gohar petrosyan yerevan

Հարցեր և խնդիրներ

Բոլոր ժամանակներում էլ եղել են հարցեր, որոնք մտահոգել են հասարակությանը: Այդ հարցերից շատերը բարձրաձայնվել և ստացել են իրենց լուծումները, իսկ մի շարք հարցեր էլ ուղղակի չեն բարձրաձայնվել:
Ինձ ամենից շատ հետաքրքրում են երիտասարդները, ուստի որոշեցի անդրադառնալ նրանց հուզող հարցերին, խնդիրներին և մտահոգություններին:
Մի քանի հարց ու պատասխանի արդյունքում պարզ դարձավ, որ խնդիրների շարքում են դասվում կրթական համակարգի բացթողումները:

Ինչպես իրենցից մեկը շեշտեց. «Ավագ դպրոցում ու քոլեջներում ուսուցման ուրիշ ձև պիտի լինի»:

Որոշները դժգոհում են ավագ դպրոցների ուսուցման մակարդակից: Ասում են. «Անիմաստ է 12 տարի դպրոց գնալը: Մակերեսորեն կրկնում ենք անցած տարիների սովորածը, ուսուցիչներն ու աշակերտները մատների արանքով են նայում դասերին: Ավելորդ գումարներ ենք վատնում, գնում մեկ այլ տեղ պարապում ենք ընդունելության քննությունների համար, բայց դրա փոխարեն կարող ենք դպրոցում կենտրոնանալ այդ առարկաների վրա: Անգամ ուսուցիչները չեն ցանկանում մանրակրկիտ սովորեցնել: Չհաշված տղաների բանակ գնալը. որոշները դեռ դպրոցի քննություններից աչք չբացած՝ բանակ են գնում»:
Դպրոցական համակարգի հետ կապված, մեկ ուրիշն էլ ավելացրեց. «Իմ ասածը ավելի շատ ֆինանսավորման հետ կապ ունի։ Օրինակ, մարզային դպրոցներում ջեռուցման ապահովումը, լավ պայմանների ստեղծումը և այլն։ Ու դա էլ կապ ունի արտագաղթի հետ՝ ըստ իս: Օրինակ, մեր դպրոցում մենք ձմեռը չէինք կարողանում առանց բաճկոն միջանցքում ման գալ։ Ճիշտ է, հետո պատուհանների փոխելը օգնեց, մի քիչ դպրոցը տաքացավ, բայց դե մեկ է։ Ջեռուցում պիտի ապահովված լինի, որ վերջապես հիվանդությունների քանակն էլ նվազի: Հա ու չեմ կարող չանդրադառնալ կոռուպցիային: Էն, որ սկսել են վերջերս պայքարել կոռուպցիայի դեմ ու դրա համար արգելել են դրամահավաքները դպրոցներում (օրինակ, արգելել են դպրոցական համազգեստ կարել՝ վերջին զանգի համար, էքսկուրսիաների համար գումար հավաքել): Բայց ինչո՞ւ: Ոչ պետությունն է ֆինանսավորում, ոչ էլ հիմա թույլ են տալիս դրամահավաք անել։ Բա հետաքրքիր է, ժողովուրդը ինչպե՞ս պիտի ապահովի իրենց երեխաների կյանքը դպրոցներում: Չեմ ասում՝ ամեն ինչը վատ է: Մի կողմից՝ ես կողմ եմ էդ կանոններին ու օրենքներին, որովհետև եղել են դեպքեր, երբ օրինակ, փող է հավաքվել դասարանի համար, բայց չգիտես որտեղից, տնօրենի սեղանի վրա համակարգիչ է հայտնվել, էն էլ լավ մոդելի (էս ես ընդհանուր եմ ասում, կոնկրետ իմ դպրոցի մասին չէ)»:

Մեկ ուրիշն այսպիսի մտահոգություն ուներ. «Մարդկանց մեջ տարբերություն են դնում: Օրինակ, խմբերով են շփվում։ Մեկը մյուսին ակնարկում է, որ իբր իրենց խմբի նման չի ու չի կարող իրենց հետ շփվել»:

Հաջորդ մտահոգությունը կապված էր կարծիքի արտահայտման հետ: Երիտասարդներից մեկն ասաց. «Շատ ժամանակ մարդու կարծիքը հաշվի չեն առնում. թե՛ մեծ, թե՛ փոքր, թե՛ հարուստ, թե՛ աղքատ… Ամեն ոք իր կարծիքը պարտավոր է արտահայտել՝ առանց նայելու ուրիշի հարմարությանն ու ցանկությանը: Բայց մարդիկ իրենց կարծիքը չեն արտահայտում զուտ նրա համար, որ կարող է դիմացինի դուրը չգալ»:

Երիտասարդությանը հուզում է նաև առողջապահության հարցը: Նրանցից մեկն ասաց. «Առողջապահության մեջ լիքը խնդիր կա։ Ճիշտ է, ես այդ ոլորտի հետ ընդհանրապես կապ չունեմ, բայց ակնհայտ երևում է մի քանի հարց։ Ինչո՞ւ է հիվանդ մարդը գնում բժշկի, որից հետո էլ ավելի վատացած փնտրում ուրիշի։ Ինչո՞ւ են շատ բժիշկներ առաջին հերթին դրամը տեսնում, հետո նոր՝ հիվանդին: Չեմ ասում բոլորն այդպիսին են, բայց ավելի շատ է այդ վիճակը: Դրա համար շատերը չեն գնում բժշկի, միայն երբ դանակը ոսկորին է հասնում։ Իմ կարծիքով խնդիրը ոչ թե հայի մտածելակերպի մեջ է, այլ հայի առողջապահական ոլորտի…»:

Ճիշտ է, հարցեր միշտ կլինեն և երբեք չեն վերջանա, սակայն գոնե խնդիրներին լուծումներ են հարկավոր: Չնայած հուզող հարցերն էլ ի վերջո խնդիրների են վերածվում, ուստի պետք չէ աչքաթող անել ոչ մի հուզող հարց և խնդիր: