Sargis Melkonyan

Հեղափոխության էյֆորիայից անդին

Հեղափոխություն,

որ ինչ անուն ասես ստացավ,

(ժպիտի,

բաց ձեռքերի,

թավշյա,

հանդուրժողականության,

մեքենայի ազդանշանների,

կաթսաների զնգոցի,

դեղինի

ու սիրո)

մի երկրի համար,

որ հոգնել էր սեփական իրականությունից,

գուցեև չլիներ,

բայց մեր մեջ դժգոհություն կար մի քիչ,

որ պիտի դուրս գար ու լցվեր

փողոցներ…

Էս օրերին հոգեկան աշխարհումս զուգահեռ ուղիղներով անցնում էին հիասթափությունն ու ուրախությունը: Մյուս զգացմունքներն անհասկանալի գրաֆիկով վերիվարում էին՝ անընդհատ հատելով իմունիտետիս սահմանները:

Ամենասկզբից մի քանի հարյուր հոգանոց հանրահավաքի նկարներ ցույց տալ ծանոթ-անծանոթներին ու ասել, թե՝ «Հեսա Հայաստանում լիքը բան կփոխվի», լսել, թե՝ «Որ իմանամ ինչ-որ բան կփոխվի, առաջինը ես կմասնակցեմ. սրանք սաղ վերևներից սարքած բաներ են, այ բալա» պատասխանը, հետո ավելի շատ հավատալ սեփական ուժերին ու ավելի շատ սիրել «երկիր, պետություն, հայրենիք» հասկացությունները, որ ինչ-որ պահի բաժանել էիր իրարից, բայց ինչ-որ չափով նյարդայնանալ ու նեղվել՝ երբեք ցույց չտալով:

Հետո տեսնել, որ բոլոր նրանք, ովքեր քո մի մասն էին դարձել վաղուց, փողոցներում անում են իրենց քայլը: Անասելի շատ սիրել ու հավատալ իրենց, քաջալերել ու հանգստացնել, գաղտնի որոշել միանալ՝ այդպես էլ համարձակություն չունենալով այդ մասին ասել տանը, ու չգնալ: Հետո վերջապես հաղթել ինքդ քեզ ու փախչել դասից, ավտոբուսով անցնել տասնյակ կիլոմետրեր ու Հաղթանակի կամրջի մոտից ոտքով շարունակել ճանապարհը: Անընդհատ պատասխանել ծնողների, հարազատների ու ուսուցիչների զանգերին ու ստիպված վերադառնալ: «Ըմբոստության» համար թուքումուր ուտել ու մի քանի օր զրկվել հեռախոսից: Հասկանալ Կոելյոյին, որ «արգելված» թեմաներով զբաղվելիս, պետք է նաև խիզախություն ունենալ ու համակերպվել չհասկացված լինելու փաստի հետ: Բայց երբեք չկոտրվել չհասկացված լինելուց ու հավատալ սեփական հաղթանակին՝ ավելի ու ավելի շատ:

Մի քանի օր անց խիստ անձնական պատճառներից ելնելով, չմիանալ դասից փախչող ու ցույցի գնացող մյուս աշակերտներին, ովքեր օրեր առաջ ծիծաղում էին քո «անիմաստ» փախուստի վրա, բայց մի քանի հարյուր անգամ ավելի շատ հպարտանալ, տխրել ու հպարտանալ, մի քիչ էլ՝ ամաչել:

Հետո ինչ-որ պահի կրկին միանալ ցուցարարներին, քայլել նրանց միջով՝ չմտածելով հետևանքների մասին, կոկորդը պատռելով գոռալ «Քայլ արա…», բայց չշարունակել՝ հասկանալով, որ խնդիրը էդքան էլ անձանց մեջ չէ: Մասնակցել ցույցերին, բայց երբեք «պարոն վարչապետի» հետ ունեցած կամ «միծինգի տեղից» արված նկարները չհրապարակել սոցցանցերում, գիտակցել, որ փողոց դուրս ես եկել նոր Հայաստանի համար, որտեղ հարգված են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները, որտեղ աշակերտները ստանում են որակյալ կրթություն, ու ստիպված չեն լինում ամիսներ շարունակ շտեմարաններ անգիր անել բուհ ընդունվելու համար: Հայաստանի համար, որտեղ օրենքից բարձր ոչ մի ձայն չի հնչում, Հայաստանի համար, որտեղ Սահմանադրության առաջին 2 հոդվածներին քաղաքացին հավատում է ու ընդունում որպես բացարձակ ճշմարտություն:

Հետո ինչ-որ պահի տեսնել, որ էն, ինչ դու անում էիր նպատակիդ հասնելու համար, որոշներն անում են ինքնահաստատվելու կամ հաճույք ստանալու, գլուխ գովելու, ինչ-որ բան անել չցանկանալու համար պատճառաբանելու կամ ժամանակ անցկացնելու համար: Ու էս ամեն ինչը ներսումդ էնպիսի քաոսի է վերածվում, որ թվում է, թե ամեն ինչ անկառավարելի կդառնա շուտով, բայց երբ վեհ է նպատակը, ինչքան էլ որ հիասթափվում ես՝ տեսնելով առանց պետհամարանիշի մեքենաներ, որոնք սլանում են «ձայնի արագությամբ», խմիչք խմող ու արևածաղիկ կեղևազրկող մարդկանց, որ մնացորդները լցնում են որտեղ պատահի, նայում ես առաջ, հանդուրժում ու սիրով խնդրում աղբը թափել աղբամանում ու զգուշության համար մի փոքր դանդաղ վարել մեքենան:

Հետո ամեն ինչ էնքան է խորանում, որ մարդիկ ճամբարների են բաժանվում, ու անհասկանալի կերպով որոշ մարդկանց գիտակցության մեջ մտնում է «ով մեզ հետ չի, մեր դեմ ա» կարգախոսը, որը դրդում է վիրավորել մարդկանց ու չհարգել մյուսների հայացքները: Ու այդպես իրարից բազմաթիվ մարդիկ են հեռանում: Ու դու կամաց-կամաց համոզվում ես, որ սեփական արժեհամակարգ չունեցող մարդկանց համար գուցեև էս հեղափոխությունը շատ բան չփոխի:

Ու դու, այնուամենայնիվ, ինչ-որ պահի գիտակցում ես, որ հեղափոխությունից հետո, իրոք, շատ գործ կա անելու. սովորեցնել մարդկանց սիրել միմյանց ու էն աշխարհը, որում ապրում ենք: