seda mkhitaryan

Հայրենիք` մեռնելու համար

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

susanna harutyunyan girq erkrord kiraki

Պողոսի հիսուն տարին լրացել էր, եկել էր, որ հայրենիքում մեռնի («Second hand»)։ Նկուղ էր վարձել, խանութ բացել։ Օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է` լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի: Իսկ ապրելու համար մարդուն տուն է հարկավոր։ Բայց եկել էր մեռնելու։ Մի՞թե հայրենիք ապրելու համար չեն գալիս։ Բայց մահվան տառապանքը միայն սեփական երկրի հողի գլխին պետք է թափվի։ Իսկ ապրելուց ստացած հաճույքը պետք է ուրիշ երկրում թողնել։ Սարոյանն ասում էր. «Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես, ինչպես ծնողներիդ»։ Ու մեր հերոսները հիշել են հայրենիքի մասին ոչ թե այն ժամանակ, երբ նա կարիքի մեջ է, այլ երբ իրենք են դժվարության մեջ, ասել է թե` մեռնելու են։

Կյանքի հաճույքը թողած ուրիշ երկրում` Թաթոսն («Հումուս») էլ էր հայրենիքում հող գնել, որ թաղվի։ Բայց Աբոն նրա առաջ դրեց ճշմարտությունը. «Ձեզ ինչի՞ ա թվում, որ դուք հիշողություն ունեք, իսկ հողը չէ։ Հողը չի ընդունի քեզ, Թաթոս, որովհետև դու էս հողի վրա ոչ արյուն ես թափել, ոչ քրտինք։ Էստեղ դու շիրիմ չես դառնա, հումուս ես լինելու, ուրիշ ոչ մի բան, հումու՛ս…»։ Պողոսի թաղվելու տեղում էլ մի քանի մարգ լոբի կարելի էր ցանել։ Ու լոբին կպարարտացվեր Թաթոսից «ստացված» հումուսով։ Թաթոսի համար հայրենիքը Զովունիում հաց ուտելն էր, բարեկամներին տեսնելը ու Հայրենիքի կենացը խմելը։ Այսպիսի հայրենասերների մասին է Վարդգես Պետրոսյանը ասում. « Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով…»։

Պողոսն ավելի «չոր» է, նրա համար հայրենիքը միայն մեռնելու տեղ է։ Նա էլ այս հողի վրա արյուն ու քրտինք չէր թափել, բայց մահվանն ընդառաջ որոշել էր խանութ բացել։ Պողոսը իր բացած խանութի անունը հետը ուրիշ երկրից էր բերել` Second hand։ Ինչպես Սարոյանն է ասել. «Հայերենը հայուն խորհուրդն է»: Բա ափսոս չե՞ն մեր տառերը, որ նրանցով մեռելի շորերի խանութին անուն դնենք։ Մեռելի շորեր. մի պատմվածքում դրանք Պողոսը վաճառում է, մյուսում («Ժառանգություն») մահացած սկեսրոջ շորերը հարսը ուզում էր բաժանել բարեկամներին։ Սկեսրոջ մահճակալը դրել էին անձրև-արևի տակ, որ վրայից իջնի մահացածի տառապանքը, իսկ շորերը կարելի է հագնել։ Բայց Պողոսի վաճառած շորերին ներծծված էին մահացածների հույզերն ու ապրումները։

«Մենք մեռելի շոր վաճառելու սովորություն չենք ունեցել»։ Այսպես մտածող կնոջ նկուղում այժմ այդպիսի մի խանութ է բացված, ու այդ նկուղի համար տրվող վարձը նրա միակ եկամտի աղբյուրն է։ Նկուղի, որտեղ մկների ձայնից բացի այլ բան չէր լսվում։ Այդ նկուղը մի քիչ նման է մեր հայրենիքին, այնտեղ էլ են գալիս նրանք, ովքեր այլևս գնալու տեղ չունեն, գալիս են, որ ապակի ուտեն, վնասեն իրենց աղիքները ու մեռնեն։ Նկուղի սեփականատեր կինը իր մորաքրոջ ամուսնուն նմանեցնում է մկան, որը ապակի է կերել ու վնասել աղիները։ Մորաքրոջ ու հարևանուհու իմաստությունը հուշում է նրան` ամուսնանալ Պողոսի հետ ու մի երեխա հետ գցել, ինչ կա որ. «Ապրելու տարիքն արդեն բաց ես թողել, գոնե կյանքից մի բան փախցնես»։ Բայց ոչ, այս կինը չի սիրում second hand։

Պողոսի համար միևնույն է իր անունը ինչպես կարտասանեն` Բողո՞ս, Փողո՞ս, թե՞ Պողոս։ Նրա անունը իր համար second hand էր, արդեն պիտակը կորցրած։ Իսկ հայրենիքի մարդիկ հազար ու մի օրինակ կարող են բերել, թե ինչպես են անվան պատճառով մարդիկ դժբախտացել։ Նկուղի տիրոջ մորաքրոջ ամուսինը հիշեց, որ իր պապին թուրքերը մորթեցին, որովհետև հրաժարվել էր անունը փոխել։ Երևի նրա պապը օտարության մեջ թաղվեց, իսկ Պողոսը եկել է հայրենիքում մեռնելու։ Պողոսն ինքը second hand էր` քսանմեկերորդ դարի քիմիական մշակում անցած, «այնպիսի մշակում, որ անգամ հային է մոռացնել տալիս իր հայ լինելը…»։ Նա հասցրել էր սեղմել Քենեդու ձեռքը, հասցրել էր ապրել մի ամբողջ կյանք` հիսուն տարի։ Ապրել օտար երկրում, բայց եկել էր հայրենիքում մեռնելու։ Պողոսի մեջ դեռ ապրում էր մարդը, որն ուներ ոսկեգույն ժպիտ, «դառնարյուն, անաստղ բան էր, բայց անշառ էր…»։ Նրա ժպիտը նման էր իր դարակում շարված ոսկեգույն պիտակներին։ «Քանի՞ քիմիական մշակում էր անցել Ամերիկայում ծնված մեծացած նրա ժպիտը, քանի սեր, կին ու երեխա, քանի հույս ու հուսահատություն է հանգել ու քարացել այդ կնճիռների տակ»։ Այնուամենայնիվ դեռ զգացմունք ուներ, դեռ ձեռքերում ջերմություն կար։ Ու ի զարմանս նկուղի սեփականատիրոջ` նրա ձեռքը նույնիսկ հաճելի էր։  Հաճելի էր, բայց second, ու մերժվեց։  Թաթոսի բարեկամները չմերժեցին նրան, դժվար օրերին իրենց կողքին էր եղել, ասել է թե մի քանի կոպեկով օգնել էր հայրենիքին։ Միայն Աբոն, այդ երեք անգամ դատված և հետևաբար անամոթ ու ոչնչից այլևս չվախեցող մարդը համարձակվեց ասել նրան իր ինչ լինելու մասին։ Աբոն, որ ասաց, թե այստեղ չի մնա ու կգնա Ռուսաստան։ Նա գնաց, որ ուրիշ երկրում ապրի իր հանցագործ կյանքը, որ հայրենիքը մաքուր մնա։ Իսկ Թաթոսը թաղման հողն էր նախապատրաստում։ Թաթոսն էլ second hand էր դարձել։ Նա էլ հիսուն տարեկանում եկավ հայրենիք։ Եկավ ավելի իմաստնացած, այնքան, որ արդեն հասկացել էր, որ մի օր մեռնելու է։ Պողոսը հետը օտար անուն էր բերել` խանութի համար, իսկ Թաթոսը` օտար կին։ Բայց կարևորը` Թոխմախում տեղն ապահովագրել էր։ Ու ոչ միայն իր, նաև ազգակիցների։ Ազգակիցների, որոնք Թաթոսի տեղը տոհմածառի վրա դժվարանում էին գտնել, բայց հենց նեղն էին ընկնում, լավ էլ հիշում էին նրա տեղը ու նամակ գրում։ Բայց Թաթոսը իմացավ, որ վերջում հումուս է դառնալու։ Չնայած մահից հետո ի՞նչ տարբերություն` ինչ կդառնաս։ Ու բացի այդ, հումուսը օգուտ կբերի, իսկ շիրիմից ի՞նչ օգուտ։ Բայց չէ որ մահն էլ են վաստակում («Երթևեկություն»), շիրիմ դառնալն էլ պիտի վաստակես։ Ու հայրենիքում թաղվելն էլ պիտի վաստակես։ Ու պիտի վաստակես անկախ նրանից` հայրենիքում ես ապրում, թե դրա սահմաններից դուրս։ «Խեր, շառ, Աստված» պատմվածքի մեջ Վարդանի հանդիպած մեռելն էլ հայրենիքում էր ապրել, բայց ափսոս էր հողը, որում նրան թաղելու էին։ Նրանց համար կարևոր էր մեռնել ու թաղվել հայրենի հողում, բայց հողին հարցրել ե՞ք, ինքը ձեր կարիքն ունի՞… Ունի, իհարկե, բայց ձեր կենդանի ժամանակ, այն ժամանակ, երբ կարող եք քայլել իր վրա, այլ ոչ թե գալ ու հանգիստ պառկել նրա մեջ` ձեզնով էլ ավելի ծանրացնելով առանց այդ էլ ծանր հողը։