Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Հայ-բելգիական “exploring the world through the lens of camera” ծրագիր. օր տասներեքերորդ

Սկսվեց հայ-բելգիական փոխանակման ծրագրի վերջին լիարժեք օրը։ Սովորական ժամին՝ 10։00-ին, արդեն «Մանանայում» էինք։ Բոլորս էլ կիսատ նախագծեր ունեինք, որոնց վրա դեռ պետք էր աշխատել։  Ամեն մեկը մի հարմար անկյունում՝ սեղանի շուրջ, պատշգամբում, հատակին նստած, զբաղված էր իր գործով։ Մի խումբը վիդեո էր մոնտաժում իր ապագա ֆիլմի համար, մյուսը՝ հարցազրույցներ գրում, մի երրորդն էլ թարգմանությամբ էր զբաղված։

Մի խոսքով, ակտիվ աշխատանքային մթնոլորտ էր, որտեղ ամեն մեկը գիտեր իր անելիքը։

Մեր հագեցած աշխատանքային օրը ընդհատվեց ոչ պակաս հագեցած լանչով, որից հետո նորից վերադարձանք «Մանանա» կենտրոն՝ շարունակելու մեր աշխատանքը։

Այնքան հաճելի էր ամենուր տեսնել ինչ-որ բանով զբաղված մարդկանց՝ մի նպատակի շուրջ հավաքված։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Հիմա անդրադառնամ օրվա՝ ինձ համար թերևս ամենակարևոր մասին՝ հանրահավաքին։  Այսօր՝ օգոստոսի 17-ին,  լրանում էր վարչապետի կառավարման 100 օրը։ Ինչպես գիտեք, հեղափոխության օրերին այստեղ չեմ եղել, որի մասին մոռանալ մի տեսակ չեմ կարողանում։ Կարծում եմ արդեն հասկանալի է, թե ինչքան ոգևորված էի՝ իմանալով, որ վերջապես հնարավորություն եմ ստանալու ոչ թե ուղիղ եթերով, այլ անձամբ ներկա գտնվելու հանրահավաքին։ Բոլորը դեպի հրապարակ էին ուղևորվում՝ ուրախ կոչերով, երգերով, դրոշներով ու «դուխով» գլխարկներով։ Աննկարագրելի էր ոգևորությունս, երբ լսեցի այդքան հարազատ դարձած ողջույնի ձևը՝ «Սիրելի՛ հայրենակիցներ,  Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ»։  Մի խոսքով, հանրահավաքը հրաշալի էր և ինչ-որ չափով կարողացավ լրացնել հանրահավաքին մասնակցած չլինելու բացը։

SuroHanrahavaq

Եվ այսքան ոգևորված գնացինք ընթրելու, որից հետո՝ «Մանանա»,  մեր բելգիացի ընկերներից մեկի՝ Ռեդուանի ծնունդը շնորհավորելու։ Մի փոքրիկ տորթ ունեցանք, մի քիչ խաղացինք և ուղևորվեցինք դեպի հյուրատուն՝ ավարտին հասցնելու մեր 13-րդ օրը ճամբարում։

Աննա Անդրեասյան

It was the second day in the village. We were starting to clean up the old church for the ceremony. We had colorful gloves and when I started to clean I saw pretty big beast and I asked to everyone around me what it was. It found out it was a large spider. Nobody wanted to touch it in. Orean walked by and i stopped her to ask her that she would put up the spider and put it on my bag. She did. After that all the people who knew it was in my bag run away from me especially Hovnan. I found out he was really afraid of spiders.

Morane Peeters

Դա երկրորդ օրն էր, ինչ մենք գնացել էինք գյուղ՝ հյուրընկալ ընտանիքներում մնալու: Մենք պետք է գնայինք Սուրբ Աստվածածին եկեղեցին մաքրելու և հասարակական կամավորական աշխատանք կատարելու: Մենք սկսեցինք մաքրել հին եկեղեցու տարածքը մյուս օրվա Աստվածածնի վերափոխման տոնի համար:

Մենք ունեինք գունավոր ձեռնոցներ, և երբ ես սկսեցի մաքրել, տեսա հիասքանչ և մեծ կենդանի: Ես հարցրի ամեն մեկին, ով իմ շրջակայքում էր, թե ինչ կենդանի է: Պարզվեց, որ մեծ սարդ է: Ոչ ոք չէր ուզում դիպչել այդ գեղեցիկ կենդանուն: Օղյենը քայլում էր իմ կողքով, ես կանգնեցրի նրան և խնդրեցի, որ վերցնի այդ մեծ սարդը և դնի իմ պայուսակի վրա: Նա արեց դա: Դրանից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեին, որ սարդը իմ պայուսակում է, փախչում էին ինձնից և վազում հեռու, հատկապես Հովնանը: Այդ ժամանակ ես հայտնաբերեցի, որ նա իսկապես շատ է վախենում սարդերից:

Գրի առավ` Ամալյա Հարությունյանը: