anahit baghshetsyan

Հավես Հայաստան

Ես կրկին, նորից, էլի ու ևս մեկ անգամ օտար օդանավակայանում նստած սպասում եմ այն ինքնաթիռին, որը դեպի Հայաստան է մեկնելու։ Նստած եմ տասնյակ հայերի հետ օդանավակայանի մի անկյունում։ Ոմանք երկար դադարից հետո են վերադառնում Հայաստան, ոմանք մի քանի օր չեն եղել տանը, շատերը առաջին անգամ են այցելելու։ Իսկ ես այս անգամ Հայաստան եմ վերադառնալու փոքր-ինչ ավելի երկար բացակայությունից հետո։ Հետ եմ վերադառնալու այն զգացումով, որ Հայաստանը մի քանի քայլ առաջ է գնացել առանց ինձ։ Այս մտքերով տարված լսեցի կողքիս նստած ընտանիքի խոսակցությունը․

  • Մա՛մ, իսկ  Հայաստանը ո՞նցն ա։ Հավե՞ս ա Հայաստանում,- հարցնողը փոքրիկ տղա էր, հինգ կամ վեց տարեկան, հարցից արդեն պարզ էր, որ Հայաստանում առաջին անգամ էր լինելու։
  • Հայաստանը մեր հայրենիքն ա, բալե՛ս։ Գնանք, կարծում եմ շատ բան փոխված կլինի, հավես կլինի,- մոր դեմքին թեթև ժպիտ հայտնվեց։
  • Խի՞ ես խաբում երեխուն։  Անկապ երկիր ա Հայաստանը, տղե՛ս։ Հաստա՛տ բան էլ փոխված չի լինելու։ Հավես չի լինում Հայաստանում, – հայրը պատասխանեց։ Այն տղամարդկանցից էր, որոնց դեմքին երեք վայրկյան նայելը բավարար է ազգությունը որոշելու համար։
  • Պա՛պ, հավե՞ս չի Հայաստանում։
  • Չէ՛,- չոր էր  ու կոպիտ, դրանից էլ փոքրիկի աչքերի փայլը կարծես անհետ կորավ։

Եթե փոքրիկն իմանար, թե ինչքան հավես ակնթարթներ են ամեն օր լցնում Հայաստանը, երևի թե չէր հավատա այդ չոր ու սաստող պատասխանին, աչքերի փայլն էլ հաստատ հետ կվերադառնար։ Ախր, Հայաստանում ամեն-ամեն ինչն է հավես՝ զով առավոտները և շոգ կեսօրները, մարդաշատ փողոցները, դպրոց գնացող երեխաներն ու երեկոյան ժամերին փողոցների լռությունը խլացնող համերգները։ Հայաստանում նույնիսկ մարդիկ են հավես։ Նրանք միշտ պատրաստ են քեզ օգնել, անկախ նրանից` ծանոթ եք, թե անծանոթ, հայ ես, թե գերմանացի, մանուկ ես, թե պատանի։ Հայաստանում նույնիսկ մետրոն ու օդանավակայանն են հավես։ Հավես են պոնչիկանոցի քաղցր պոնչիկներն ու ծորակից եկող սառը ջուրը։ Ու նույնիսկ եթե տարիներով Հայաստանում ոչ մի բան չփոխվի, Հայաստանը միևնույնն է, ամենահավես երկիրը կմնա։