Հավերժ հերոս

Ասում են՝ մանկության ընկերներն ամենաիսկականներն  են։ Կարենը իմ դասընկերն էր, մանկության ընկերը։ Դպրոցական տարիներից էլ պարտաճանաչ էր, իր ասածի տերը, պատասխանատու, կամային։ Ամենից շատ սիրում էր սպորտը։ Ասում էր՝  եթե մի օր չմարզվեմ, չեմ կարող քնել։

Դասարանում քսաներկուսն էինք, տասնհինգը տղաներ էին։ Դպրոցն ավարտելուց հետո տասնմեկը գնացին ծառայության։ Կարենն էլ գնաց։ Ծառայում էր Քարվաճառում, Օմարի լեռներն էր պաշտպանում։ Արժանապատվորեն էր կատարում իր գործը՝ առանց մի անգամ բողոքելու։ Կարենի տեսակը ճանաչող մարդիկ երբևէ չեն կարող կասկածի տակ դնել նրա հայրենասիրությունն ու սեփական կյանքն ընկերոջ համար վտանգելու պատրաստականությունը։

Բայց պատերազմը… տարավ լավագույններից մեկին։ Փամփուշտները լավագույններին էլ սիրահարվում են…

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված արցախա-ադրբեջանական պատերազմի 14-րդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենիքի պաշտպանության համար զոհվեց 19-ամյա Կարենը։ Թշնամին ռմբակոծել էր թաքստոցը, Կարենը վիրավորվել էր թիկունքից։ Ուժեղներին միշտ էլ թիկունքից են հարվածում։

Վերջին անգամ խոսել էր ծնողների հետ։ Ասել, որ շատ ընկերներ է կորցրել, բայց հանգիստ լինեն, ինքը լավ է։
Քույրը պատմում է, որ Կարենի զոհվելուց հետո ընտանիքին ապրեցնում է նրա ծիծաղն ու ձայնը, որ ամեն անգամ լսվում է տուն մտնելիս։ Ասում է՝ հպարտությունը մեծ է, բայց ցավն ավելի քան։

Կարենը տան միակ որդին էր։
Ժպտադեմ, աշխույժ, կյանքով լեցուն և չափազանց անկեղծ. Այդպիսին եմ հիշում Կարենին։

Մենք դասարանում քսաներկուսն էինք, քսաներկուսն էլ մնացել ենք։ Կարենն անմահացավ։ Նա միշտ մեզ հետ է, մեր ամենավառ հիշողություններում։

Նա հայրենիքի սրտում Հավե՜րժ Հերոս է…

Փա՜ռք…