naira mkhitaryan

Հանուն ընտանիքի

-Մամ, դուրս եմ գալիս արդեն:

-Գոնե մի բերան հաց կեր, այ աղջիկ, որ նորմալ դաս անես:

-Չէ, մամ, ես առավոտները հաց չեմ ուտում:

Իրականում լավ էլ ուտում եմ, եթե հասցնում եմ արագ պատրաստվել, բայց գրեթե միշտ ժամանակս չի հերիքում:

-Գնա, պապային դպրոցում տեսնես, ասա՝ շուտ գա, հոգնած կլինի:

Նույն երկխոսությունը մեր տանը կրկնվում է ամեն երեք օրը մեկ՝ հայրիկի երկրորդ աշխատանքի օրերի ժամանակ, բացառությամբ միայն էն դեպքերը, երբ հայրիկի աշխատանքային օրերը համընկնում են դպրոցում ոչ աշխատանքային շաբաթ-կիրակիների հետ:

Քանի որ դպրոցում հաշվապահության համար տրվող «աղքատավարձը», ինչպես մեր ընտանիքում սիրում ենք բնորոշել, սկսեց չբավարարել ընտանեկան ծախսերին, հայրիկս սկսեց փնտրել երկրորդ աշխատանք:

Գտնելը հեշտ եղավ: Դե հա, ո՞վ կհրաժարվեր երեք բարձրագույն կրթությամբ մարդուն աշխատանքի ընդունել զինվորական պահեստների պահակության համար:

Աշխատանքային առաջին օրվանից հետո հայրիկը առավոտ վաղ շտապել էր դպրոց՝ աշխատանքի:

Այդ օրվանից սկսած ուսուցչանոցը դարձավ իմ ու հայրիկի տեսակցության վայրը:

-Բարև ձեզ: Ընկեր Սարգսյանը դասամատյանն է փնտրում,- ուսուցչանոց մտնելով ասացի, հետո ցածրաձայն ավելացրի,- պա՞, բարև, ո՞նց ես:

Պապան էնքան խառն էր, որ նույնիսկ չնկատեց էլ: Եթե տանը լինեինք, կկանգնեի անմիջապես դիմացը ու հանդիսավոր կերպով կողջունեի ինձ նկատել տալու համար, բայց քանի որ դպրոցում ենք, չի կարելի խանգարել ընկեր Մխիթարյանին:

Դասերի ավարտից անմիջապես հետո արագ տուն շտապեցի: Հայրիկին տեսնելուն պես վզովն ընկա: Դե հա, ընդամենը երկու առավոտ ու մի գիշեր չէի տեսել, բայց արդեն կարոտել էի: Ինձ համար անսովոր էր արթնանալ ինքնուրույն, և ոչ այն աթոռի գետնին ընկնելու թխկոցից, որին ամեն առավոտ ոտքը պարտաճանաչ հարվածում է հայրիկը:

Հայրիկը չէր դժգոհում երկրորդ աշխատանքից:

-Ինչ անում եմ, երեխեքիս համար եմ անում, որ կարևորը՝ լավ ուսման տամ: Նառ ջան, արդեն կարաս նույնիսկ վճարովի ընդունվես, վարձդ ապահովված ա,- կատակի տալով ավելացրեց հայրիկը:

Հայրիկի նման զոհողությունները, առավոտվա 7-ին վազել Երևան, ամբողջ գիշեր չքնել ու դրսում անցկացնել, հաջորդ առավոտ անմիջապես դպրոց շտապել, տուն գալ միայն նախաճաշելու համար ու արագ Ապարան կամ Աշտարակ գնալ՝ հաշվետվություններ ներկայացնելու, ավելի պարտավորեցնող են դարձնում:

Երկրորդ աշխատանքի ընդունվելու համար ներկայացնելիք ինքնակենսագրականը «սիրուն ձեռագրով» արտագելիս ափսոսանք ու հիասթափություն էի ապրում, որ նշում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունների անունները, որոնք ավարտել է հայրիկը, որպեսզի պահակության համար աշխատանքի տեղավորվի: Մտածում էի, որ էդքան սովորելը ոչ մի բանի պետք չեկավ, բայց էդ ամենն էլ մեծ նշանակություն ուներ, որ աշխատանքային մի քանի օր անց մեր տուն սկսեցին հյուր գալ հայրիկի աշխատանքային ընկերներն ու նույնիսկ գնդապետը: Էդ ամենը, ամենայն հավանականությամբ, կիրթ վարվելակերպի արդյունք էր:

-Մամ, գնում եմ արդեն:

-Պապային տեսնես, հիշեցրու, որ ապառիկի մուծման օրն ա:

-Մամ, բա «մի բերան հա՞ցը»:

-Դու առավոտները հաց չէիր ուտում բա:

-Մամ, քանի ժամանակ ունեմ, թեյը բեր, վա՜յ…