estela voskanyan

Հատված «Բիթլզից» ու նոստալգիայից

Աչքերս փակելու ու քնել փորձելու անհույս ջանքերս անհաջողության էին մատնված: Անհաջողության էր մատնված նաև իմ՝ ինձ հաջորդ օրվա վաղ արթնանալն ու համալսարան գնալը հիշեցնելու միջոցով քնել ստիպելը։ Չէ, չէր ստացվում: Ուղեղս, մի տեսակ, չէր ուզում անջատվել: Կողքի սենյակից` Բիթլզի «Միշել»-ն էր լսվում․ երևի հեռուստացույցը միացրած էր մնացել, ես էլ կրկնում էի․

Michelle, ma belle

These are words that go together well,

My Michelle…

Ու էսպես երևի անընդհատ կկրկնեի, եթե չզգայի, որ երգը վաղուց ավարտվել է, հեռուստացույցն անջատվել, իսկ ես արդեն Yesterday-ին եմ անցել:

Զավեշտալի էր, ինչ խոսք։

Վեր կացա, անիմաստ պառկելուց ու գլխիս մեջ անընդհատ նույն բառերի կրկնությունից նյարդայնանում էի: Բայց Բիթլզն ինձ չէր լքում, իսկ ես արդեն փորձում էի համակերպվել նրա ներկայությանը: Հետաքրքիր է, ՄաքՔարթնին իր պացիֆիստական երգերը գրելուց առաջ մտածո՞ւմ էր, որ դրանք մի օր խանգարելու են 19-ամյա հասարակ աղջկան պառկել ու աչքերը հանգիստ փակել: Ես ասացի խանգարե՞լ, կներեք…

Հայացքս սահեց պատուհանից դուրս: Փողոցի լույսերը թույլ լուսավորում էին փոշոտ մայթերը, փոշո՜տ մայթերը: Դեմքիս աննկատ մի ժպիտ երևաց։ Ամեն անգամ էս փողոցին նայելիս՝ ինձ մոտ նոստալգիկ զգացումներ են առաջանում։ Ամեն անգամ հիշում եմ էս փողոցի վրա անցկացրած վայրկյանները, էն հույզերն ու զգացումները, որ ապրել եմ։ Աչքիս առաջ են մեր թաքստոցներն ու զենքերը, որ պատրաստում էինք, երբ հարևան թաղի երեխեքի հետ կռիվներ էինք անում, բայց աչքիս առաջից էդ բոլոր երեխեքը շատ աննկատ ցրվեցին, ու այժմ չգիտեմ էլ, թե որ կռիվներին մասնակցեցին…

Ու զգում եմ, որ մի օր մի անկյունում կամ գուցե ճոխ սեղանի շուրջ նստած՝ հիշելու ենք մեր խաղերը, կատակները, երազները, անուրջները, դժվար ու նեղ օրերը։

Հիշելու ենք, թե ինչպես էին մեր հույսերը՝ սահմանները կորցրած, թափառում, երազում, մեզ համար ապագա կառուցում: Հիշելու ենք լուսացրած գիշերներն ու առավոտները, մայրամուտներն ու հորիզոնները, ժպիտներն ու արցունքները: Հիշելու ենք էն բոլոր երդումները, որ իբր իսկական ընկերներ՝ անբաժան ենք մնալու։

Ավաղ, ժամանակը, գնալով առաջ, մեր երազանքներն էլ տարավ, ու անբաժան մնալու խոստումները փոշոտ փողոցում մնացին…

Աչքերս փակելու ու քնել փորձելու անհույս ջանքերս անհաջողության էին մատնված: Անհաջողության էր մատնված նաև իմ` ինձ հաջորդ օրվա վաղ արթնանալն ու համալսարան գնալը հիշեցնելու միջոցով քնել ստիպելը…