Հայրենիքի զինվորները

Հայոց հողը երբեք չի երերում մեր ոտքերի տակ, ուստի կարող ենք մեր լեռնոտ երկրից ժառանգած քարե կամքով պայքարել ու դալար բարդիների պես հասնել միչև երկինք: Ի զորու ենք կուրծքը դեմ անել թշնամուն մի բուռ հողի համար ու հողը վեր դասել մի բուռ շնչից, իսկ նվիրումը` սարսուռից. չէ որ մենք Նժդեհի հաջորդներն ենք ու նրա ոգուց մի մաս ունենք մեր մեջ: Ես զգում եմ նրա շունչը հայորդիների մեջ, նրա կամքն եմ տեսնում այժմ ծառայության անցած երկու եղբայրներիս` Տիգրանի ու Վարազդատի մեջ: Նրանք այժմ կատարում են կյանքում գուցե ամենակարևոր բանը` հայրենիք գնահատելը, սրբացնելը ու այն պաշտպանելը: Զգում եմ հեռավորության ծանր շունչը հոգուս, բայց չեմ երերում:

Մեծ եղբայրս` Տիգրանը, արդեն երկար ժամանակ է, ինչ ծառայում է Արցախում: Գովելի է նրա չկոտրվող ոգին ու հային բնորոշ քաջությունը: Տիգրանին հրաժեշտ տալիս մտածում էի, թե ինչ դժվար կլինի առանց նրա, թե որքան կարոտ կկուտակվի: Միառժամանակ մտքումս անդադար կրկնում էի` ի՞նչ է հայրենիքը մեզ համար: Եվ երբ նրան ամուր գրկեցի, հասկացա, որ հայրենիքը հենց մենք ենք, մեր հոգին և ուժն է, մեր արյունը:

Հուլիսի 24-ն էր: Հարազատները ամենուր գրկում էին մյուս եղբորս` Վարազդատին, ավելի ամուր սակայն մայրս էր գրկել, ու ինձ մի պահ թվում էր, թե եղբորս ուժը ու մորս քնքշությունը կարող են ստեղծել ամուր, երբեք չքանդվող մի պատնեշ թշնամու դեմ: Մոտեցա` ձեռքիս մի փոքր ամանով շաքարավազ, գրկեցի ու լաց չեղա, ինչպես բոլորը սպասում էին: Իմ հոգու ողջ ուժը դրի նրա ուսերին ու ձեռքը ամուր բռնելով խնդրեցի չմոռանալ խոսքերս: Հասցրի մի բան ևս ասել, դրանք Նժդեհի խոսքերն էին այն մասին, որ նա ավելի շատ իր հայրենիքի զավակն է, քանի իր ծնողների: Եղբայրս հասկացավ ինձ: Դա արտահայտվեց ամուր գրկախառնության մեջ: Այդ րոպեին մեզ շրջապատում էին հեռվից երևացող կանաչ սարերը, նրանց դիմացկունությունն էր մեզ շրջապատում: Բարձր բարդին հողի խոսքն ու խրատն էր խառնում օդին: Նա դա անում է ամեն նորակոչիկի բանակ ճանապարհելիս: Երբ մեքենան շարժվեց, ձեռքիս շաքարավազը ցանեցի ճանապարհին. դա խորհրդանշում է քաղցրություն ու քիչ արտասուք: Հավաքվածները երկար նայեցին մեքենայի հետևից: Մայրս մի կողմում կանգնած դեռ լուռ լաց էր լինում:

…Եղբայրս, առանց քեզ օրերը անցնում են անգույն ու անուրախ: Երկինք ուղղված մեր հայացքները ավելի են շատանում: Գիտե՞ս, ես լսում եմ Վանա լճի ալիքների ձայնը սահմանից անդին, մեր մյուս սրտի ձայնն եմ լսում, որի բաբախյուններին է հենվել տառապանքը: Տեսնում եմ երկնքի անվերջ պայքարը, ոսկե հասկերն եմ տեսնում, արժանապարիվ մի հայի եմ տեսնում գերանդին ուսին և նրա ծոռին եմ տեսնում, քեզ՝ սահմանին կանգնած: Դու ես այն հայորդին, ում հայացքի մեջ ամփոփվում է հայրենի տան հիշողությունները, տոկոնությունը ու բարձունքին հասնելու տենչը: Ես հավատում եմ քեզ, չէ որ դու ամեն օր լսելով լեռների ձայնը, կարողանում ես հասկանալ նրանց ցավն ու պահանջը և հզոր կամքի դիմադրումով հետ շպրտում թշնամուն, չէ որ սահմանը քեզ համար քաջություն է: Քաջություն, որ ստիպում է արտասվել ծերերին, որ ստիպում է ինձ գրել, և քաջություն, որը պետք է ներարկել յուրաքանչյուր մանկան մեջ: Նա նոր պետք է հասկանա «զինվոր» և «հայրենիք» բառերի իմաստը, չնայած դրանք այնքան էլ բառեր չեն, այլ քո ափի մեջ ծլարձակած ու ծնողներիդ հավատով թրծված մեկ ուրիշ կյանք է:

Եթե մի օր հարցնեն ինձ՝ ինչ է հայրենասիրությունը, ես կասեմ. զինվորն է, երկինք պարզված մայրական ձեռքերն ու հայրական խրատը: Եթե հնարավոր լիներ սիրտը կարմիր թելի կծիկ դարձրած քեզ համար ձեռնոց գործել, ապա այն կլիներ ամենատաքը:

Եղբայրս, երբ զենքդ տաս քեզ պես մի քաջի ու պարտքդ կատարած հետ դառնաս տուն, ես վստահ եմ, ճանապարհդ պահող մորդ առջև ծնկի գալով, դու շատ կարևոր մի բան կասես: Կասես, որ հայրենիքը կհիշի քեզ, ու դու սրտիդ մի մաս թողել ես այնտեղ` լեռներում, զգալու համար փորձանքն ու կրկին հետ դառնալու:

Բարի արև քեզ, իմ զինվոր եղբայր, որովհետև դու ծայառում ես կամքին, իսկ կամքին ծառայողները հավերժ են: