Հանգիստ քնեք, Տյոմն էստեղ ա…

Փետրվարի 25-ին  ԼՂՀ Մարտունու  N զորամասում կրկին տոնական իրարանցում էր: Զորամասի մուտքի մոտ անհաշվելի թվով բազմություն էր հավաքվել: Զորամասում կատարվում էր այս ձմռան զորակոչի վերջին երդման արարողությունը:

Եղբայրս արդեն մեկ ամիս է՝ ծառայում է Հայոց բանակում (այդ թեմայով չեմ կարողանում գրել):

Երդման արարողությունը կատարելու համար նորակոչիկներին բաժանել էին մի քանի խմբերի, որովհետև գիշերը լարված էր եղել, ու դրսում չէին կարող կատարել արարողությունը: Երբ եղբայրս իր երդումը տվեց, նրանց տեղափոխեցին մեկ այլ մասնաշենք, իսկ մենք` բառիս բուն իմաստով, վազում էինք նրանց հետևից:

Մինչ դռան մոտ կանգնած սպասում էինք, ես հերթով զննում էի կողքիս մարդկանց ու հանկարծ ինձ ծանոթ դեմք տեսա:

-Մամ, մեր Արտյոմի պապան ա,- առանց մայրիկին նայելու խոսում եմ:

-Ո՞վ ա, ի՞նչ  Արտյոմ, ի՞նչ  ես խոսում:

-Մամ, մեր «Մանանայի»,  մի րոպե, եկա,- ու քայլերս ուղում եմ դեպի ինձ ծանոթ դեմքերը:

-Ներեցեք, Դուք Արտյոմի մամա՞ն եք,- մեջքով  կանգնած կնոջ հետևից խոսում եմ:

-Այո,- մի տեսակ շփոթված պատասխանում է Արտյոմի մայրիկը:

-Ես Արտյոմի ընկերներից եմ, մենք միասին թղթակցում ենք 17.am-ում, ճամբարի էլ ենք մասնակցել միասին:

Մի քանի րոպե զրույցից հետո արդեն նրանք ինձ հիշեցին:

Արտյոմի ծնողները նույնպես սպասում էին նրա դուրս գալուն:

15 րոպե անց դուռը բացվեց: Իրար հետևից դուրս են գալիս տղաները, որոնց հայացքները նույնն են, բոլորն էլ փնտրում էին իրենց ծնողներին:

Ուշադիր նայում եմ, որպեսզի երկու ծանոթ զինվորներիս տեսնեմ` եղբորս ու Արտյոմին, ու հանկարծ լսում եմ.

-Իյա, Մա՞ն,- Արտյոմն էր:

Երկար-բարակ զրույցից հետո որոշեցինք լուսանկարվել, որպեսզի 17.am-ում նյութ ունենանք մեր հանդիպման մասին:

Հ.Գ. Արտյոմը բոլորիդ ջերմ-ջերմ բարևներ էր ուղարկում տաք Արցախից, ու ասում էր. «ժողովուրդ ջան, հանգիստ քնեք, Տյոմը ստեղ ա»…

Իսկ 17-ի թղթակիցներն ամենուր են: