Nona

Հայրիկիս ֆոտոապարատը

Հայրս գտվում է Ռուսաստանի Դաշնությունում: Նա, ինչպես շատ-շատ հայրիկներ, ապրում է այնտեղ: Մենք ամեն օր զրուցում ենք Սքայփով, և ես նրան պատմում եմ ամեն ինչ, ինչ ինձ հետ կատարվել է: Ոգևորված պատմում էի, «Մանանայի» դասընթացների և այդ կազմակերպության մասին՝ թե ինչպես են իմ նյութը կարդացել և այլն: Հայրս ուշադիր լսում էր, և հանկարծ նկատեցի նրա դեմքին ժպիտ և նա ասաց.

-Աղջիկս, ես օրեցօր հասկանում եմ, թե դու ինչքան ես նմանվում ինձ: Ես նույնպես քո տարիքում շատ էի հետաքրքրվում և ուսումնասիրում  այդ մասնագիտությունը, և ինձ արդեն պատկերացնում էի այդ ոլորտում: Բայց, ցավոք, ես չշարունակեցի այդ ուղին և սովորեցի  իրավաբանական ֆակուլտետում:

-Պա՛պ, ինձ նույնպես շատ հետաքրքիր է այդ մասնագիտությունը: Ես շատ եմ ուզում ունենալ ավելի բազմաֆունկցիոնալ լուսանկարչական ապարատ:

-Է~հ աղջիկս, քո հայրը առաջիններից է եղել, որ ունեցել է այդպիսի ֆոտոխցիկ` «Զենիթ» արտադրանքի` դա այն ժամանակվա ամենաթանկ լուսանկարչական ապարատն է եղել:

-Պա՛պ, դե մի քիչ պատմի. ո՞նց առար էդ ապարատը, ի՞նչ էիր նկարում:

-Փող եմ հավաքել ու առել եմ ապարատը 120 ռուբլով: Նկարում էի գյուղը: Հետո ինձ տարան բանակ: Ես շատ էի ուզում ապարատս հետս տանեի, չնայած, որ բանակում չէին թողնում նկարել: Մի խոսքով, ապարատս վերցրեցի հետս: Ծառայել եմ Ռուսաստանի ամենածայրամասային ու ցուրտ մասում` Չուկոտկայում: Այ, էդ էն տեղն ա, որ ասում են` 6 ամիս գիշեր ա լինում, 6 ամիս ցերեկ,  մի օրվա մեջ 2 անգամ արևածագ` ամռանը իհարկե: Իրականում էդքան էլ տենց խիստ չի այդպես` վեց ամիս գիշեր- վեց ամիս ցերեկ, այսինքն ձմեռները լույս ընդամենը մի քանի ժամ էր լինում, իսկ ամռանը միշտ լույս էր, ամառային գիշերներին ասում էին  «սպիտակ գիշերներ»:  Էդ բոլորը ինձ համար շատ արտասովոր էր, ու ես նկարում էի ամեն բան, ինչ ինձ հետաքրքրում էր: Անգամ նկարել եմ Բևեռափայլը, որը մեզ մոտ մի քանի անգամ եղել է: Լսե՞լ ես դրա մասին, ուղղակի հրաշք, աննկարագրելի գեղեցկություն էր:

Մենք բանակում ջուր չունեինք և դրա համար բարձրանում էինք սարերը, որպեսզի ձյուն բերենք և հալեցնենք: Այդպիսի բան երբեք չէիր կարող տեսնել` զինվորները` դեմքերը սառցակալած, անգամ հոնքերին եղյամ պատած: Այդպես շարքով ձյունը շալակներիս գնում էինք: Եվ հանկարծ, մի շատ ցուրտ օր, հրամանատարը բռնացրեց ինձ նկարելուց: Չգրված օրենքով պիտի ջարդեր ապարատս: Բոլոր զինվորները շունչները պահած սպասում էին: Միակ ապարատն էր զորամասում: Հանկարծ նա վերցրեց ապարատս ու ասաց.

-Իմ ապարատը քոնից լավն ա:

Բոլորը հանգիստ շունչ քաշեցին. նա նույնպես շատ էր սիրում լուսանկարել ու հասկացավ ինձ: Բայց վերցրեց ապարատս և ասաց, որ տուն գնալուց կտա:  Նա ինձ հետո մի քանի խորհուրդ տվեց լուսանկարելու համար. «Եթե ուզում ես, որ ֆոտոդ լավը լինի և երկար տարիներ հիշես, պետք ա հանկարծակի նկարես»: Մեր բախտը բերեց, որ նա շուտ գնաց տուն, և ընդամենը 1 շաբաթ հետո տղաները գողացել ու բերել էին այն, որովհետև եթե իմ ապարատը չլիներ, ոչ մեկը ծառայության տարիներից նկար չէր ունենա:

Ես հասա իմ ուզածին և գտա հորս «Զենիթը».  դա ինձ համար մեծագույն հաճույք էր և միևնույն ժամանակ, հպարտություն: Չէ որ այս ապարատը անցել է բազմաթիվ դժվարություններով և այժմ գտնվում է իմ ձեռքերում: Երբ հայրս տեսավ իր ֆոտոխցիկը, մի ակնթարթում  նրա աչքերի առջև երևացին բոլոր արկածները և լուսանկարները: Հավատացեք, ես դա զգացի:

Հ.Գ. Դեն մի՛ նետեք ձեր հին իրերը, որոնք հաճելի հիշողություններ են արթնացնում, քանի որ այն կարող է  շատ տարիներ հետո ձեզ  ու  մնացածներին ուրախացնել և երջանկություն պարգևել: