Hayk Qalantaryan

«Հայ ասպետյան» օրագիր

Մեկ տարի առաջ մտա «Հայ Ասպետի» դպրոց: Դե, կարելի է ասել, որ այսօր դարձա մեկ տարեկան: Մտածում էի՝ «Հայ Ասպետի» որ առավելության մասին խոսեմ, ու միանգամից մտքիս եկավ Ջերմուկի ճամբարը, որին մասնակցում էին կիսաեզրափակիչ անցած թիմերը: Երբ մասնակցության հայտն էինք լրացնում, ես միայն մեկ նպատակ ունեի, անդիմադրելի փափագ. տեսնել պատմական հայրենիքս, զգալ էդ օդը, Արածանու համով ջուրը խմել, Անին գրկել: Հա, հա, գրկել. Անիի սերն ուրիշ ա, Անին անբացատրելի ա… Երբ զանգեցին ու ասացին, որ անցել ենք հաջորդ փուլ ու գնում ենք արշավի, մտքումս ասացի. «Ջան, Ջերմուկում դեռ չեմ եղել ու վերջապես կմնամ վրանում»: Բայց արշավի հենց առաջին օրվանից բոլոր պատկերացումներս փոխվեցին: Մենք ընկել էինք ուրիշ աշխարհ: Շատ բան կա պատմելու, այց առաջին հերթին ուզում եմ խոսել ընկերությունից, մարդկանց հետ շփման կետը գտնելուց ու, որքան հնարավոր է, իրենցից սովորելու մասին, որը մենք սկսեցինք լավ գիտակցել Հայ ասպետի շնորհիվ:

Առաջին օրը ընկեր Սամվելն ասաց, որ մնալու ենք վրաններում, քնապարկի մեջ ենք քնելու, ապրելու ենք զինվորի կյանքով, փորձություններ ենք հաղթահարելու: Դե, ջան, այ, թե ինչ ասել է՝ «ջիջիլ գցել»: Երևի թե ամենադժվար փորձությունը քունն էր: Ջերմուկում գիշերները շատ ցուրտ էր լինում, ասես այսբերգները հավաքվել էին, որ մեզ վրա ծիծաղեն: Ու գիշերվա 4-ին ամենամրսկաններով հավաքվում էինք խարույկի մոտ ու… Ու քանի որ շատ հոգնած էինք ու մրսած, իրար գրկում էինք, ծածկվում ու քնում կրակի մոտ: Թվում էր, թե իրար մարմնից փորձում ենք գողանալ էն եղած 36.6 ջերմաստիճանը: Իսկ երբ զարթնում էինք, ճամբարի կեսը դեռ քնած էր, դե, մենք էլ, քանի որ չէինք կարող լուռ նստել, սկսում էինք բանավիճել, ու երբ կրքերը թեժանում էին, Մարիետ տատին զարթնում ու աղջիկներին ուղարկում էր կարտոֆիլ մաքրելու, տղերքին էլ՝ ցախ հավաքելու: Հավատացեք, նույնիսկ դա էր հաճելի, երբ մենք էինք անհրաժեշտ գործերը կատարում, մեզ հասուն մարդ էինք զգում:
Ցերեկները հավաքվում էինք անտառում ու սկսում զրուցել: Խոսելու ունակությունը կորցնելու չափ խոսում էինք, քննարկումներ անում, մեր ծրագրերից խոսում, ու ես, նայելով երեխեքի աչքերին, տեսնում էի կայծ, անսահման նվիրվածություն հայրենիքին, հանուն հայրենիքի կյանք (Էդ սերը ավելի ամրապնդեց, արմատավորեց հենց «Հայ ասպետը»): Երեկոյան սկսվում էր ամենահաճելին՝ խարույկ, կիթառ, երգ, պար, խաղեր: Ու հենց խարույկի մոտ էր, որ սկսվում էին Կարին Տոնոյանի զրույցները: Ու ամեն անգամ իրեն լսելով՝ ես հասկանում էի, որ մեր ազգին ոչ միայն Մոնթեներ, Նժդեհներ են պետք, այլև Կարին Տոնոյաններ: Դա հասկանալու համար պետք է լսել նրան գեթ մեկ ժամ, որովհետև իրեն մեկ ժամ լսելը համարժեք է մի հաստափոր գիրք կարդալուն, այն էլ՝ բոլոր էջերը հատ առ հատ անգիր անելով: Իսկ օրվա ընթացքում մեզ անընդհատ օրինակ էր ծառայում իր բոլոր մարդկային հատկանիշներով և գործողություններով:
Խարույկից հետո էլի քնի ժամն էր. էլի նույն մրսելը, իրար գրկելով տաքանալը, կողքինիդ «խռռացնելը»… Բայց կարոտել եմ ամեն ինչ, էդ ամեն ինչը չի փոխվի ոչնչի հետ:
Ու ամենակարևորներից մեկը. նախավերջին օրը պետք է գնայինք Գնդեվանք, ոտքով, 38 աստիճան շոգ, թեյի վերածված ջրեր, դժվար ճանապարհներ: Բայց հենց էդ պահերին է, որ դու սովորում ես մարդ լինել. երբ անցնում ես մի արգելքի վրայով ու օգնում ես, որ հետևից եկողն էլ անցնի, ու էդ պահին, երբ նայում ես դիմացինիդ աչքերի մեջ, ակամա ժպտում ես, միանգամից ավելի ես մտերմանում, քեզ էդ պահին մարդ ես զգում, հասկանում ես, որ էդ ամենամեծ հաճույքն է: Իսկ հետո իրար ձեռք բռնած քայլում եք, իսկ հաջորդին ինքն է քեզ օգնում, որ դու հաղթահարես դժվարությունը: Երբ, օրինակ, շշի տակի մի պուտ ջուրն է քեզ հետ կիսում, ու էսպես շատ բաներ, ու բոլորս իրար օգնելով: Ու վերջում էլ նստեցինք գետի մոտ ու մեր ճաշը կերանք՝ հալած պանիր, հաց, ձմերուկ… Իդեալական է, չէ՞:

Այս ամենը մի չնչին մասն էր «Հայ Ասպետի» «դասերի»: Ամենակրևորը այն գիտելիքների մեծ պաշարն էր, որ ստացանք նրանից: Վերջում էլ նշեմ, որ այդ օրերին ձեռք բերած մեր ընկերների հետ կապերը հիմա էլ ամուր է:
Սիրում եմ քեզ,Հայ Ասպետ