Nane Eghiazaryan

Հանուն ավելի կարևորի

Այս ամառ ես փնտրում եմ աշխույժ զբաղմունքներ, բայց մինչ օրս չեմ գտնում: Շատերի համար աչքերը բացելուն պես արև տեսնելն արդեն լավ օրվա սկիզբ է, բայց ինձ լավ տրամադրություն ունենալու համար միայն արևը չի հերիքում: Իմ կարծիքով, ամռանը պետք է հանգստանալ լիովին. պետք է հայտնվել մի աշխույժ խմբում, ընտրել թեմա՝ հետաքրքիր զրույց վարելու համար, կամ ինչ-որ լավ բան անել, ու օրը դարձնել անմոռանալի:

Հունիսի առաջին օրերը հենց այսպես էլ երևի անցնում էին, երբ հանկարծ մայրս ինձ հարցրեց՝ արդյոք ուզո՞ւմ եմ անգլերենս բարելավել: Նա շատ զարմացավ, երբ տեղիցս վեր թռչելով՝ «այո» ճչացի: Անկեղծ ասած, ես էլ զարմացա իմ այդ մեծ ուրախության վրա: Մայրս ասաց, որ Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոսներից մեկը անգլերենի դասեր է տալիս Եղեգնաձորի «Գալիք» համալսարանում ամեն շաբաթ և կիրակի օրերին: Ես համաձայնեցի ամեն շաբաթ օր հանուն անգլերենի արթնանալ առավոտյան շուտ, Ջերմուկից գնալ Եղեգնաձոր, և ամեն երկուշաբթի վերադառնալ Ջերմուկ:

Սկսվեցին դասերը, որոնցից ես իսկապես հաճույք էի ստանում: Հանկարծ տեղեկացա, որ էկոտուրիզմի փառատոն կա, որին կարող եմ մասնակցել, բայց շաբաթ և կիրակի օրերին է: Որոշեցի դրանից հրաժարվել հանուն գիտելիքի, հետո ամբողջ ֆեյսբուքյան էջս սկսեց լցվել ամառային ճամբարների մասնակցելու հայտերով, բայց ես ոչ մեկին չեմ կարող մասնակցել, որովհետև շաբաթ-կիրակի զբաղված եմ: Սկսեցի իմ սովորության համաձայն դժգոհելով ման գալ, երբ եղբայրս ինձ մի լավ խորհուրդ տվեց. «Երբեմն ամենամեծ գանձին հասնելու համար պետք է հրաժարվել մանրերից, որոնք միգուցե շատ են, բայց այնքան արժեք չեն ունենա, ինչքան մեծը»: Եվ իսկապես, եղբորս խոսքերը լսելուց հետո դադարեցի դժգոհելուց: Ամեն տարի էլ կլինեն ճամբարներ, էկոտուրիզմի նոր փառատոներ և միջոցառումներ, բայց ամեն տարի հնարավորություն չես ունենա մասնակցելու նման դասերի: Դեռ մեկ ամիս էլ չեմ գնացել պարապմունքների, բայց գրեթե ամբողջությամբ հասկանում եմ, թե ինչ են խոսում անգլիացխոսները (իմ քաղաքում նրանց հանդիպելը դժվար չէ):

Հուսով եմ, որ իսկապես կկարողանամ հասնել արդյունքի, որովհետև այս ամռան հետ կապված բոլոր պլաններս մի կողմ եմ դրել, որպեսզի հասնեմ «ամենամեծ գանձին»: