milena barseghyan

Հարգենք առանց թվերի

Գրում եմ այն մասին, որը գուցե բազմիցս անցել է քո մտքով, բայց անցնելիս երևի «կոնտակտային տվյալներ» չի թողել, որ հետո նորից կապվես հետը։ Դրա համար։

Վերնագիրը դրել ենք, դե, սկսենք։

Ամեն օր դու ծանր պայուսակով, դպրոցում հոգնելուց ու հետո էլ պարապմունքներով զբաղվելուց հետո, վերջապես որոշում ես հասնել տուն, չէ՞։ Ավտոբուսով պետք է գնաս ու «օրենքով» պետք է կանգնած գնաս ու ազատ նստատեղը զիջես մեծահասակներին, չէ՞։ Ինչո՞ւ դու նստած չես՝ որովհետև դու փոքր ես, իսկ նրանք՝ մեծ, «պետք է հարգել մեծերին»։ Անկեղծ ասած, մեր ու մեծահասակների իրավունքներն ու հնարավորությունները լիովին հավասար և նույնն են հասարակական տրանսպորտում։ Քննարկման ենթակա էլ չէ, որ և՛մենք, և՛ մեծահասակները նույն ուղեվճարն ենք տալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք զիջում։

Եթե հոգնած եմ, ուսապարկս լիքն է գրքերով, ոտքերս էլ հրաժարական են տվել, ու ուզում եմ նստած տուն հասնել, բոլորովին չի նշանակում, որ չեմ հարգում մեծերին, լա՞վ։ Որովհետև հարգել մարմինը, չափերը, և առավել ևս տարիքը՝ խելքին մոտ չէ։ Իմ ամենաչսիրելի արտահայտություններից է՝ «Գոնե տարիքը հարգի»։ Ես սովոր չեմ ու ոչ մի տեղ չեմ էլ կարդացել, որ պետք է տարիքը՝ թվերը հարգել։ Ոչ էլ կարդացել եմ, որ եթե չհարգեմ՝ անդաստիարակ պիտի կոչվեմ կամ «էս հիմիկվա ջահելնե՜րը…»։ Որովհետև թվերը հարգելը չէ կարևորը։

Հարգանքը իր ճիշտ իմաստը կրում է այն ժամանակ, երբ ավելացնում ենք «փոխադարձ» բառը ու մոռանում տարիքի մասին։ Բոլոր մեծահասակներին հարգելը ի՞նչ կանոն է, ես դա չեմ հասկանում, քանի որ ինձ համար հարգանքի չափորոշիչը տարիքը չէ։ Ես ինձնից փոքր երեխաներին էլ եմ հարգում և ուզում եմ բոլորդ էլ հարգեք նրանց՝ երեխաներին։ Դիմացինի հանդեպ հարգանք ցուցաբելերու համար կարևոր չէ, որ նա չորս տարեկան է, շիկամազ է, օտարերկրացի, կապույտ մազերով է կամ մաշված շապիկով։ Կարևոր չէ։ Դե՞մ չեք, որ չափորոշիչը լինի փոխադարձությունը, փոխադարձ հարգենք իրար, մարդկանց հարգենք անկախ իրենց, օրինակ՝գույնից։

Մի քիչ էլ «դու»-ի ու «Դուք»-ի մասին բարձրաձայնեմ ու հետո ավարտեմ, թողնեմ՝ մտածեք ու հակաճառեք։

Հարգանքի դրսևորում է «Դուք»-ով խոսելը։

Ավտոբուսում վարորդի հետ «դու»-ով խոսելը՝ «կանգառում կկանգնես»-ը, մեծահասակի կողմից ավելի անշնորհք վարքագիծ է, քան իմ, որ նրան չզիջեցի կիսակոտրած նստատեղը։ Հարգո՞ւմ է վարորդին, Ձեզ եմ հարցնում։

Կամ, եթե ինչ-որ մի կին ուզում է իմանալ երեխայի անունը ու հարցնում է՝ անունդ ի՞նչ է, արդեն ակնհայտ նեղանալու առիթ կա այդ կնոջից, քանի որ տարիքը կապ չունի, ու «Դուք»-ով խոսելը հարգանք է։

Ձեր անունն ի՞նչ է, սիրելիս, ես Ձեզ հարգում եմ ու բոլորովին ինձ չի հետաքրքրում, թե քանի տարեկան դարձաք Ձեր ծննդյան օրը, ես այդ թվերով ոչինչ չեմ որոշում։