tatev tamrazyan erevan

Հանպատրաստից 12-երորդցին կամ խիստ լրագրողական

Ես, իհարկե, գիտակցում եմ, որ շատ ավելի գեղեցիկ թեմաներ կան գրելու, հիանալու ու ստեղծագործելու, բայց բարև քեզ, սիրելի դիմորդ, եթե դու էլ ես տասներկուերորդ անգամ խոստանում ինքդ քեզ, որ այս տարի շատ լավ ես սովորելու, ուրեմն բարև՜, ո՞նց ես:

Գիտես, ես լավ եմ, որովհետև դեռ չեմ կորցրել հավատս, թե կընդունվեմ, էն էլ՝ անվճար:

Չէ, ես ինքնավստահ չեմ, ճիշտ հակառակը, ասեմ ավելին՝ ինքնավստահ, հականիշը՝ Տաթև:

Դու հասցնո՞ւմ ես քնել, լավ, գոնե մեկ-մեկ, գոնե հազվադեպ պատահո՞ւմ է:

Եթե դու աղջիկ ես, հասցնո՞ւմ ես մազերդ հարդարել ու երեկոյան որոշել` ինչ ես հագնելու: Ա՜հ, կներեք, ինչ երեկո, լուսաբացին, լուսաբացին:

Իսկ եթե տղա ես, երևի չես հասցնում ընկերներիդ տեսնել:

Եթե դու հասցնում ես բոլոր տնայիններդ, վստահ ես, որ կընդունվես, ու միաժամանակ, այս ամենը համատեղում ես ապրելու հետ, այսինքն՝ զբոսնում ես, ֆիլմ ես նայում, Խորենացուց բացի ուրիշ գիրք ես հասցնում կարդալ, ուրեմն խնդրում եմ, գրիր ինձ, տուր անգին խորհուրդներդ: Սպասելու եմ:

Մի քանի ամիս առաջ գրել էի տասնյոթամյա աղջկա կյանքի սիրունությունների մասին, ամենօրյաների մասին. իրենք էլի կան, միշտ կան, բայց երկրորդ պլան են մղվել ու մի քիչ անտեսվել են տասնյոթամյայի կողմից: Ինձ օրվա մեջ սիրունությունն է պակասում, լույսը, զարմանքը: Բայց հոգուս մեջ միշտ կան, անբաժան են:

Ինձ հետ կռիվ տալուց, հեգնելուց, ամենավերջին ձևով պատժելուց, ինձնից նեղանալուց, ինձնից թաքնվելուց, փախչելուց, հեռանալուց, ինքս ինձ կարոտելո՜ւց հետո ինձ թեյ եմ լցնում, որ խմեմ, կուլ չի գնում. դասերս մնացել են:

Շարքայի՜ն, հերթակա՜ն, հասարա՜կ, ամենասովորակա՜ն շրջանավարտ լինելը ստիպում է վազել ժամանակի հետևից ու երբեք չհասնել: Ես անվերջ վազում եմ սլաքների հետևից ու չեմ հասնում, երևի ուրիշ ժամանակի մեջ եմ վազում, երևի պիտի մտքերս գրելու փոխարեն ինչ-որ դաս անեի, բայց չի ստացվում, սա ինձնից անկախ է ստացվում, ես կապ չունեմ, գրիչս էր` այս անգամ կապույտը:

Կներե՜ս, թուղթ, մի քիչ բարկացած էի ու քո վրա թափեցի չեղած թանաքս, ոչ կարևոր մտքերս, ու անլուրջ խոսքերովս նեղացրի քեզ:

Կներե՞ս:

Հ․ Գ. Ընդունվեմ, թե չէ, էլի երկնքի մասին կգրեմ…