Հայ-բելգիական ծրագիր. “Exploring the world through the lens of camera” օր վերջին` տասնչորսերորդ

-Էս դրամապանակը` թեն հաուզընդ դրամ, իսկ էս վզնոցը` ֆոր հաուզընդ ֆայֆ հանդրիդ դրամ։ Թարգմանի, թող իմանան, ազի՛զ։

-Առավոտը սկսվեց Վերնիսաժում, որտեղ բելգիացի ընկերների հետ փնտրում էինք հայկական մշակույթը խորհրդանշող նվերներ։ Երկարատև փնտրտուքներից հետո, վերջապես մեզ հաջողվեց գտնել այն, ինչ փնտրում էինք։

-Վերջին անգամ է, որ կբարձրանանք «Մանանա» տանող աստիճաններով,- տխուր ասաց Յիթսեն։

-Վերջ, վերջ, մի՛ տխրիր։ Էլի կվերադառնանք Հայաստան,-պատասխանեց Վալերիան

-Աղջիկնե՛ր, մի շտապեք տխրել։ Դեռ ունենք ժամեր՝ միասին անցկացնելու համար։

«Մանանա» ներս մտնելուն պես հայտնաբերեցինք մյուս մասնակիցների հոգնած, բայց  աշխատանքային դեմքերը։ Անին սովորության համաձայն սուրճ էր խմում ու երջանիկ էր, որ ավարտել է իր նախագծի հայերենից անգլերեն թարգմանությունը, Էլզան ու Զառան էլի վիճում ու բողոքում էին, որ պիտի ֆոտոպատմություն սարքեն, Օրիենը իր վերջին ֆոտո-գլուխգործոցներն էր ցույց տալիս Դիանային, Աննան քնած էր, որովհետև գիշերը չէր քնել, որպեսզի ավարտեր օրվա օրագիրն ու նախագծի թարգմանությունը, Սոնան աստիճանների վրա մտազբաղ նստած նամակ էր գրում, Մարիամը ինչպես միշտ տեխնիկական հարցերով օգնում էր բոլորիս, Լիոն ու Ռոուինը թղթեր էին լրացնում, Հովնանը կարգավորում էր ամենը, ինչ կապված էր պրեզենտացիայի հետ, Մորենը, Յիցեն, Վալերիան ու Լենկան միմյանց ցույց էին տալիս իրենց հարազատների համար գնած նվերները, Լիլիթն ու Ամալյան լուռ նստած էին, Սուրենը իր վերջին հոդվածի կարծիքներն էր կարդում, Մարիամը, Եվան ու Ինեսան բացակայում էին, իսկ Արմանը և Ռևդուանը ՝ ուշանում։ DSC05984

Ես որոշեցի գնալ և արթնացնել Աննային, որովհետև շուտով լանչ էր, բայց գնացի և չվերադարձա Կիկոսի պես, որովհետև ես էլ էի քնով անցել։ Մեզ արթնացրեց Ռոուինի կանչը, որ պրեզենտացիայից առաջ ցանկանում էր ամփոփել 2 անմոռանալի շաբաթը։ Նա պատրաստել էր 3 արկղիկ, որոնց մեջ պիտի առանձնացնեինք  2 շաբաթվա ամենակարևոր պահերը, այն ամենը, ինչից դժգոհ ենք և այն, ինչ սովորել ենք այս օրերի ընթացքում։ Առաջին տուփում շատերս որպես կարևորություն ներկայացրել էինք ընկերությունը և վորքշոփները, երկրորդ տուփում, որ պիտի լսենք միմյանց, իսկ երրորդում ՝ կոնֆլիկտների լուծման այլ եղանակները և ավանդական ուտեստների պատրաստման տարբերակներ սովորելը։

Պրեզենտացիային ներկայացրինք 4 տարբեր նախագծեր։ Առաջինը գյուղական խնդիրների մասին էր, որի շրջանակում հոդվածներ ու հարցազրույցներ էինք պատրաստել, երկրորդ խումբը ՝բանակի, որի մասին փոքրիկ վիդեոռեպորտաժ էր նկարել, երրորդը՝ կնոջ և տղամարդու տարբերության մասին ֆիլմ, իսկ չորրորդը խումբը  Գյումրու տնակներում ապրող մարդկանց մասին նյութեր ու ֆոտոպատմություն էր սարքել։ Ամեն ինչ բարեհաջող ներկայացնելուց հետո, դիտեցինք մեր երկու շաբաթը ներկայացնող ֆիլմերը ու լուսանկարները։

Բոլորս այնպես էինք կապվել միմյանց հետ, որ դժվարությամբ էինք ցանկանում մոտենալ իրար ու գրկել։ Շատ էինք կապվել, չէինք ցանկանում հավատալ, որ ամեն ինչ ավարտվեց։ Կարոտելու ենք Մարիամի՝ « Ո՞վ է էսօր գրում օրագիրը» արտահայտությունը, Ռևդուանի «Բարև, ախպերս, ի՞նչ կա»-ն, Սոնայի՝ « Դուք մտեք լողացեք, մեկ ա՝ ես ուշ եմ քնում, կլողանամ»-ը, Էլզայի «մուննաթ» դեմքը, որն ուներ ընդամենը մի ուղերձ․ «Թեթև ապրեք, ա՜յ մարդ», Ամալյայի հոգեբանական խաղերը, Մարիամի «Կոշիկները մի գծով շարեք, թե չէ՝ ես եմ դասավորելու» պերֆեկցիոնիստական մտքերը, Արմանի « Ա՜, Վալենտինա ջան, թող ապրենք, էլի, ի՞նչ ես ուզում»-ը, Օրիենի «Օկե»-ն, Եվայի, Անիի, Ինեսայի թեյի սեղանի շուրջ կանչող երեկոները, Վալերիայի «Հա՜»-ն, որը մեզ հիշեցնում էր Էլիդա տատիկին, Մորենի արտիստիկ խոսքը, Յիթսեի փակ ու ժպտուն աչքերը և երջանկությանը նայող հայացքը, Աննայի՝ «Արի, գնանք լողանանք, որ թեյ խմենք, նյութ գրենք ու քնենք»-ը, Լենկայի ռեպը անսահման սիրելու կարողությունը, Դիանայի՝ «Նորմալ հաց կեր, ուշադիր նայում եմ, որ 3-ին չասես՝ սոված եմ, ի՞նչ կա ուտելու»-ն, Հովնանի «Է, բաժակի պոչից բռնի, որ չվառվես» լուրջ-լուրջ դեմքը, Լիոյի «Երեխե՜ք» սիրով լցված բացականչությունը, Ռոուինի հայերեն շնորհակալությունները, Սուրոյի «Ամեն ինչ պատրաստ ա Բելգիա գնալուս համար, տոմսը առել եմ, վիզայի թղթերը պատրաստել եմ, մենակ մնացել ա մտնեմ դեսպանատուն»,  Լիլոյի՝ «Խելյուքիգե վեղիաակդախ» հոլանդերեն ծնունդի շնորհավորանքը և տիկին Ռուզանի ու պարոն Արայի ծնողական սերը յուրաքանչյուրիս հանդեպ, անսահման հոգատարությունը,  անեզր ջերմությունը։ Այս ամենը  միայն վկայում է հայ բելգիական ոսկե հարաբերությունների մասին։ DSC_5391

Առաջին անգամն էր, որ մասնակցում էի փոխանակման ծրագրի ու առաջին անգամն էր, որ ծրագրից հետո դժվար էի պատկերացնում բաժանումը։ Բոլորին գրկելիս միայն լալիս էի, ու չէի ուզում դուրս գալ շենքից։ Չգիտեմ, ինչ տարօրինակ զգացողություն էր, երբեք այդքան հուզված չէի եղել։ Մի կողմից՝ կարոտել էի ընտանիքս, ու գիտեի, որ հայրս կարոտած սպասում էր ինձ ներքևում, մյուս կողմից՝ չէի ուզում զգալ կարոտ մյուս ընկերներիս հանդեպ, ովքեր պիտի վերադառնային Բելգիա։DSC05582

-Վա՜յ, Երևանում ենք մենք, հեսա դու էլ պիտի գաս սովորելու։ Մեր հետևից ինչի՞ ես լացում,-լսվեց Մարիամի ու Դիանայի ձայնը։

-Չգիտեմ, է,- սկսեցի «ղզիկանալ» ես։ 

Իսկ հիմա հայ-բելգիական հարաբերությունների շրջանակում հայտնի դարձած՝ երևի that’s enough: