Հանուն ապագա գիտնականների

«ՈԶՆԻ 2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի II փուլն էր մայիսի 17-ին։ Մրցույթը 2009 թվականին առաջին անգամ նախաձեռնել են ինֆորմատիկայի երկու ուսուցչուհիներ՝ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը՝ փորձելու իրենց աշակերտների գիտելիքները հետաքրքիր, մրցութային տարբերակով։

Մարիաննա Թովմասյանը պատմում է․ «Հետագայում, տարեցտարի ավելացավ մասնակից դպրոցների քանակը, և ահա այս տարի արդեն վեցերորդ տարին է, որ «ՈԶՆԻ» մրցույթին մասնակցում են Երևանի և մարզերի գրեթե բոլոր դպրոցներից աշակերտներ: Անունը ընտրել են մասնակից երեխաները, և բացատրվում է նրանով, որ ինչպես ոզնին է գլորվելով իր փշերի վրա հավաքում տերևներ և հարուստ տեսք ունենում, այդպես էլ մեր մրցույթը․ տարեցտարի ընդլայնվեց և հիմա դարձել է հանրապետական ամենաամյա մրցույթ»։

Մրցույթի նպատակն է՝

- բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց նորարարական գաղափարները, ստուգելու սեփական կարողությունները,

- ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար,

- խթանել դպրոցներում ՏՀՏ ոլորտի զարգացումը։

Չորրորդ դասարանում սովորող Արթուր Հովսեփյանն ասում է, որ մրցույթին մասնակցում է, «Աղուէս» ծրագրով խաղ ստեղծել է սովորում, որովհետև պլանավորում է գիտնական դառնալ։

Մրցույթի մասնակիցները ակնկալում էին սովորել և կիրառել «Աղուէս», «Կրիայ» և այլ ծրագրեր․ իրենց ակնկալիքներն արդեն արդարացվել են։ Արդյունքները հայտնի կլինեն հունիս ամսին․ հետևենք, թե ինչպես են երեխաները գիտնականներ դառնում։