Հանդիպում արվեստի հետ․ Արա Հարությունյան

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Հունիսի 8-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը՝ նվիրված Արա Հարությունյանին։ Այս շարքի միջոցառումների երբևէ ներկա չէի եղել ու չգիտեի՝ ինչ ձևաչափով են անցկացվում: Բայց քանի որ միջոցառումը նվիրված էր հայտնի քանդակագործին, որոշեցի մասնակցել։

Միջոցառումը սկսվեց «Արա Հարությունյան․ մոնումենտալ երևակայում» ցուցադրությամբ։ Ցուցադրված էին ստեղծագործական տարբեր փուլերի աշխատանքներ՝ քանդակներ, էսքիզներ, գրաֆիկական նկարներ և արվեստագետի հայտնի աշխատանքների լուսանկարներ։ Աշխատանքների երկար ուսումնասիրություններից հետո սկսվեց միջոցառման հաջորդ մասը՝ դասախոսությունը, որը կրում էր «Արա Հարությունյանի գեղարվեստական ժառանգությունը» անվանումը։ Դասախոսության ընթացքում ունկնդիրները ծանոթացան Արա Հարությունյանի կյանքին, ոգեշնչման աղբյուրներին, ստեղծագործական վաղ շրջանին, տարբեր քանդակներին ու դրանց ստեղծման պատմություններին։

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Դասախոսության ընթացքում ներկայացվեց մի ուշագրավ պատմություն։ Երբ 1975 թվականին «Vogue» ամսագիրը պետք է իր առաջին հոդվածը տպագրեր ԽՍՀՄ-ի մասին, Ջերի Հոլը իր թիմի հետ եկել էր Հայաստան՝ հոդվածի համար լուսանկարներ անելու։ Երբ ստեղծագործական թիմը Սևան տանող ճանապարհին նկատել է «Արշալույս» արձանը, կանգնել է և լուսանկարել մոդելին այդտեղ։ Հետագայում նկարները եղել են հոդվածի ուշագրավ մի մասը։

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Միջոցառումն ավարտվեց «Քանդակագործ Արա Հարությունյան» փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ։

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Անչափ տպավորված եմ քանդակագործի ստեղծագործական ոճով, ոգեշնչմամբ ու աշխատանքներով։ Խորը զարմանք եմ ապրում, երբ նկատում եմ, որ դեռ տասնամյակներ առաջ կերտված նրա աշխատանքները մինչ այսօր ապրում են երկրի տարբեր անկյուններում ու չեն դադարում փայլել իրենց ողջ արդիականությամբ և գեղարվեստական հմայքով։