sargismelknyan12

Հեղափոխությանը հետահայաց

16-ն էր։ 8։41 արդեն պիտի տանից դուրս գայի դպրոց գնալու համար։ Մեսրոպը գրեց․ «Հավաքվում ենք՝ գնանք ցույցի»։ Չէի սպասում․ գրեցի՝ վստա՞հ ես։ Հա՝ պատասխանեց։ Լավ։

Ու ես վերցրի դրամատուփիս միջի 2100 դրամը, պայուսակս բեռնաթափեցի՝ թողնելով 2 գիրք, մի տետր ու մի գրիչ, դրեցի 17-ի թղթակցի վկայականը (որովհետև գիտեի, որ թղթակիցները հավաքի մասնակիցներ չեն հանդիսանում, ու որ նրանց բերման չէին կարող ենթարկել), ջուր դրեցի, հետո հանեցի, հետո էլի դրեցի, վերցրի դրոշը (մեզ պահապան) ու սովորականի պես անսովոր զգացումներով դուրս եկա տանից։

Ճանապարհին հիշեցի ամսի 9-ը, երբ երեկոյան հեծանիվով իջնում էի գյուղամեջից ու հանդիպեցի տղերքին։ Ցույցերից էինք խոսում։ Հետո արդեն նկարներ հայտնվեցին համացանցում։ Շատ մարդիկ էին երևում Ազատության հրապարակում։ Տղերքն ասացին, որ Վասի պապին էլ է էնտեղ։ Ես էլ կուզեի՝ մտածեցի։ Հետո գնացի հեռախոսս լիցքավորելու։ Միացա «Ազատության» ուղիղ հեռարձակմանը։ Հետո ընկերներիս հրապարակումները եղան։ Հիշում եմ Սոսեի փոստը, թե ինչպես էր իր կողքին կանգնած տարեց մի կին ասում․ «Ամբողջ կյանքս հեռուստացույցի դիմաց սպասել եմ, որ երկնքից աստղեր բերեն, այսօր ես եմ եկել աստղեր իջեցնելու»։

Երեկոյան գրում եմ ընկերներիս։ Ասում են, որ ցույցերի են գնալու։ Չեն հարցնում՝ կգա՞ս, որովհետև աշխարհի չափ կուզեի էնտեղ լինել, բայց չէի կարող տանը դրա մասին ասել։

Դպրոց եմ հասնում։ Մեսը մուտքի մոտ կանգնած է։ Ասում եմ՝ ովքերո՞վ ենք գնում։ Ասում է՝ ես ու դու։

-Լավ,- ասում եմ,- արի գոնե առաջին ժամը նստենք, նոր կգնանք։

Դասարան ենք մտնում, խոսում ենք տղերքի հետ, ու բոլորը թերահավատությամբ են նայում էս ամենին։ Գնանք՝ մեզ բռնեն տանե՞ն․․․ Սաղ սարքած ա, մեկ ա բան չի փոխվի։ Հետո 11-երին ենք ասում, որ գան, միանան, գնանք ցույցի։ Միայն Արփին է միանում։

Ես, Մեսը, Վասը (որի պապին դեռ ամսի 9-ից էր Ազատության հրապարակում) ու 11-երի Արփին գնում ենք տուն։ Տաք իրեր ենք վերցնում։ Ու շուտ դուրս գալիս։ Աշտարակում լիքը մարդիկ են ավելանում գազելում։ Հետո ինչ-որ մեկն է նստում, ով ճանաչում էր մեր ծնողներին։ Հարցնում է՝ ո՞ւր եք գնում։

Ցույցերի՝ ասում ենք․․․ Հետո տնեցիք են զանգում, ուսուցիչները․․․ Հետո պապային մի կերպ համոզում եմ, որ ամեն ինչ կարգին է։ Հետո մաման է սկսում։

Հաղթանակի կամրջի մոտ հասնում ենք ցուցարարներին։ Դա մեզ քաղաքացի զգալու առաջին պահն էր։ Միանում ենք ամբոխին ու գոռում «քայլ արա», բայց չենք շարունակում, որովհետև գիտեինք, որ ամեն ինչ չէ, որ Սերժ Սարգսյանի պատճառով է։ Շարունակում ենք ճանապարհը, հետո զանգում ու այնպիսի բաներ են ասում, որ տուն չգնալը անհնար էր։ Քայլելով վերադառնում ենք, նստում ենք տաքսի։ Հետ ենք գնում։

Դպրոցում բոլորի հայացքները մեզ վրա են։ 3 տղա և 1 աղջիկ։ Ըմբոստնե՞ր։ Քաղաքացիներ։

Հետո զրկվում եմ հեռախոսից։ Երկու-երեք օր հետո ամբողջ դպրոցն է փախչում դասից։ Մաման, որ դպրոցում էր աշխատում, ասում էր՝ մի գնա։ Խնդրում եմ, մի գնա։ Ու ես ինչ-որ կերպ հանուն մամայի խեղդեցի իմ միջի քաղաքացուն։ Չգնացի։ Հետո տղերքը հետ եկան։ 23-ն էր։ Ասացին՝ գնում ենք Երևան։ Ասացի՝ մամ, պապ, կներեք, բայց գնում ենք ցույցի տղերքով։ Պապան, թե՝ ես էլ եմ գալիս։ Ճանապարհին ռադիոն ասաց, որ Սարգսյանը հրաժարական էր տվել։ Իրար էինք նայում չհավատալով։ Հետո քաղաքացու երգը հնչեց, հետո ձայնային ազդանշաններ, մեքենաներից կախված դրոշներ․․․ էս ամենը չէր տեղավորվում ուղեղումս։ Հաղթեցի՞նք, ինչ է․․․

Ամսի 24-ի առավոտյան հիշատակի երթ պիտի կազմակերպեինք դպրոցում։ 10-ին հավաքվում ենք դպրոցի բակում։ Գալիս էին ուսուցիչները, ու մենք նայում էինք նրանց դեմքին, թե՝ տեսա՞ք։

-Տեսանք ու հպարտ ենք ձեզնով,- ասում են։

Բայց մենք դեռ չենք հավատում էս ամենին։

25-ին հավաքվում ենք դպրոցում ու գնում ենք Աշտարակ միասին։ Հաջորդ օրը ուսուցիչները իմ տպավորություններից էին հարցնում, ու ես լռում էի, որ հրաժարականից հետո արդեն էն չէին ցույցերը, որոնք էին սկզբում։ Լռում էի, թե ցույցերի ժամանակ ինչ էր կատարվում, թե ոնց էր 16-17 տարեկան ցուցարարների մի խումբ բացում ուրիշների մեքենաների դռները ու ձայնային ազդանշաններ տալիս։ Թե ինչ էին գոռում երեխեքը Աշտարակում։ Լռում եմ ու ասում, որ երեխեքը գիտակից են, որ հասկանում են, թե ինչի համար են պայքարում։ Ու որ ինչ-որ բան անպայման փոխվելու է։

Էս ամենին խորացող հիասթափությունն է հետևում, որովհետև մարդիկ առանց պետհամարանիշների երթևեկում են հազարի տակ, հրապարակներում մերժում են քաղաքական աղբը, բայց կենցաղային աղբը չգիտեն, որ գետնին գցելը վայել չէ քաղաքացուն։

Ապրիլի վերջն էր, ու երեկոյան ես ու պապան գնում ենք ցույցի։ Ասացի՝ Նեմրան համերգ ա ունենալու, պապ, արի գնանք։ Գնացինք, հետո վերադարձանք կեսգիշերին։

Մայիսի սկզբին հյուսիս-հարավը փակեցինք։ Մեզ միացան նաև ոսկեվազցիները։ Խաղեր սկսեցինք խաղալ, հետո Տեր հայրը եկավ։ Հետո էլի լիքը մարդիկ։ Հետո ճանապարհը բացեցինք։

Հետո հեղափոխությունը եղավ։ Հեղափոխությունը եղավ ու հիմա էլ շարունակվում է մեր մեջ։ Մենք հեղափոխում ենք մեր միջի «քաղաքացուն», մերժում ենք վատը ու պատրաստվում ավելի լավ երկիր ստեղծելու։

Կեցցե այն Հայաստանը, որ եկել է արդեն։