juli abrahamyan

Հենց սա էր տանում տուն

Մոխրագույն, մոխրագույն, մոխրագույն․․․ Սև, չէ, լավ, մոխրագույն:

-Էս մի հատ կփոխանցե՞ք:
-Մի հատ ստացի:
-Կանգառում կկանգնեք:

Շրըխկ։
Լավ էր, էս անգամ չկոտրեցի դուռը։
Աբովյանով ներքև․․․ Բայց սա հաստա՞տ Աբովյան փողոցն էր։
Լավ, ոչինչ, մի բան կանեմ։ Ո՞ւմ են պետք փողոցի անունները, կարևորը՝ ներքև, շատ ներքև։
Ժամը երեքն էր։ Ոչ շուտ էր, ոչ ուշ։ Տուն չեմ գնա, որովհետև երբեք էլ տուն չեմ հասնում, միշտ մոլորվում եմ։ Միշտ ինչ-որ մի բան այն չի ստացվում։ Երևի դառը սուրճն է պատճառը։ «Հա, հաստատ դառը սուրճն է պատճառը»,- մտքիս մեջ հաստատեցի իմ՝ վաղուց հաստատված միտքը։

-Բարլուս, տղերք,- բարլո՞ւս, այսինքն՝ բարի լույս, բայց հեչ էլ լույս չէր, է։

Բակային տրամադրությունից պետք է շտապ դուրս գալ։ Դե, սա Երևանն է, մի քայլ ձախ՝ քաղաքի կենտրոնում ես, աջ ոտքով պտույտ՝ շենքերի բակում։
Կեղտոտ օդը շփվում է մաշկիս հետ, ու ես մտովի փորձում եմ հաշվել, թե քանի-քանի բակտերիաների հետ մոտիկից ծանոթացան մազանոթներս։

Օդը հեռավոր սարերից, և ինչու ոչ, երկրներից բերում է զովացուցիչ թրթիռ, որը հուզում է սրտի յուրաքանչյուր բաբախոցը․․․ Իսկ ինչի՞ս են պետք երկար ու անհասկանալի բառերն ու նախադասությունները։ Ոչինչ, ի՞նչ անենք։ Կարևորը՝ օդը կա, ու ես շնչում եմ, թե որտեղից ու ինչ է բերում՝ բնավ էլ չի հետաքրքրում։

«Ատում եմ քեզ, Երևան իմ հարազատ, որ այդքան գեղեցիկ ես, կեղծ ու անպիտան․․․»

Կաթ, կաթ, կաթ… Կաթ` մեկ, կաթ` երկու։ Ուսերս կամաց-կամաց թրջվում են։
Երկինքը կրկին հուզվել է։ Ուրեմն անձրև է գալիս։ Դպրոցում մեզ սովորեցրել են, որ կա երեք ագրեգատային վիճակ՝ հեղուկ, պինդ ու գազային։ Կիրառելով ամբողջ գիտելիքներս քիմիայից ու վերլուծելով իրավիճակը՝ հասկանում եմ՝ հեղուկ վիճակում է անձրևը։
«Բայց հա՞ որ»։

Իսկ հեղափոխության իմաստը ոչ մեկն էլ չի հասկանում։

«․․․որ հիմարի պես թթվել ես վրաս ու տանում ես իմ՝ այդքան սպասված օրերն ուրախ ու հրաշալի»…

-Ողջույն, մենք հարցում ենք անցկացնում Երևանի փողոցներում, կկարողանա՞ք մեզ մի քանի րոպե տրամադրել։
-Ոչ, շտապում եմ։ Կներեք,- ես Երևանին անգամ մեկ րոպե ավել չեմ տրամադրում, ուր մնաց քեզ՝ բարձրահասակ գեղեցկադեմ երիտասարդիդ և քո կողքի աղջկան, որը աչքերի մեջ եղած սպասումով կարծում էր, որ պետք է համաձայնեմ։

Ընդդիմանալով ամբոխի աղմուկին՝ առաջ եմ շարժվում։ Փոքր ժամանակ ինձ սովորեցրել են միայն առաջ շարժվել։ Կանգնել ու հանգստանա՞լ՝ ոչ, դա հաղթողների համար չէ։ Իսկ ես՝ ամբոխի միջից միակս իմ տեսակի մեջ, պետք է լինեմ հաղթող։ Հաղթող տանը, փողոցներում, սրճարաններում, մրցույթներում։ Կապ չունի, կարևորը՝ հաղթող։

«․․․և ինչքա՜ն զզվելի էիր դու, երբ ստիպում էիր շեկ աղջկան հուզվել, իսկ ասֆալտդ չափից դուրս ինքնահավան էր, որովհետև չգրկեց ու չտաքացրեց նրան»…

Աղտոտումն ամենևին էլ կապ չունի, հասկանո՞ւմ եք։ Ո՞նց բացատրեմ։ Ախր, կապույտ է ամեն ինչ։ Ողողված է ամեն ինչ կապույտով և ակամա հոգին է ցանկանում մեռնել տխրությունից։ Եվ ես չգիտեմ՝ կա՞ արդյոք հոգին, թե՞ ոչ։
Ինչպես բացատրեմ ես ձեզ, ինչպե՞ս նկարագրեմ։
Կարծես ցերեկվա ժամերի երկնքի կապույտը իջել է ներքև։ Ծանրացել ու իջել։ Հենց այդպես։
Թառել է ուսերիս ու չի ցանկանում գնալ, ոչ մի դեպքում։ Ծանր մարդու պես, ծանր հիշողությունների պես վրաս է մնացել։ Եվ ես ինչպե՞ս քշեմ իմ կապույտին, ախր ես ատում եմ նրան։

«․․․ախր, անտանելի քաղաք ես, Երևա՛ն։ Զզվելի քաղաք ես։ Մեռածների ու կիսատների քաղաք ես։ Միշտ տանում ես ու տանում, բայց երբեք չես տալիս ու տալիս։ Որքա՞ն ես ինձ քարշ տվել անկյունից անկյուն, որքա՞ն»…

Որքան եմ ես քանդվել այստեղ, և դեռ հարց է՝ կդադարե՞մ քանդվելուց, թե՞ ոչ։
Կետադրական նշաններս ինձ մի օր կսարքեն կենդանի մսաղաց․ երբեք ճիշտ չեն դրվում իրենց տեղում։

«․․․բայց միևնույն է, միայն դու ես ինձ հետ եղել երեկ, կաս այսօր ու երևի թե կլինես վաղը։ Հուսամ, որ չես լինի, Երևան։ Որքան եմ ատում քեզ, որ այդքան գեղեցիկ ես, կեղծ ու անպիտան»:

Հենց այս շքամուտքն էր։ Հա, հաստատ հենց սա էր տանում դեպի տուն․․․