տարեկան

***

Ընտանիքով տեղափոխվել ենք նոր բնակարան: Չնայած հին ու նոր շենքերն իրարից այնքան էլ հեռու չեն, բայց ես, այնուամենայնիվ, կարոտում եմ իմ հին բակը: Կարոտում եմ կոշկակար Ռուբիկին, ով ամբողջ օրն անցկացնում էր վարսավիր Արայիկի մոտ՝ վիճաբանելով քաղաքական տարբեր թեմաների շուրջ: Կարոտում եմ Արջուկին՝ մեր բակի շնիկին, որն ընդհանրապես նման էլ չէ արջուկի: Կարոտում եմ մեր հարևան տիկին Սուսանին, ով ամեն առավոտ արթնանում և իր համար մի նոր հիվանդություն է հնարում: Կարոտում եմ մեր բակի տաղավարը, որտեղ ամեն երեկո հավաքվում ու խաղեր էինք խաղում առանց տարիքային սահմանափակման: Բայց այն ժամանակ, երբ այնտեղ էի ապրում, նույնիսկ ուշադրություն չէի դարձնում այդ ամենի վրա:

Տեսնես հիմա ինչո՞ւ եմ կարոտում:

Գայանե Մարտիրոսյան, 16 տարեկան

***

Մենք ընտանիքով ամեն տարի ամռանը գնում ենք հանգստանալու: Երբ վերադառնում ենք տուն, ամեն անգամ ցանկություն եմ ունենում վազելու տան մեջ, որպեսզի վերհիշեմ մեր բնակարանը: Քաղաքից դուրս ես կարոտում եմ իմ տունը: Տեսնես՝ ինչի՞ց է: Ինձ թվում է՝ ես կարոտում եմ իմ մահճակալը, հեռուստացույցը և տան մյուս իրերը: Ես այնքան եմ մտերմացել մեր տան հետ… Արդեն աչքերս փակ կարողանում եմ տան մեջ քայլել:

Արամ Մնացականյան, 9 տարեկան

***

Լույսը բացվեց: Ես, դեռ լրիվ չարթնացած, լսեցի աղբի մեքենայի ձայնը, որից նորից դժգոհեցին մեր հարևան Սերոբ պապիկը և նրա շունը…

Քայլում էի փողոցով: Անցա կանգառի մոտով, որտեղ կանգնած քնաթաթախ մարդիկ սպասում էին իրենց երթուղայինին…

Դասարանում խոսում էի իմ դիմաց նստած Կարենի և Դավթի հետ…

Պատմության ժամին դասից մի փոքր շեղվելով՝ հիշեցի մեր բակի վարդենին, որն ամռանը պատված է լինում կանաչ տերևներով և ալ կարմիր վարդերով: Հետո հիշեցի ընկեր Սարգսյանի պատմած պատմությունները, և զանգը հնչեց…

Դպրոցից դուրս գալիս ականջիս հասավ մեր պահակի՝ պարոն Զորիկի մշտական հարցը.

-Փիլիպոսյանի դասարանն է, չէ՞:

Եվ այդ հարցի մշտական պատասխանը.

-Այո՛…

Նորայր Բարոյան, 13 տարեկան
***

Հայրենիքը իմ տունն է, իմ մանկությունը, հիշողությունները, բոլոր այն դեմքերը, որոնք տեսնում եմ ամեն օր: Ամռանն առավոտյան բացում եմ խոհանոցի պատուհանը, իսկ աջ կողմից Արարատն է ասում. «Բարի լույս»: Երեկոյան էլ ծիծեռնակների ձայնը հիշեցնում է, որ կարելի է դուրս գալ բակ՝ զբոսնելու: Հայրենիքը տատիկիս գյուղի տան սպիտակ թթի ծառն է: Փոքր ժամանակ, երբ բարձրանում էի գոմի տանիքին և վայելում թթի քաղցր համը, մայրիկս և տատիկս ներքևից բղավում էին.

-Նանե՜, զգո՛ւյշ, չընկնես, վտանգավոր է:

Նանե Աբելյան, 15 տարեկան

***

-Իջի՛ր, շո՛ւտ արա, իջի՛ր, վա՜յ, հիմա կընկնես,- դեռ չիմանալով, որ կատուները կարողանում են ծառ բարձրանալ, բղավում էի ես:

-Վա՜յ, դե, իջի՛ր, ուզում եմ մոտս լինես,- արդեն իմանալով, որ կատուները կարողանում են ծառ բարձրանալ, բղավում եմ ես:

Ու կատվիս գրկելով՝ գնում նստում եմ տաղավարում ու կարդում իմ սիրելի գրքերից մեկը: Գյուղում էի…

Հիմա էլ եմ նստում տաղավարում ու գիրք կարդում, բայց այն ժամանակ ուրիշ էր: Կատուս էլ հետս չի:

Մարիամ Նալբանդյան, 12 տարեկան

***

Շատ եմ սիրում նրանց, նրանք այնքան լավն են… Երբ ես նեղված եմ լինում կամ էլ ուրախացած, միշտ կարողանում եմ նրանց հետ կիսվել: Մենք շատ ենք սիրում երաժշտություն լսել, մանավանդ՝ ռեփ, սիրում ենք խենթություններ անել: Երբ ես ցանկանում եմ մենակ մնալ կամ էլ կիսվել ինչ-որ մեկի հետ, նրանք միշտ ինձ հետ են լինում, լսում են ինձ և երբեք չեն դավաճանում: Ես առանց նրանց չեմ կարող… Շատ եմ սիրում իմ նկարչական և բանաստեղծությունների տետրերը, բջջայինս և ֆոտոխցիկս, իմ մահճակալը, որի պատերի շուրջ տարբեր նկարներ ու պաստառներ են փակցված: Նրանք ինձ ավելի լավ են հասկանում, քան ընկերուհիներս:

Հայաստան Ապրեսյան, 16 տարեկան

***

«Էհ, ե՞րբ է գալու կիրակին: Գնամ, հասնեմ «Յոթն աղբյուրի» մոտ, կանգնեմ և կես ժամ սպասեմ Ջուլիետին, Դինջ Վհուկին, Գոգուշին և մյուս ընկերներիս: Ու երբ նրանք կհավաքվեն, կշարժվենք «Մեռյալ պողոտայով» դեպի «Վերածննդի պոնչիկանոց»: Ես Դինջի տեղը հաշիվ կփակեմ ու կլսեմ «Հաջորդ անգամ ես եմ վճարելու» նախադասությունը: Բայց ավելի շուտ ես ականջներս կհասցնեմ մինչև բերանս, քան Դինջը հաշիվ կփակի: «Վերածննդի պոնչիկանոցի» մոտից կհասնենք «Կասկադի վերին հարկ», Ջուլիետը կնստի ու իմ հաշվին կանի կերպարվեստի տնայինը: Ամբողջ Կասկադով մեկ կլսվի մեր աղմուկը: Հետո կգնանք Օպերայի բակ, որտեղ հաստատ կհանդիպենք Սերինեին, ու արագ քայլքով կգնանք Հանրապետության հրապարակի մետրո…»:

Այսպիսի անուշ երազանքների գիրկն էի ընկել, քանի որ մինչև հաջորդ կիրակի դեռ վեց դպրոցական օր կար:

Լուսինե Համբարձումյան, 15 տարեկան

***

Երբ մեր տան ժամացույցը չի աշխատում, ես անպայման առաջինն եմ իմանում այդ մասին: Ձեզ տարօրինակ կթվա, բայց իմ սիրած գործերից է գնալ ու մարտկոց գնել: Հետո էլ մեծագույն հաճույքով տեղադրում եմ այն ինձ հարազատ դարձած ժամացույցի մեջ: Սիրում եմ պատուհանից դուրս նայել դեպի մեր բակը և, տեսնելով ավտոտնակներն ու աղբը, պատկերացնել, որ մի օր այդ բակը կլինի մաքուր՝ ծաղկած ծառերով ու ծաղիկներով:

Փորձում եմ համակերպվել «քյառթուների» հետ և հուսալ, որ մի օր նրանք էլ բազմազբաղ կդառնան (միայն պատի տակ չեն նստի):

Սիրում եմ երազել և ապա տեղափոխվել իրականություն. այն իրականություն, որի մեջ ես ապրում եմ, և որն էլ իմ հայրենիքն է:

Շանթ Հակոբյան, 14 տարեկան

***

Ինքնաթիռը դանդաղ իջնում էր:

-Հեսա կհասնենք, մի քիչ էլ դիմացի,- ասաց մայրիկս:

Հանկարծ մենք մի ձայն լսեցինք.

-Սիրելի՛ ուղևորներ, մեր ինքնաթիռը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում:

Ես չէի կարողանում զսպել ուրախությունս: Մի թխկոց լսվեց. ինքնաթիռը վայրէջք կատարեց: Ես ինքնաթիռից դուրս վազեցի և խորը շունչ քաշեցի:

-Իմ հայրենիքը այս է ահա,- ասացի ինքս ինձ:

Նելլի Հարությունյան, 10 տարեկան

***

Առավոտյան վաղ զարթնում էի, դեռ մութ էր լինում: 6:30-ին միայն թռչունների և թութակիս ձայնն էր լսվում: Հավաքում էի պայուսակս, նախաճաշում և դուրս գալիս տանից: Փողոցները դատարկ էին լինում: Բարձր տրամադրությամբ քայլելով հասնում էի դպրոց: Շատ էր դուրս գալիս առավոտյան շուտ տանից դուրս գալը: Դպրոցից վերադառնալիս պայուսակս միշտ նետում էի ծառի տակ և վազում դեպի ցայտաղբյուրը…

Բայց հիմա մի բան այն չէ: Արթնանում եմ ժամը ութին և վազում դպրոց: Հոգնած տուն եմ վերադառնում և զբաղվում տնային հանձնարարություններով: Օրս տխուր է անցնում առանց հարազատներիս: Նրանք մեկնել են Կանադա:

Դավիթ Բաղդասարյան, 12 տարեկան

***

-Մա՛մ, էսօր ի՞նչ ենք ուտելու,- ժպիտը դեմքիս հարցրի:

-Արի՛, քո սիրելի ուտելիքներն են՝ հավ, պիցա, սալաթ:

-Վա՜խ, գալիս եմ: Արագ ուտեմ ու Ռոնիին տանեմ դուրս,- ասացի ես և վազեցի ձեռքերս լվալու:

Երբ զգացի, որ կշտացել եմ, կանչեցի դուրս:

Կապելով նրա պարանոցակապը՝ տարա դուրս: Ես գիտեի, թե ինձ ինչ էր սպասվում դրսում: Դեռ դռնից դուրս չեկած՝ զգացի, որ կորցնում եմ կառավարումս, քանի որ ուզում էի գնալ դեպի ձախ, իսկ նա՝ այդ չարաճճին, քաշեց ինձ աջ: 15 րոպե անդադար ես վազում էի նրա հետևից և «խելոք» գնում այնտեղ, ուր տանում էր ինձ Ռոնին: Ես նույնսիկ մի պահ մտածեցի, որ նա է ինձ դուրս տարել՝ ման տալու: Վերջում, երբ արդեն սկսեց հանգիստ քայլել իմ կողքով, հասկացա, որ շա՜տ է հոգնել: Մենք գնացինք տուն, և Ռոնին անմիջապես գնաց քնելու, իսկ ես՝ ծնողներիս հետ ֆիլմ դիտելու և հանգստանալու:

Շանս ուրախ հաչոցը և վազվզոցը, մայրիկիս ուտեստները, ընտանեկան ուրախ տրամադրությունը, իմ սովորական և արտասովոր առօրյան. հայրենիքը այս է ահա:

Ինեսա Մանուկյան, 14 տարեկան

***

Եղբորս ձայնն արթնացրեց ինձ առավոտյան:

-Բարի առավոտ,- ասաց նա:

-Բարի առավոտ,- պատասխանեցի ես:

Եղբայրս գնաց դասի, իսկ ես մնացի անկողնում և սկսեցի մտածել: Մտածմունքներիս թեման ամեն օր նույնն է: Մտածում եմ, թե ինչ լավ է, որ արթնանում եմ իմ անկողնում, մեր տանը, գնում դպրոց, որտեղ ժամանակ առ ժամանակ հաճելի եմ անցկացնում ժամանակս, հետո՝ պարապմունքների գնալն էլ հաճելի է… Սակայն, ինչպես միշտ, դարձյալ չի հաջողվում մտածել մինչև վերջ, քանի որ գալիս է մայրիկս և ինձ վերջնականապես արթնացնում:

Ալեքսանդր Սարգսյան, 13 տարեկան

2011թ.