Հաջողության քո բանալին. «Մարդը՝ սմարթ»

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Արդեն 3-րդ անգամն է, ինչ COAF Smart կենտրոնում կազմակերպվում են Smart Connects կամ՝ «Մարդը՝ սմարթ» խորագրով հանդիպումներ։ Հիմնադրամի տեղեկատվական բաժնի ղեկավար Դավիթ Մանուկյանը նշեց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի համայնքի բնակիչներին հնարավորություն ընձեռելու հանդիպել տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց, ովքեր կկիսեն իրենց փորձը, գիտելիքները, հմտությունները տեղի բնակիչների հետ։ Այս անգամ COAF-ի հյուրը միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն էր։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Ես շատ բան եմ սովորել շախմատի շնորհիվ։ Շախմատը խաղ է, որտեղ սխալ քայլ անելուց հետո չես կարող դրանք փոխել, կարող ես միայն փորձել շտկել դրանք։ Եվ կյանքում էլ է այդպես։ Մենք հակված ենք անընդհատ հետ նայել, փոխարենը` պետք է փորձենք պայքարել և առաջ շարժվել։ Շախմատը սովորեցնում է ինքնուրույն մտածել, ցույց է տալիս, որ հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրել։ Ես ինձ տաղանդավոր մարդ եմ համարում, իսկ տաղանդավոր մարդիկ շատերը ալարկոտ լինելու խնդիր ունեն, և ես էլ բացառություն չեմ։ Բայց ինչ-որ արդյունքի հասնելու համար տաղանդը ամենևին էլ բավական չէ։

Լևոն Արոնյանի ելույթից հետո, մենք հնարավորություն ունեինք հետաքրքրող հարցեր ուղղել նրան։ Հատկապես ակտիվ էին տարիքով ավելի փոքրերը։

-Պարոն Արոնյան, եթե շախմատ խաղալ չիմանայիք, ուրիշ ինչո՞վ կզբաղվեիք։

-Ինձ միշտ հետաքրքրել է պայքարը։ Ես համոզված եմ, որ միայն պայքարի շնորհիվ է հնարավոր օգուտ տալ երկրին, հանրությանը և սեփական անձին։ Երբ  դու պայքարում ես քեզանից ուժեղների հետ, դու աճում ես որպես անհատականություն։ Կարծում եմ, որ շախմատով չզբաղվելու դեպքում, կզբաղվեի այնպիսի գործով, որտեղ լավագույնը լինելու ձգտում կունենայի։ Երաժշտություն եմ սիրում, միգուցե երաժիշտ լինեի։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Դուք ձեր ոլորտում լավագույնն եք, ի՞նչ պետք է անել տարբեր ոլորտներում լավագույնը լինելու համար։

-Ես հավատում եմ, որ մարդու բախտն էլ պետք է մի քիչ բերի, որպեսզի նա իր ուժերը կիրառելու հնարավորություններ ստանա։ Հետո կարևոր է լավ ուսուցիչ ունենալը, մարդ, ով քեզ կկրթի և կաջակցի։ Եվ վերջապես, առաջինը՝ լավագույնը լինելու ցանկությունը։ Սա շատ կարևոր է, դու պետք է ձգտում ունենաս ապացուցելու ինքդ քեզ, որ դու կարող ես։ Անձամբ ինձ համար շատ մեծ նշանակություն ունի նաև ընտանիքի աջակցությունը։ Ժամանակին իմ մայրը ամեն ինչ մի կողմ դնելով, իր կյանքը նվիրել է իմ շախմատիստ դառնալուն, ինչի համար ես երախտապարտ եմ իրեն։

-Հայաստանում շախմատի զարգացմանը նպաստելու համար դուք ինքներդ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։

-Ես անկեղծ ասած, այդքան ակտիվ չեմ դրանում։ Քանի որ, ավելի կենտրոնացած եմ սեփական խաղի վրա։ Բայց ես գիտեմ շատ շախմատիստների, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում շախմատի զարգացման համար։ Կարծում եմ, երբ ժամանակը գա, ես էլ դրանով կզբաղվեմ։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Վանաձորցի շախմատասերները նշեցին, որ Լոռվա մայր քաղաքը սիրով սպասում է Լևոն Արոնյանի հետ հանդիպմանը։ Ինչին Լևոնը պատասխանեց, որ իր մտերիմ ընկեր Սամվել Սահակյանը (ծնունդով վանաձորցի շախմատիստ, գրոսմայստեր) նույնպես իրեն հաճախ է Վանաձոր հրավիրում և, որ ժամանակ գտնելու դեպքում ինքն անպայման կայցելի։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել սերը շախմատի նկատմամբ։

-Սերը շախմատի հանդեպ ձևավորվել է դեռևս մանկուց։ Երբ ես 5-6 տարեկան էի, շատ էի սիրում շաշկի խաղալ։ Հետո ավագ քույրս ինձ վարակեց շախմատի «վիրուսով»։

-Ո՞ւմ եք ցանկացել նմանվել, ո՞վ է ձեզ ոգեշնչում։

-Երբ փոքր ես, շատ մարդիկ կան, ովքեր քեզ ոգեշնչում են։ Առաջին շախմատիստը, ում խաղով ես  շատ տպավորված եմ եղել՝ Ալեքսանդր Ալյոխինն (ռուս շախմատիստ) էր։ Մինչև հիմա էլ նա իմ սիրելի շախմատիստն է, և նրա ներդրումը այս ոլորտում շատ եմ գնահատում։ Ինձ շատ է դուր գալիս բասկետբոլիստ՝ Բիլ Ռասըլի միտքը։ Նա 50- 60-ականներին իր թիմին ամենաշատ հաղթանակ բերած խաղացողն էր։ Թիմը, որը բավականին թույլ էր, եզրափակիչում էր խաղալու։ Եվ այդ առիթով Բիլին հաճախ էին հարցնում, թե ինչպե՞ս է ակնկալում հաղթել այսպիսի թույլ թիմով, իսկ նա պատասխանում էր, որ իրենցից առաջ էլ են հաղթողներ եղել։ Միտքը այն է, որ անհնարին ոչինչ չկա։ Եթե ինձանից առաջ ինչ-որ մեկը կարողացել է լավ արդյունքներ ունենալ, ապա ինչո՞ւ ես չեմ կարող դա անել։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Կա՞ մի շախմատիստ, ում ուժեղ մրացակից եք համարում:

-Ես այսպիսի բնավորություն ունեմ, տեսնելով, որ դիմացինս լավ չի խաղում, ես էլ եմ սկսում վատ խաղալ, կարծես չհարգելով ո՛չ իմ, ո՛չ դիմացինիս խաղը։ Վատ եմ խաղում այնքան ժամանակ, մինչև դիմացինս լավ է սկսում խաղալ։ Նման դեպք իմ սիրելի շախմատիստ Վասիլի Իվանչուկի, հետ է եղել։ Շախմատային լեզվով ասած, առաջ նրա հետ -8 էի (երբ որ դիմացինդ քեզ 8 անգամ հաղթել է, իսկ դու ոչ մի անգամ չես հաղթել), իսկ հիմա +1 եմ։ Անկեղծ ասած, ես սիրում եմ խաղալ նրանց հետ՝ ում հետ (-) եմ, որովհետև խաղը այդպես ավելի հետաքրքիր և պարտավորեցնող է դառնում։

-Շատ շախմատիստների համար սպիտակ խաղաքարերով խաղալը ավելի հեշտ է, քան սևերով։ Իսկ ձեր համա՞ր։

-Տարբերությունը մեծ է։ Սակայն որպես կանոն, ինձ համար սպիտակներով խաղը շատ ավելի վտանգավոր է, քան սևերով։ Սևերով խաղի ժամանակ խաղը ավելի կանխատեսելի է և ավելի հեշտ է անհրաժեշտության դեպքում այն դեպի ոչ-ոքի տանելը։ Սպիտակներով ավելի հաճախ եմ պարտվում։

-Ո՞րն է ձեր սիրելի խաղաքարը։

-Այս հարցի ամենալավ պատասխանը կլինի Տիգրան Պետրոսյանի պատասխանը՝ ամեն ավել քարը։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Ո՞րն է ամենակարևոր մրցաշարային հարթակը ձեզ համար։

-Այն հարթակը, որտեղ երբեք դեռ չեմ հայտնվել։ Դա իմ ամենակարևոր մրցաշարն է՝ աշխարհի առաջնությունը։

-Որևէ զվարճալի պատմություն կարո՞ղ եք պատմել, որ ձեզ հետ պատահել է։

-Մի զվարճալի դեպք կա, որը շախմատի հետ կապ չունի, բայց գուցե ձեզ հետաքրքրի։ Մի անգամ Երևանում էի։ Ես շուն ունեմ, և այդ օրը շանս հետ տաքսի նստեցինք, որի վարորդը ինձ չճանաչեց։ Շանս մասին հարցուփորձ անելուց հետո, վարորդը ինձ հարցրեց, թե ինչու գործի չեմ, որովհետև այդ օրը աշխատանքային էր։ Ես պատասխանեցի, որ շախմատիստ եմ, իսկ այսօր էլ հանգստյանս օրն է։ Ինչին նա պատասխանեց, որ երևի կինս է հարուստ, որ ես չեմ աշխատում ու շախմատ եմ խաղում։ Մենք շատ դանդաղ էինք գնում, իսկ շունս չի կարողանում հանգիստ նստել, երբ մեքենան դանդաղ է։ Նրան հանգստացնելու համար պատուհանը բացեցի։ Արդյունքում մեր կողքով անցնող մեքենաներից սկսեցին շանս նկատել, հետո էլ ինձ ճանաչել։ Եվ վարորդը այդ ամենը տեսնելով ասաց, որ փաստորեն շունս այնքան հայտնի է, որ ինձ էլ են այդպես ճանաչում։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Հանդիպումը ամփոփվեց պատանի շախմատիստների հետ բլից խաղով։ Երեխաները ամբողջ հանդիպման ընթացքում անհամբեր սպասում էին գրոսմայստերի հետ խաղին։ Պատանի շախմատիստների մեջ միակ աղջիկը՝ Ասլանյան Ելենան, ծնունդով Վանաձորից էր։

-Շատ ուրախ եմ այսօր այստեղ լինել։ Այս հանդիպումը ինձ սովորեցրեց, որ չկոտրվեմ պարտություններից և միշտ առաջ նայեմ։

Ինքը՝ Լևոն Արոնյանը, նույնպես շատ տպավորված էր այս հանդիպումից։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Ժամանակ շատ քիչ եմ ունենում նման հանդիպումների համար։ Բայց տեսնելով, որ այսպիսի մեծ ներդրում է արվում գյուղական համայնքների զարգացման համար, երեխաների համար, մեծ հաճույքով եկա այստեղ։ Հուսով եմ, որ նման կենտրոններ մնացած մարզերում էլ կլինեն։ Բլից խաղի ժամանակ հաճելի էր տեսնել թե ինչպես են երեխաները խաղում, որ չեն ցանկանում հանձնվել և մինչև վերջ պայքարում են։ Սրանք շատ լավ նշաններ են ապագայում լավ շախմատիստ դառնալու համար: