Հանձնում եմ էստաֆետը

Վանաձորի Ծովակալ Իսակովի թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նորընտիր նախագահի երդման արարողությունը: Ես որպես նախկին ԱԽ նախագահ, նույնպես պետք է ներկա լինեի: Սա ուղղակի հրաշալի առիթ էր սիրելի ուսուցիչների հետ տեսնվելու համար: Մտնելով դպրոց, մի պահ ընկա հիշողությունների գիրկը: Ուսուցիչներս ինձ տեսնելիս շատ ուրախացան, և ես նույնպես: Բոլորը հարցուփորձ էին անում, թե ինչպես է նոր դպրոցում, արդյո՞ք նոր դասընկերներս նախկին դասընկերներիս նման լավն են: Նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելուց հետո գնացի իմ հին դասարան: Այնտեղ ահագին բան փոխվել էր՝ նոր նստարաններ, պաստառներ: Հնչեց ծանոթ և հարազատ դասամիջոցի զանգը, միջանցքը լցվեց ինձ ծանոթ աշակերտներով, ովքեր ժամանակին իմ ընտրությունների ժամանակ իմ կողքին էին և ամեն կերպ աջակցում էին ինձ: Նրանք հավաքվեցին շուրջս, գրկեցին, սկսեցին տարբեր հարցեր տալ: Ես նրանց շատ էի կարոտել, և ըստ էության նրանք ինձ նույնպես:

Սկսվեց երդման արարողությունը: Երդումից հետո խոսքը հանձնեցին ինձ: Ես շատ ուրախ էի, որ պատիվ ունեի այդտեղ կանգնելու և նախագահի պաշտոնը նոր նախագահին հանձնելու: 2014-2015թթ-ի ընթացքում ԱԽ-ն բազմաթիվ աշխատանքներ է կատարել, վստահ եմ՝ այս տարի ավելի հետաքրքիր գաղափարներ ի կատար կածվեն ԱԽ-ի թիմի կողմից: Ելույթս ավարտելուց հետո աշակերտները սկսեցին ծափահարել ինձ: Հետո խոսափողին մոտեցավ փոխտնօրենը, ով ինձ հանձնեց իմ կատարած աշխատանքի համար պատվոգիր: Դա ինձ համար շատ անսպասելի էր: Ուղղակի հաճելի է, երբ զգում ես, որ քո և քո թիմի աշխատանքը գնահատվում է: Դա ուղղակի թուղթ չէր, դա ավելին էր ինձ համար: Այսպիսով հանձնեցի էստաֆետը արժանի մեկին, ով վստահ եմ, որ լավագույն կերպով կշարունակի իմ աշխատանքը: