Anush margaryan

Հարրի Փոթերը և մագլների բանտարկյալը

-Անուշ, վառի՛ր լույսը:

-Լավ, մամ… «Լյու՛մուս»…

-Աստվա՜ծ իմ, կրկին այդ «Հարրի Փոթերը», այս անգամ որքա՞ն եք պատրաստվում Ձեզ Հարրի Փոթեր զգալ ու ամեն վայրկյան «կախարդել»:

-Է՜, մա՛մ, ա՜խր, մագլները ոչինչ չեն հասկանում կախարդական աշխարհից:

Երբ փոքր էի, ամեն անգամ հեռուստացույցով Հարրի Փոթերի ձայնը լսելիս, տան որ ծայրում էլ լինեի՝ հիվանդ կամ տխուր, միանգամից՝ մինչև ականջներս ձգվող ժպիտով ու շողացող աչքերով, վազում էի հյուրասենյակ: (Չնայած՝ մինչև այժմ էլ ոչինչ չի փոխվել):

-Պապի՜կ, Հարրին է, վազի՜ր:

Պապիկիս հետ էի սիրում դիտել. ֆիլմի ամեն վայրկյանը մի աշխարհ էր ինձ համար:

Այսօր, երբ պապիկս հյուր եկավ, դիտում էի Հարրի Փոթերը:

-Անուշ ջան, անիրական հեքիաթ է: Քանի՜ տարի է նույն բանն ես դիտում:

-Պապ, լսի՛ր, օրինակ, «Ձյունե թագուհին» հեքիաթը 7 տարեկանում կարդալիս նո՞ւյնը կզգաս, ինչ, եթե կարդաս այն 67 տարեկանում:

-Չէ՛, ճիշտ ես, աղջիկս, տարիքի հետ փոխվում է մարդու մտածելակեպը, փոխվում են հայացքները: Նույնն է թե՝ դեռ չհասած ծիրանն ու արդեն հասունը ուտելիս նույն համը զգաս:

-Տես, պապ, այդպիսին է նաև Հարրի Փոթերը: Երբ 8 տարեկան էի, ինձ համար ֆիլմի գլխավոր իմաստն այն էր, որ բարին միշտ հաղթում է չարին: Իսկ այժմ… Օ՜հ, բառերով չեմ կարող բացատրել:

Հարրի Փոթերը լոկ մի տղայի մասին պատմող պատմություն չէ: Երբ դու հանդիսավոր երդվում ես, որ «մտքիդ լավ բան չկա» և հրամայում հայտնել գաղտնիքները, քո առջև բացվում է մի ամբողջ կախարդական աշխարհ: (Դե, եթե դիտել ես «Ազկաբանի բանտարկյալը», կհասկանաս, թե ինչի մասին է խոսքը): Այստեղ ամեն մի կերպար՝ ավտոբուսի վարորդից սկսած մինչև Լալկան Միրթլը, իր հոգում ունի յուրօրինակ ու անչափ հետաքրքիր աշխարհ: Երբ դու, ինչպես փոքրիկ նավակ, լողում ես կախարդանքի ծովում, զգում ես՝ որքա՜ն գունավոր ու պայծառ է ամեն բան: Օրինակ, հենց սկզբում, Հարրիի և Ռոնիի առաջին զրույցի ժամանակ՝ աշխարհը քո աչքերում 180 աստիճան շրջվում է… Շոկոլադե գորտեր, որոնք կարողանում են թռչել պատուհանից, կոնֆետներ՝ անհավանական համերով, նկարներում շարժվող մարդիկ… Խոստովանիր, որ չտեսնվա՜ծ է:

Բացի կախարդանքը, այն նաև օգնում է ծանոթանալ բրիտանական մշակույթին: Օրինակ, 16 տարեկան աղջիկը, ով ապրում է Հայաստանում, որտեղի՞ց պետք է իմանար երկհարկանի ավտոբուսների մասին և ողջ հոգով երազեր դրանք մոտիկից տեսնել, եթե չլիներ այս պատմությունը:

Լավագույն պատմությունները նրանք են, որոնք ստիպում են քեզ լաց լինել և ծիծաղել միաժամանակ: Այսպիսին է նաև «Հարրի Փոթերը»: Խենթ Ուիզլի երկվորյակները, ովքեր ցանկացած իրավիճակում չեն կորցնում հումորը. նույնիսկ այն ցավալի պահին, երբ վնասվում է Ջորջի ականջը, նրանք չեն դադարում անել կատակներ ականջների մասին:

Ի վերջո, այս պատմությունն օգնում է քեզ հասկանալ, թե որն է իսկապես կյանքի իմաստը: Հերմիոնայի անսահման խելքը, Հարրիի քաջությունն ու Ռոնիի հավատարմությունը յուրաքանչյուր ակնթարթ հետևում են քեզ, նրանց ընկերությունը դառնում է քո երազանքը:

Ի դեպ, մամ, լույսի հետ կապված, մոռացա ասել. նույնիսկ ամենամթին ժամանակներում կարելի է երջանկություն գտնել՝ հարկավոր է միայն լույս վառել: Դամբլդորի խոսքերն են, մամ, հիմա կվառեմ լույսը:

Երբեք մի դադարեք հավատալ կախարդանքներին…