Lusine atanesyan

Հանդիպում Սիսիանում

Մի քանի օր առաջ մեր զինղեկը եկավ մեր դասարան և տեղեկացրեց, որ պետք է գնանք Սիսիան՝ ինչ-որ ժողով է լինելու: Հաջորդ օրը մենք երրորդ ժամից հետո գնացինք Սիսիան ՝ մշակույթի տուն: Հարևան գյուղերից ևս շատ երեխաներ կային, հանդիպեցի տասնյոթցի Նինայի հետ՝ Գորայքից: Ժողովն իրականում հանդիպում էր Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանից՝ գնդապետ Իսկանդարյանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանից՝ փոխգնդապետ Բաղդասարյանի հետ: Նրանք եկել էին մեզ ներկայացնելու համալսարանները՝ իրենց առավելություններով ու թերություններով:

Ամբողջ ընթացքում մի քանի զգացողություններ ունեցա: Ամենահետաքրքիրն այն էր, որ սպաների ներս մտնելու պահին հնչեց «ոտքի՛» հրամանը, և բոլորս ոտքի կանգնեցինք: Իսկ այն ժամանակ, երբ ասացին, որ իմ համագյուղացին՝ Պարույր Սարգսյանը, որը սովորում է ավիացիոն համալսարանում, ոսկե մեդալի թեկնածուներից է, հպարտություն զգացի:

Այնտեղ մենք իմացանք, որ սովորելու ընթացքում աշակերտները ստանում են մինչև 50000 դրամ կրթաթոշակ, ավարտելուց հետո ստանում են լեյտենանտի կոչում ու անցնում աշխատանքի՝ 210000-280000 դրամ աշխատավարձով, իսկ ավելի ուշ ստանում են 100000-ից ավելի կենսաթոշակ: Նրանք հնարավորություն են ստանում կրթությունը շարունակելու արտերկրում, սովորելու մի քանի լեզուներ, իսկ այն երիտասարդները, ովքեր ունեն հմտություն տեխնոլոգիաների ոլորտում, ուսումը շարունակում են այդ ուղղությամբ:

Շատ լավ պայմաններ կան նաև աղջիկների համար: Ավարտածները դառնում են բանակային կորպուսի հանգույցի պետեր: Նրանք, ովքեր գիշերելու տեղ ունեն, երեկոյան գնում են տուն, իսկ նրանք, ովքեր տեղ չունեն, մնում են հանրակացարաններում:

Բացի այս ամենը՝ և՛ աղջիկները, և՛ տղաները շաբաթական 2 օր 4 ժամով մասնակցում են դասընթացների, որոնք կազմակերպում են «ԹՈՒՄՈ»-ից եկած մասնագետները: 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներն ազատ են ու կարող են գնալ՝ ուր ուզում են, նույնիսկ կարող են գիշերել համալսարանից դուրս: Վերջում նրանք մեզ հետաքրքրող հարցերին էլ պատասխան տվեցին, ուհանդիպումն ավարտվեց: Համալսարանների մասին այս տեղեկությունը մեր մեջ հետաքրքրություն ու այնտեղ սովորելու ցանկություն առաջացրեց:

Լավ կլիներ՝ մյուս համալսարաններն էլ այսպիսի հանդիպումներ անցկացնեին մարզերում, որպեսզի մենք կարողանանք պատկերացնել, թե ինչ մասնագիտություն ենք ուզում ընտրել և որտեղ կարող ենք շարունակել մեր ուսումը: