arxiv

Հայ տղերք

Ժամանակի զոհը

Նա հագավ սև վերնաշապիկը, սև շալվարը և սրածայր կոշիկները, մի քանի տետր խոթեց շալվարի գոտու մեջ ու դուրս թռավ տանից։ Վազելով, ավելի ճիշտ՝ թռչելով, հասավ դպրոցի շենքի մոտ և նկատեց իրենց դասարանի տղաներին, որոնք խմբվել էին մի անկյունում։ Նա կանգ առավ, վերնաշապիկի օձիքը բարձրացրեց, դրեց սև ակնոցը և դեմքին ինքնավստահ արտահայտություն տալով՝ շարժվեց դեպի տղաները։ «Կարևորը համարձակությունն է,- համոզում էր նա ինքն իրեն,- մի քիչ համարձակ լինեմ, նրանք ինձ հաստատ կընդունեն»։ Նա մոտեցավ տղաներին և արհամարհանքով ասաց․

-Ի՞նչ եք ըստեղ կուչկվել, հեսա շախերը կգան։

Խմբից զարմացած ձայներ լսվեցին․

-Պա՜հ, զարգացել է Ճուտը։

-Հլը սրա սարոշկե՜ն, սրա կոշիկնե՜րը, մազե՜րը․․․

-Սկի սումկա էլ չի բերել, մալադեց, Ճուտ։

-Արա, բայց ճիշտ ա ասում, հելանք դասարան։

Առաջին ժամը ֆիզիկա էր։

-Արա՛մ, դասդ սովորե՞լ ես,- կատաղած ցուլի պես փնչացնելով՝ հարցրեց ֆիզիկայի թիզուկեսանոց ուսուցչուհին։

Արամը ցանկանում էր պատասխանել, որ սովորել է, բայց տեսնելով տղաների՝ իրեն ուղղված հարցական հայացքները, կտրուկ պատասխանեց․

-Չէ։

-«Երկուս» ես ստանում,- բղավեց ֆիզիկը,- երկու հատ։

Արամը, դեմքին արհամարհական ժպիտ խաղացնելով, նստեց, բայց իրականում սրտից արյուն էր կաթում։

Զանգը հնչեց, և երեխաները գնդակի նման դուրս թռան դասարանից։ Արամն էլ էր ցանկանում դուրս գալ, բայց ինչ-որ բան հիշելով՝ մոտեցավ դասընկերուհուն։

-Լո՛ւս, «Ռեալն» ի՞նչ արեց։

-Ցավոք, հաղթեց,- բարկացած պատասխանեց աղջիկը, իսկ հետո ուրախ ավելացրեց,- բայց հո «Բարսելոնան» ու «Յուվենթուսն» էլ հաղթեցին, իսկ «Չելսին» արդեն չեմպիոն է․․․ Բայց ինչո՞ւ ես այդքան ցածր խոսում։

Տղան չպատասխանեց։ Սակայն առանց նրա ասելու էլ Լուսինեն գիտեր, որ «տղերքի» մոտ ընդունված չէ ֆուտբոլից խոսել։

-Գիտե՞ս, Լո՛ւս․․․- սկսեց Արամը և հավանաբար կպատմեր, թե ինչպես է Կապանում իսկական ֆուտբոլային ակումբում խաղացել կամ ինչպես է իրենց սարերում օձ սպանել, կամ էլ թե ինչպես փոքր եղբոր՝ Ալեքսի շորերի մեջ իսկականի նման, բայց խաղալիք մի սարդ գտան, եթե դռան հետևից չլսվեր տղաների ղեկավար պեպենոտ Նարեկի ձայնը․

-Ապե՛, նատուռի դրա գլուխը ջարդվելու ա, էսօր դասերից հետո կտենա․․․

Արամը հասկացավ, որ դասերից հետո «տղերքը» «ռազբորկի» են գնալու։ Այս անգամ հաստատ իրեն էլ կտանեն։ Հազիվ համբերեց մինչև դասերի ավարտը։ Վերջապես զանգը հնչեց, ու լսվեց Նարեկի ձայնը․

-Ճուտ, էս տետրերս կտանես մեր տուն, մենք տեղ ենք գնում․․․

Լուսինե Հակոբյան, 14 տ․

 

Ռաբիսլենդ

Սև ապակիներով ակնոցը, ծխախոտը կամ ծամոնը, ոսկե հաստ վզնոցն ու սրածայր կոշիկները Ռաբիսլենդի բնակչության անբաժան ու ամենաբնորոշ հատկանիշներն են։ Իսկ ռաբիսների անթերի արտաքինի ամենակատարյալ մասը ամենավերևում է՝ մի սրվակ «ժելե» դատարկելու հետևանքով փայլփլող մազերը։

Փորձեք խոսել մի ռաբիսի հետ։ Ուրեմն, երկու ռաբիս հանդիպում են։ Մեկը պպզած է նստարանի կողքին՝ չիմանալով, որ նստարանը նստելու համար է, երբ երկրորդը մոտենում է նրան։

-Բարև, ապե՛։

-Բարև, ախպե՜րս,- լսվում է պատասխանն, ու համբույրի չլմփոց։

-Ի՞նչ կա, ախպե՛ր,- թարգմանում եմ՝ «ի՞նչ կա-չկա»։

-Հեչ, ընգե՛րս,- «ոչինչ, ամեն բան կարգին է»։

Նա ընկերոջը արևածաղիկ է հյուրասիրում։

-Ուրիշ ի՞նչ կա։

-Լյոխ լյավ ա, ապե՛,- թարգմանում եմ՝ «ամեն ինչ սովորականի պես է»։

Հետո՝ էլի մի քանի անիմաստ նախադասություններ, և զրույցն ավարտվում է «Դե, ես հելա, ախպեր» բառերով ու, իհարկե, անկրկնելի չլմփոցով՝ համբույրով։ Չեմ ուզում «տերմինակոխ» անել ժամանակակից ժարգոնով, այն դուք հավանաբար անգիր գիտեք։

Հ․Գ․ Մոռացա նշել, որ Ռաբիսլենդը նույնպես զարգացում է ապրում։ Օրինակ՝ «ծիծակ» կոշիկները, որոնք, ի դեպ, 15 տարի առաջ հագնում էին ամերիկյան կովբոյները, զարգացում են ապրել ու դարձել թուրք սուլթանների կոշիկներ՝ սուր քթերը վերև ցցված, որոնցից, ասում են, պպզելու ժամանակ հարմար է բռնելը։

Անուշ Մուրադյան, 15 տ․

 

Ճակատագիր

-Ճըռռ,- լույսը զարմանալի ճռռոցով անջատվեց։

Կյանքում նա այդպիսի բան չէր տեսել։ Լսվեց խորհրդավոր երաժշտություն։ Նա մի պահ տեսավ իր դասընկերուհու հիասթափված ու ծաղրական հայացքը։ Վզին զգաց ինչ-որ ծանրություն, իսկ մեջքը կարծես թեթևացավ։ Հետո այդ սենյակն էլ մի տեսակ դատարկվեց պատերից, ու գրադարակներից ինչ-որ իրեր պակասեցին։ Սենյակի անկյունում մի մեծ արկղ հայտնվեց, որի պատճառով հարևան տատիկը մի քանի անգամ օճառաջուր լցրեց նրա վրա։ Հետո գլխին էլի օճառաջուր լցվեց, ապա սառը ու սուր մետաղի հպում զգաց։ Հետո շատ ընկճվեց․ վզակոթին մի քանի ուժեղ հարված զգաց։

Հետո մի պահ իրեն էլի վստահ զգաց, բայց, միևնույնն է, ստամոքսը լցվում էր անհամ ուտելիքներով, մի քանի ամիս չէր լողացել ու ավելն էլ անընդհատ ձեռքին էր։ Հետո էլի թեթև ու ծույլ մի ժամանակ սկսեց, որ ասես էլ չպիտի ոչ փոխվեր, ոչ վերջանար․․․

Այդ առեղծվածային «նա»-ն իմ ծանոթներից է։ «Ճըռռ»-ը երկարաքիթ կոշիկների ճռռոցն է։ Լույսը վերացավ, որովհետև հայտնվեց սև ակնոցը, ու շրջապատում բոլորը սև էին հագնում։ Վզի ծանրությունը ոսկե շղթան էր, մեջքի թեթևացումը՝ պայուսակի անհետացումը։ Սենյակից անհետացածը գրքերն էին, տետրերն ու պատերի նկարները։ Հայտնված արկղը երաժշտական կենտրոնն էր, որը առավոտից մինչև ուշ գիշեր միացրած էր խեղճ հարևանների քնի հաշվին։ Հետո օճառով գլուխը սափրեցին ու բանակ տարան, որտեղ մեր լավ տղան ստիպված էր ենթարկվել բանակային կարգուկանոնին։ Իսկ երբ բանակից վերադարձավ, դարձյալ պպզում էր մեր թաղի «հարգված անկյուններում» առավոտից մինչ երեկո, հետո երեկոյից մինչ առավոտ․․․

Նանե Սահակյան, 16 տ․

2005 թվական