gayane avagyan1

Հեռուստացույցի առաջ

-Մանանա, անջատիր հեռուստացույցը, հերիք է նայես:

-Չե՞ս տեսնում՝ նայում եմ, թող հանգիստ նայեմ, էլի, ի՞նչ ես ուզում ինձնից:

Մանանը ընդամենը վեց տարեկան է, մեր հարևանուհու աղջիկն է, այս տարի պետք է գնա դպրոց: Բայց ես չեմ պատկերացնում նրան դպրոց գնալիս, դաս անելիս: Թողնես՝ ամբողջ օրը հեռուստացույցի դիմաց անցկացնի: Նայում է մուլտֆիլմեր, իր սիրելի «Մաշինկան», «Քնած գեղեցկուհին»: Իր երազանքները կապում է մուլտֆիլմերի հետ ու ինձ պատմում, թե ինքը ոնց է արքայադուստր դառնալու, ինչ գեղեցիկ զգեստ է ունենալու, գլխին շքեղ թագ է, կառքով է գնալու դասի ու դպրոցում ամենագեղեցիկն ու խելացին է լինելու: Բոլորը հիանալու են իրենով:

Մանանի նման շատ երեխաներ իրենց ազատ ժամանակը անցկացնում են հեռուստացույցի առաջ:

Ուզում եմ խոսել մեր կյանքում արդեն վաղուց իր պատվավոր տեղը զբաղեցրած հեռուստացույցի մասին: Այնպես է մտել մեր կյանք, որ սկսել ենք չնկատել ու չընդունել դրա վնասակարությունը:

Հետազոտողները պարզել են, որ հեռուստացույց շատ դիտելը բացասական հետևանքներ կարող է ունենալ, մասնավորապես՝ առողջական խնդիրների կարող է հանգեցնել: Հոգեբաններն էլ կարծում են, որ երեխաների՝ հեռուստացույցի առաջ շատ ժամանակ անցկացնելը կարող է առաջ բերել ագրեսիվություն:

Վերջերս մի հոդված էի կարդում, որտեղ հոգեբանը խորհուրդ էր տալիս ծնողներին մշակել հատուկ ժամանակահատված և պլան կազմել, թե երեխան ինչ է անելու ամբողջ օրը: Ու պլանի մեջ մտնում էր նաև մուլտֆիլմ դիտելը: Հոգեբանն ասում էր, որ մուլտֆիլմի ընթացքում ծնողը պետք է երեխայի կողքին լինի: Իսկ վերջում պետք է քննարկի երեխայի հետ մուլտֆիլմը: Երեխային խորհուրդներ տա, թե որն էր ճիշտ, որը՝ սխալ, պետք է լսի երեխայի՝ մուլտֆիլմին տված գնահատականը:
Այս դեպքում հեռուստացույցը կունենա դրական ազդեցություն երեխայի կյանքում:

Հոգեբանն ասում էր, որ երեխաները շատ քիչ ժամանակ պետք է անցկացնեն հեռուստացույցի դիմաց, կամ նմանատիպ այլ սարքերից օգտվելուն պետք է քիչ ժամանակ տրամադրեն, ամենաշատը՝ երկու ժամ: Իսկ ծնողները պետք է այդ ընթացքում շատ ուշադիր լինեն:

Իսկ երբևէ քո մեջ հարց չի՞ ծագել, թե հեռուստացույց ստեղծողը որտեղից է վերցրել հեռուստացույց ստեղծելու գաղափարը:

Հեռավորության վրա պատկերներ, տեսաձայնագրություններ նայելու, տեսնելու գաղափարը ծագել է դեռ շատ վաղուց, նույնիսկ ավանդազրույցներում և հեքիաթներում արդեն մարդիկ երազում են պատկերներ տեսնել իրենց դիմաց:

Իսկ ի՞նչ է հեքիաթը: Հեքիաթը մարդու երևակայության արտահայտությունն է, այն, ինչին մարդը չի կարողանում հասնել, ստեղծել, ունենալ, սկսում է դրա մասին երազել: Այդ մտածած երազի արդյունքն էլ դառնում է մեր հեքիաթը: Դրա մասին էլ խոսում է հեքիաթի ավանդական բանաձևը՝ «Լինում է, չի լինում», «Ժուկով-ժամանակով», «Կար-չկար»: Իսկ երեխային այդ ամենը հեշտորեն գրավում է, և նա սկսում է հավատալ այդ անիրական երազին:

Իսկ ո՞վ պետք է երեխաների հետ խոսի իրականի և անիրականի մասին, ինչին հավատալու և ինչին չհավատալու մասին: Հեքիաթների անիրական լինելու մասին, դրանցից դասեր քաղելու մասին։ Իհարկե, ծնողները:

Շատ ծնողներ ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաներին, շատ ժամանակ չեն տրամադրում նրանց: Որովհետև իրենց էլ հենց հեքիաթներն են գրավում: Ինչո՞ւ: Որովհետև սերիալները առաջացել են հենց հեքիաթներից: Ամեն անգամ ամենահետաքրքիր պահին դադար տալու մոտիվը եկել է հենց հեքիաթներից, բարու հավերժական հաղթանակը ու չարի կործանումը՝ նույնպես։ Իսկ մարդը պետք է միշտ հեքիաթներով ապրի:

Ես կարծում եմ, որ իրականությունն ու հեքիաթը տարբեր բևեռներ են, որ աշխարհում ամեն բան կարող է դրական ազդեցություն ունենալ, եթե ճիշտ կողմից նայես դրան, եթե դրանից միայն դրականը ստանաս։

Ե՛վ հեռուստացույցը, և՛ համացանցը, և՛ հեքիաթները բացասականից բացի՝ ունեն և դրական կողմեր: Պետք է ճիշտ օգտվել և ճիշտ գաղափար ունենալ դրանց մասին:

Մանանին և իր հասակակից շատ երեխաների պետք է պատմել, ասել այս ամենի մասին: Դրա համար էլ պետք է շատ ուշադրություն դարձնենք փոքրիկներին, որովհետև նրանք շուտ են ընդունում, ընդօրինակում և՛ դրականը, և՛ բացասականը:

Հ.Գ. Թեև հոդվածում օգտագործել եմ «հեռուստացույց» բառը, հոդվածս վերաբերում է ցանկացած թվային սարքի: