Kristina Epremyan

Հայ կնոջ ամուր և անկոտրում ոգին

Մորաքույրս՝ Խաչատրյան Աննան, Երևանի բնակիչ է։ Նա ծնվել է Անիի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Սարակապ գյուղում։ Գյուղը սահմանակից է Թուրքիային։

-Մորաքույր, որտեղի՞ց են Ձեր արմատները։

-Պապս և տատս Անիի տարածքից են (այժմ՝ Թուրքիայում): Տատս մեզ միշտ պատմում էր 1918թ-ի՝ Սարդարապատի ճակատամարտի փախեփախի մասին, որի անմիջական մասնակիցը հենց ինքն է եղել:
Այդ ժամանակ նա եղել է 30-36 տարեկան։ Ունեցել է մեկ աղջիկ։ Պապս գտնվել է ԱՄՆ-ում՝ Կոլումբիա քաղաքում։

-Իսկ ինչու՞ էր Ձեր պապը ԱՄՆ մեկնել։

-Նա գնացել էր արտագնա աշխատանքի։ Գյուղում այդ տարիներին մարդիկ այնքան էլ լավ չեն ապրել։ Տատս ասում էր, որ գյուղի տղամարդիկ հավաքվում էին և փորձում աշխատանք գտնել երկրից դուրս՝ գյուղում թողնելով կանանց ու երեխաներին։

-Հետաքրքիր է։ Իսկ ի՞նչ է պատմել Ձեր տատը հենց 1918թ-ի դեպքերի մասին:

-Քանի որ իրենց գյուղը գտնվում էր Անի քաղաքին շատ մոտ, մինչև կոտորածը, թուրքերի կողմից բազմիցս ենթարկվել էր հարձակումների։ Հիշում եմ տատիս խոսքերը․ «Գիշեր էր։ Թակեցին մեր տան դուռը։ Ալեքսանը՝ պապուդ եղբայրը, բացելով այն, տեսավ իր թուրք ընկերոջը, ով թաքուն եկել էր հաղորդելու թուրք հրոսակախմբերի մոտալուտ հարձակման մասին։ Նա զգուշացրեց րոպե առաջ լքել գյուղը, որպեսզի անզեն ժողովուրդը սրի չքաշվի։ Ալեքսանը որոշեց գնալ փաշայի մոտ բանակցությունների՝ իր հետ վեցնելով իմ ոսկեղենի մեծ մասը։ Նա պիտի ժամանակ խնդրեր փաշայից, ժողովրդին գյուղից դուրս հանելու համար։ Փաշան տվել էր մի քանի ժամ ժամանակ։

Հորերը, որոնք լիքն էին ցորենով, ծածկել էի աղբանոցի աղբով, որ հետ վերադառնալուց հաց ունենանք։ Սելերի վրա տեղավորեցինք այն, ինչ հնարավոր էր, և ճանապարհվեցինք դեպի Էջմիածին։ Ծերերը մնացին գյուղում, նրանք հրաժարվում էին լքել իրենց գյուղը։ Ալեքսանը՝ թողնելով մեզ, միացավ Անդրանիկի զորքին (Անդրանիկ Զորավար): Փախուստի ճանապարհը շատ դժվար էր։ Ինձ հետ էր մեր հարևանի հարսը իր նորածին երեխան գրկին։
Ճանապարհին ջուր տեսնելով կանգ առանք։ Բոլորը ուժասպառ էին։ Մի փոքր հանգստանալուց հետո շարունակեցինք ճանապարհը։ Բավականին առաջ էինք գնացել, երբ հանկարծ շրջվեցի և նկատեցի, որ նորածինը մոր գրկում չէ։ Հարցրի՝ ուր է երեխան, իսկ նա ասաց, որ իրեն հազիվ է քարշ տալիս, և երեխային թողել է ջրի ափին։ Ես կանգնեցրի այդ բոլոր սելերը, ամբողջ ճանապարհը ոտքով հետ գնացի ու վերադարձրի երեխային՝ բարկանալով մոր վրա։

Դժվարությամբ հասանք Էջմիածին։ Երևան տանող ճանապարհը փակ էր, իսկ հետևից գալիս էր թուրքի ոհմակը։ Անձրև էր, ցուրտ։ Ինձ հետ էր նաև իմ երեքամյա աղջիկը՝ Լիան, ով շատ հիվանդ էր։
Բոլորս հավաքվել էինք եկեղեցու մոտ, բայց մեզ ներս չէին թողնում՝ դարպասները փակ էին։

Ականատես եղանք Թումանյանի այն պատմությանը, երբ նա կաթողիկոսին բացել տվեց եկեղեցու դռները և մեզ ներս տարավ։

-Իսկ այդ ի՞նչ պատմություն էր։

-Կաթողիկոսը հեգնանքով ասել է նրան. «Դու գիտե՞ս, թե ում հետ ես խոսում։ Ես Ամենայն Հայոց կաթողիկոսն եմ», իսկ Թումանյանը պատասխանել է՝ «Ես էլ Ամենայն Հայոց բանաստեղծն եմ։ Պետք է մտածել այս ժողովրդի մասին»։

Այսպես բացվել են եկեղեցու դռները, և մարդիկ խուճապահար ներս են լցվել։

-Իսկ հետո՞, հետո ի՞նչ եղավ։

-Տատս հիշում էր. «Մեջքիցս հանեցի ոսկե գոտիս, որ մի կտոր հաց կարողանամ գնել երեխայիս համար։ Երկու օր հետո աղջիկս՝ չդիմանալով ցրտին ու սովին մահացավ։ Նրան թաղեցինք հենց Սուրբ Գայանե եկեղեցու բակում։
Ժողովուրդը խուճապի մեջ էր։ Ողջ Էջմիածինը լի էր գաղթականներով՝ մեծ ու փոքր՝ իրար վրա լցված։ Մարդիկ ջանում էին փախչել, հեռանալ, փրկվել… Հանկարծ մի ձիավոր հայտնվեց, մի հայ կին։ Սուրը ձեռքն էր առել և կոչ էր անում. «Տղամարդի՜կ, վեր կացեք, մի՞թե պիտի թողնեք ձեր կանանց ու երեխաներին սրի քաշեն։ Ուշքի եկե՜ք, պիտի պայքարել, ոչ թե փախչել…»։ Նա կարծես մի արիական ոգի դրեց բոլորի մեջ։ Բոլորը ոտքի ելան, զենք առան ու գնացին դեպի պայքար։

-Իսկ ի՞նչ եղավ Սարդարապատի ճակատամարտից հետո։

-Տատս շարունակում է. «Մինչև ճակտամարտի ավարտը մնացինք Էջմիածնում։ Հաղթանակից հետո, երբ արդեն ամեն բան գրեթե հանդարտ էր, վերադարձանք գյուղ. բարեբախտաբար այն չէր անցել թուրքերի տիրապետության տակ։
Գյուղի տեսարանը ամենասարսափելին էր։ Ծերերը և նրանք, ովքեր չէին հասցրել փախչել, դաժանաբար սպանվել էին, մորթվել։ Նրանց մարմինները լցված էին թոնիրների, ցորենի հորերի մեջ։ Մի մասին էլ հավաքել էին ու այրել մարագներում»։

Տատս դրանից հետո ունեցել է վեց երեխա, որոնց պահել են մեծ դժվարությամբ, կարելի է ասել՝ չքավորության մեջ։

Միշտ հիշում էր այս դեպքը, պատմում էր, որ մենք էլ իմանայինք, թե ինչ են արել մեր ժողովրդին։

Պատմում էր հայ կնոջ ամուր և անկոտրում ոգու մասին։ Եվ հիմա էլ մենք, այսքան տարի հետո, տեսնում ենք նույն վայրագությունը, կարծես վերապրում այն, ինչ եղել է մեկ դար առաջ։