sveta davtyan

Հարրի Փոթերն ու ես

Աշխարհը փոխելու համար կախարդանքը պարտադիր չէ: Դա անելու ողջ ուժն արդեն մեր մեջ է:

Չկա ավելի լավ և հետաքրքիր բան, քան նոր գրքերի հետ ծանոթանալը: Աշխարհում գոյություն ունի 129 միլիոնից ավելի գիրք: Երևի անհնար է այդ բոլոր գրքերը կարդալ նախասիրությունների և ժամանակի սղության պատճառով, բայց կարծում եմ` յուրաքանչյուրի կյանքում էլ կան գրքեր կամ գոնե մեկ գիրք, որը մեծ ազդեցություն է ունեցել ընթեցողի կյանքի վրա, կամ ընթերցողը իրեն է նմանեցրել հերոսին:

Իմ կյանքում կա նման գիրք, որից ես շատ բան եմ սովորել, ոգեշնչվել ու հասկացել:

Հասկանում ես, որ լավ է գիրք կարդալը, երբ տխուր ժամանակ այն ընթերցում ես ու կորչում են արցունքներդ գրքի թերթվող էջերի մեջ:

Հասկանում ես, որ լավ է գիրք կարդալը, երբ կյանքում լինում է մի իրավիճակ, և արդեն գիտես` ինչպես վարվել, չէ՞ որ սովորեցրել է գլխավոր հերոսը:

Հասկանում ես, որ լավ է գիրք կարդալը, քանի որ այն միշտ քո պայուսակի մեջ է, մենակ չի թողնում քեզ, ինչպես մտերիմ ընկերը:

Հիմա կարդում եմ ամեն տեղ՝ տանը, այգում, լինի լռություն, թե աղմուկ, ուրախ ու տխուր ժամանակ: Ու հերթով դառնում եմ այն գրքի հերոսուհին, որը տվյալ ժամանակ կարդում եմ ու սովորում եմ, բացահայտում եմ նորը:

Հիշում եմ՝ 7 տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմը։ Շատ էի տպավորվել ու դեռ չգիտեի, որ հետո կարդալու եմ գիրքը, որն էլ տարիներ անց իմ բարձի տակի գիրքն է դառնալու, հեղինակի մտքերն եմ կարգախոս ընտրելու, հերոսներիս ուրախությամբ եմ ապրելու ու նրանց հետ միասին կորուստը սգալու:

Տարիներ անցան, բայց Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» գիրքը մնաց ինձ հետ, որը իսկապես սրտիս մի անկյունում իր համար ապահով պատսպարվել է: Կարծում եմ՝ այն ծանոթ է բոլորին, եթե անգամ չեն կարդացել, ֆիլմը հաստատ դիտել են: Ուզում եմ, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ լինի պատրոնուս` լինի դպրոցում, համալսարանում, թե աշխատանքի վայրում: Հանդիպենք մեր Ալբուսին, գտնենք մեր Սիրիուսին, որը կգա ճիշտ ժամանակին ու կպաշտպանի ամեն ինչից ու բոլորից և կօգնի ճանապարհին հայտնված դեմենտորներին հաղթել: