Հեղափոխության՝ օվկիանոսից այս կողմ անցած ոգևորությունը

Լուսանկարը՝ Անի Թադևոսյանի

Լուսանկարը՝ Անի Թադևոսյանի

Վերջապես եկավ այն Հայաստանը, որին այսքան երկար ժամանակ է՝ սպասում էինք ողջ ազգով։ Այն ամենը, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ամենագեղեցիկ և ոգեշնչող բանն է, որ տեսել էի ծնվածս օրվանից։ Մեր ժողովուրդը, որ միշտ հպարտանում էր իր փառավոր անցյալով ու պատմությամբ, այսօր արդեն իրավունք կունենա հպարտանալ իր ոչ պակաս փառավոր ներկայով՝ ապացուցելով, որ մենք այն նույն ազգի զավակներն ենք, որ մի օր ծովից ծով Հայաստան է ունեցել։

Ինչպես գիտես, սիրելի՛ բարեկամ, հիմա Հայաստանում չեմ, չնայած այն բանին, որ այս պահին աշխարհում ամենաշատը այդտեղ կուզեի լինել։ Բայց հավատա, որ տեղյակ եմ ամեն անցուդարձից, քեզ հետ միասին ապրում եմ բոլոր զգացումները։ Քեզ հետ միասին մերժում եմ, քեզ հետ միասին ոգևորվում, հուզվում ու ըմբոստանում։

Շարժման առաջին օրվանից սկսած՝ այն ոգևորությունը, որ սփռված էր Հայաստանում, անցավ օվկիանոսը և ինձ էլ հասավ։ Հավատա՝ ամբողջ կյանքում այսքան ուշադրությամբ ու ոգևորությամբ լուրերին չէի հետևել, ինչ վերջին մեկ ամսում, երբեք ժամերով նստած ուղիղ եթեր ու ԱԺ պատգամավորների ելույթներ չէի նայել ու սրտի թրթիռով քվեարկության արդյունքների չէի սպասել։

Գիտե՞ս՝ շատ դժվար է, երբ սիրտդ մի տեղ է, դու՝ ուրիշ։ Իմ սիրտը մեր հայրենիքում է, քո կողքին, բայց մեր միջև է ընկած հսկայական օվկիանոսը, որը այս պահին անհնար է դարձնում իմ՝ ֆիզիկապես կողքիդ լինելը։ Կուզեի այդտեղ լինել և քեզ հետ միասին դասադուլ անել, ճանապարհները փակել, հրապարակում ժամերով կանգնել ու հանրահավաքի մասնակցել։

Մտքումս բացի հեղափոխությունից ուրիշ ոչինչ չկա։ Տանեցիների հետ խոսելիս անընդհատ նույն թեման եմ բացում։ Բայց էլ ի՞նչ ուրիշ թեմայի մասին է խոսքը, երբ հայրենիքումդ կատարվում է այդքան բաղձալին ու անհավանականը։

Մոտ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 22-24-ին, Չիկագոյում էի 50-ից ավելի այլ փոխանակման աշակերտների հետ՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած։ Մեր տարեվերջյան հանդիպումն էր՝ տարին ամփոփելու և հավաստագրեր ստանալու համար։ Առաջին բանը, որ 23-ի առավոտյան արեցի, արդեն սովորություն դարձած լուրերը նայելն էր։ Եվ այն, ինչ տեսա, կյանքում առաջին անգամ ինձ ստիպեց ուրախությունից լացել․ դա ժողովրդի հաղթանակն էր։ Ուրախությունից բոլորին պատմում էի, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Իսկ օրվա ընթացքում մեր կազմակերպության նախագահը ինձ կանչեց իրենց սեղանի մոտ և ցույց տվեց մեր հաղթանակի մասին հոդվածը։ Ես հպարտորեն ժպտացի ու ասացի, որ գիտեմ ու ամբողջ օրը այդ լուրերին եմ հետևում։ Հետո, երբ պատրաստվում էի նորից վերադառնալ ընկերներիս մոտ, լսեցի կոորդինատորիս՝ ասելիս․

-Փաստորեն, մարդիկ փողոց դուրս գալով իրոք կարողանում են մի բան փոխել։

Սիրելի՛ բարեկամս, այն, ինչ անում ես հիմա Հայաստանում, բոլորի հետ միասին մեզ ամբողջ աշխարհի համար օրինակ է դարձնում։

Հ․ Գ․ Հիացմունքս ու ոգևորությունս առաջին հերթին ժողովրդիս կամքի ու ուժի համար է, և հետո միայն՝ քաղաքական առումով։