Հարազատ միջավայր

Ինձ միշտ հետաքրքրել է կենդանական աշխարհը: Յուրաքանչյուր կենդանի ունի իր առանձնահատկությունները և զբաղմունքը:
Հիշում եմ, միշտ առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել փողոցում մնացող կատուներին, խղճացել, կանգնել, մի քիչ մտածել ու հետո, գրկելով կենդանուն, վազել եմ տուն: Ճի՛շտ է, դժվար է այդքան կենդանիներ տանը պահելը, բայց ինձ միշտ հաջողվում էր համոզել տնեցիներին: Ամեն ձմեռ մի կատու դառնում էր մեր ընտանիքի անդամ: Տատս, տեսնելով նորեկ կատուներին, ամեն անգամ ասում է.
-Է՜, Սոֆյա՜, էլի՞ կատու: Լավ, բե՛ր, բե՛ր, տեսնենք էս մեկին որտեղ ենք տեղավորում:
Տատս արդեն հարմարվել էր իմ այդ բնավորությանը: Ձմռանը փոքրերին փորձում էի տուն բերել և տեղավորել վառարանի մոտ: Ա՛յ, դա համոզելը մի քիչ դժվար էր ստացվում:
Դպրոցից տուն կամ տնից դպրոց ճանապարհին, երբ մի կատու էինք տեսնում, և ես սկսում էի կանգնել ու մտածել, ընկերներս ասում էին.
-Էլի գնաց իրա կենդանական աշխարհը: Արի՛, ուշանում ենք, դրա ժամանակը չի:

Մանկությանս երազանքն էր՝ դառնալ մեծահարուստ և վարձել աշխատողներ, որոնց գործը կլիներ փողոցից գտնել անօգնական կենդանիներին և պահել: Բայց քանի մեծացա, այնքան հասկացա, որ երազանքս իրագործելը բարդ է:
Շանս երկու տարի է, ինչ պահում եմ. հայրս է գնել: Շանս անունը Հերման Է: Սիրում եմ պատուհանից հետևել շանս և կատուներիս խաղերին, հաճախ էլ` կռիվներին: Շունս միշտ փորձում է ընկերական հարաբերություններ ստեղծել կատուների հետ: Նրանք վախենում են և թաթով հարվածում շան պոչին, իսկ նա ավելի է ոգևորվում:

Ամռանը շանս հետ ֆուտբոլ եմ խաղում, իսկ կատուներս սիրում են, երբ իրենց հետ թելի կծիկով եմ խաղում:
Կատուներիցս մեկը շատ է կապված շանս հետ: Կարելի է ասել, որ նրանք անբաժան ընկերներ են: Ձմեռը նրանք միասին են քնում` չսառչելու համար: Հիմնականում չեմ սիրում կատուներիս անվանակոչել, բայց այս մեկի անունը Չիտա է, որի անունն էլ կապված է մեկ այլ պատմության հետ:

Ունեի մի շատ յուրահատուկ կատու, ում ամբողջ կյանքիս ընթացքում կհիշեմ: Նա միշտ ուղեկցում էր ինձ դեպի դպրոց: Շատ հավատարիմ էր, իսկ ես էլ շատ կապված էի նրա հետ: Մի օր էլ տուն վերադարձա, բայց նա չկար: Հետաքրքրվեցի և օրեր անց իմացա, որ մեքենայի տակ է ընկել: Դա ինձ վրա շատ ազդեց:
Ինձ համար դժվար է լինում նրանցից բաժանվել, բայց, երբ տեսնում եմ, որ կենդանիները շատացել են, և դժվար է նրանց պահելը, ես հետաքրքրվում եմ և գտնում եմ մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն պահել նրանց:
Վերջապես գալիս է ձմեռը, և միակ հոգսը, որ ես ունենում եմ, դա կենդանիներին տեղավորելն է: Հերմանը և Չիտանն մնում են ավտոտնակում, իսկ փոքրերը տան կողքի սենյակում, գիշերն էլ՝ վառարանի մոտ:
Հաճախ կենդանիների մեջ նկատում եմ այնպիսի հատկություններ, որոնք մարդկանց մեջ երբեք չեմ տեսնում: Երբ մենակ եմ լինում, սկսում եմ կիսվել կենդանիներիս հետ կամ պատմել անցկացրածս օրվա մասին: Իսկ նրանք էլ այնպիսի դեմքի արտահայտություն են ընդունում, իբր թե հասկանում են: Հուսամ, հասկանում են: