Հավատում եմ

 

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Սա իմ դպրոցն է՝ փոքրիկ ու հարմարավետ կառույց, փոքր դասարաններով՝  փոքր գյուղի, իմ` Տավուշի մարզի Ջուջևան գյուղի համար: Երկար դասամիջոցն է. դուրս եկա դասարանից, մոտեցա միջանցքի մեծ պատուհանին, որից բացվում է բակի գողտրիկ պատկերը՝  եզրին կորացած ուռի,   նրա տակ՝ նստարան:  Գեղեցկություն, բայց… Մի պահ ինձ օտար զգացի և սկսեցի օտարի աչքերով դիտել կյանքիս տասնմեկ տարիների պայծառ օրրանը: Միշտ ամենաատելին ինձ համար եղել է կառույցների դատարկությունը, հատկապես կրթօջախի, իսկ հիմա աչքերիս առաջ ծավալվում է լքվածությունը, երկար միջանցքը լուռ է և դատարկ, ականջներումս հնչում է լռության ճիչը: Ահա, վերջապես, բակում երկու փոքրիկ տղա երևացին, վազվզեցին մի քիչ և շուտով էլ անհայտացան՝ կտրելով ինձ իրենց նայելու հաճույքից: Երկար դասամիջո՛ցն է, ո՞ւր են հապա այս փոքրիկ դպրոցի բոլոր անկյունները լցնող երեխաների զանգակահունչ ծիծաղները,  ուսուցիչներին զայրացնող, բայց բաղձալի խառնաշփոթը, աղմուկը, ո՞ւր են երեխաները… Նրանք չկան. դպրոցում վաթսուն աշակերտ է սովորում, և այդ թիվը գնալով նվազում է: Վեց շրջանավարտին փոխարինելու է գալիս երեք մանուկ: Սերունդը կիսվում է, գյուղն է կիսվում, կիսվում է Հայաստանը:

Այս դպրոցը երբեք էլ շատ աշակերտ չի ունեցել, բայց երբ երեք-չորս տարի առաջվա իննսունը դնում ես վաթսունի կողքին, տեսնում ես երկրիդ ապագան: Կարիք չկա ողջ Հայաստանը շրջել, կարճ ու երկար ուսումնասիրություններ կատարել, համակարգի մի փոքրիկ բջջից էլ կարելի է ստանալ իրավիճակի ամբողջական պատկերը:

Ես ավարտում եմ արդեն, և իմ փոխարեն գալու է ընդամենը… Կես երեխա… Դպրոցում երեխա չկա. սա միջազգային հանրությանը ներկայացվող գեղանկարի հակառակ կողմն է, իսկ թշնամին միշտ առկա է և շատ:  Հայաստանը պատմական երկար ուղի է անցել վատ ժամանակների բացարձակ գերակշռումով, սակայն ապրել,  արարել ու հաղթել է: Ես չեմ հուսահատվում, որովհետև հավատում եմ հաղթանակիդ, ՀԱՅԱՍՏԱՆ: