anna qocharyan lori

Հեռավորությունը ոչ միայն ընկերներ կորցնելու, այլև ձեռք բերելու համար է

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հեռավորությունը մարդկային հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունի։ Մարդկանց մեծ մասն այն դիտարկում է որպես բացասական երևույթ, քանի որ այն մարդկանց բաժանում է։ Սակայն այս «բացասական» երևույթը մի շարք դրական կողմեր ունի։

Ուզում եմ պատմել հեռավորության շնորհիվ իմ ամենամեծ ձեռքբերումներց մեկի` ընկերների մասին։ Ընդհանրապես ընկեր ձեռք բերելը հեշտ բան չէ։ Հեշտ չէ, որովհետև պետք է քո նմանին գտնես։ Ես իրոք համոզվել եմ, որ ընկերները իրար նման են լինում, կամ էլ ժամանակի ընթացքում են նմանվում։

«Ֆլեքս» ծրագրի շնորհիվ ես հանդիպեցի իմ ամենալավ ընկերներին։ Հիմա ընկերներիս ցանկը շատ բազմազան է, քանի որ ընկերության համար նախատեսված սրտիս այդ անկյունում տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ կան։ Իհարկե, կան նաև հայ ընկերներ, որոնց հետ սկսեցի շփվել ԱՄՆ ժամանելուց հետո։ Նրանք այս փոխանակման տարվա ձեռքբերումներիցս են։ Անին ու Հռիփսիմեն իմ անբաժան մասն են դարձել, ովքեր ամեն օր ու ամեն րոպե իմ կողքին են։ Չէ, մենք նույն քաղաքում չենք ապրում ու նույն դպրոցը չենք հաճախում։ Մենք ապրում ենք Ամերիկայի տարբեր անկյուններում, բայց դա խնդիր չհանդիսացավ`մեր լավագույն ընկերներ դառնալուն։

Խնդիրների մասին խոսելն ու դրանք քննարկելը կրճատում են սթրես ապրելու հավանականությունը, ու բոլորիս էլ այնպիսի մարդիկ են պետք, ում կարող ես պատմել ու հոգեպես հանգիստ զգալ։ Ու ես գտա իմ Անիին ու Հռիփսիմեին։ Սթրեսից ազատվելու լավ միջոց է պարը, ու մենք պարել ենք միասին այդ երեք էկրանների տարբեր կողմերում։ Միասին տեսահոլովակներ ենք նայել ու քննարկել։ Նույնիսկ հիշում եմ, որ մի անգամ ուզում էինք «Սուպեր մամա 2» ֆիլմը նայել միասին, որ միևնույն ժամանակ ծիծաղենք։

Ու նաև ուզում եմ նշել, որ մենք գտնվում ենք տարբեր ժամային գոտիներում, ու երբ Հռիփսիմեն զանգահարում է մեզ, մենք արդեն պատրաստվում ենք քնել ու երեկոյան ուշ ժամերին խոսել չենք կարող նրա հետ։

Անին ռոմանտիկ աղջիկ է, ով նույնիսկ ամենավատ իրադարձությունները ռոմանտիկ կերպով է ներկայացնում, ու դու անկախ քեզանից, դրան դրականորեն ես նայում։ Հռիփսիմեն այն հրաշքն է, ով ամեն լուծման համար մի խնդիր է գտնում ու բարդացնում ամեն ինչ, բայց երբեք չի դադարում ընկերներին օգնել։ Դե ես էլ մեր հոգեբանն ու ամենահանգիստ անձնավորությունն եմ, ով միշտ հուսադրում է ու համոզում, որ ամեն ինչ միշտ էլ լավ է վերջանում։

Չեմ կարող չնշել իմ օտարերկրյա ընկերներին, որոնց հետ շփվում ենք միայն անգլերենով։ Իմ ամերիկացի ընկերները միշտ բարձրացնում են իմ տրամադրությունն ու այնպես անում, որ ինձ երբեք օտար չզգամ։

Մի քանի օրից իմ ուկրաինացի ընկերներից մեկը որոշակի հանգամանքների բերումով մեկնելու է Ուկրաինա ու իր հետ տանում է մեր ընկերական հրաշալի հիշողությունները։ Ու ամենավատն այն է, որ ամենայն հավանականությամբ ոչ նրան կտեսնեմ այս ծրագրի ավարտից հետո, ու ոչ էլ իմ մյուս ընկերներին։ Բայց ես միևնույն է, երջանիկ եմ, որ հանդիպեցի նրանց, ու ընկերների հարցում բախտս բերեց կրկին։

Պետք չէ տխրել, քանի որ կյանքի մի շրջան ավարտվեց, պետք է գոհ լինել, որ դա պատահեց քո կյանքում: