seda mkhitaryan

Հատման և զուգահեռվելու քաղաքը. Վանաձոր

Եթե գաս այս քաղաք, դու նախ վերարկուդ կկոճկես։ Հետո անձրևանոցդ կբացես, եթե անձրևանոց չունես, գլխարկդ կքաշես գլխիդ։ Եթե գլխարկ էլ չունես, ուրեմն կթրջվես։

Կքայլես ամենաբանուկ փողոցում։

Մարդիկ շատ չեն լինի։ Բայց այդ քչերից շատերը հետաքրքիր կլինեն քեզ։ Կքայլես։ Մեծ փողոց չէ։ Բայց սա ամենամեծն է։ Այո, այստեղ քիչ մարդ կա։ Քիչ գույներ կան։ Բայց այնքան գունավոր է։ Գունավոր տարբերություններ։ Գունավոր նմանություններ։ Համալսարանի դռների մոտ կանգնած երեք հոգուց երկուսը խմբագիր-գրողներ են, մյուսը` գրականագետ։ Գրականագետը ծխում է։ Գրողներց մեկը ուղղում է ակնոցը ու ականջիդ է հասնում Թումանյանի տողերից մեկը։ Գրականագետը լուռ ժպտում է։ Դու կանցնես ժպիտով ու առաջ կգնաս։ Տե՛ս, Դավիթն է՝ Պայքարի հետ (մեծատառով եմ գրում, որովհետև անունն է Պայքար)։ Երկար մազեր ունեն։ Միանգամից հասկանում ես. այո, սա ռոքի քաղաքն է։ «Որդան կարմիրի» տղերքն են։ Հասնում ես Արցախ պուրակ։ Ես այստեղով անցնելիս միշտ մտածում եմ, որ մի ժամանակ «Լավ էլի»-ն այստեղ համերգ է տվել։ Հա, դե արդեն ասացի՝ սա ռոքի քաղաքն է։ Լավ երաժշտության, լավ մարդկանց ու «Լավ էլի»-ի քաղաքը։ Էս մայթին ռոքն էր։ Մյուս մայթում սև շորերով տղաներ են, երկար «չոլկա» ունեն։ Դուք նրանց ռաբիս եք անվանում։ Այս քաղաքը հակասությունների բախման կետն է։ Բայց չէ, բախում չկա։ Սա հակասությունների հատման կետն է։ Հատման կետում կհանդիպես մի խումբ երիտասարդների։ Մեկը ֆիլմեր է նկարում։ Հետո հայտնի կդառնա։ Եթե իհարկե վանաձորյան տրամադրությունը շարունակվի նրա մեջ։ Մյուսը նկարիչ է։ Էս մեկն էլ լուսանկարիչ։ Այստեղ շատերը տաղանդավոր են։ Իսկ եթե տաղանդավոր չեն, ուրեմն չգիտեն, թե ինչումն է իրենց տաղանդը։

Մոխրագույն քաղաքը գունավոր են դարձնում տաղանդները։ Հատման կետում բոլորը ապրում են իրար կողքի ու գոհ են։ Մեկը մի անգամ ասաց, որ այս քաղաքում մարդկանց մի մասը շատ զբաղված է, մյուս մասը` շատ պարապ։ Ծայրահեղությունների քաղաք է Վանաձորը։

Սա քաղաք է, որտեղ ես չեմ ծնվել, ու չեմ ապրում։ Սա քաղաք է, որտեղ ես սովորում եմ, ու ոչ միայն համալսարանում։ Սա քաղաք-ուսուցիչ է, որի պատերի տակ զրույցները հզոր դասախոսություններից ավելին են, որի փողոցներում քայլում են տաղանդները, ու որի երկինքը միշտ մոխրագույն է։ Սա հատման ու զուգահեռվելու քաղաքն է միաժամանակ։