Mariam barseghyan

Հեռուստացույցի առաջ

Կարծում եմ ես այն քչերից եմ, ովքեր դեռ հեռուստացույց են դիտում: Այսօր շատերը նախընտրում են ֆիլմերը, հաղորդումները դիտել ինտերնետի միջոցով: Դե իրականում այդպես ավելի հարմար է: Չես սպասում քո սիրելի ֆիլմին, քեզ չեն խանգարում գովազդային հոլովակները, բայց այնուամենայնիվ ես նախընտրում եմ հեռուստացույցը: Սիրում եմ ժամերով նստել հեռուստացույցի առջև, նայել, թե ինչպես են իրար հաջորդում գովազդները: Չեմ կարող ասել, որ ամբողջ օրը նայում եմ, բայց նայելիս մոտ 5-7 ժամ կարող եմ անցկացնել բազմոցին նստած: Զարմանալի է, չէ՞: Ես էլ եմ ինքս ինձ վրա զարմանում: Լինելով հավատարիմ հեռուստադիտող` որոշել եմ վերջապես բարձրաձայնել ինձ անհանգստացնող թերությունները, որոնք մեծ ազդեցություն են ունենում մարդկային գիտակցության և հեռուստատեսությունների որակի վրա: Հայկական հեռուստատեսությունում շատ են հեռուստասերիալները` «Դժվար ապրուստ» (չգիտեմ, դեռ ցույց են տալիս, թե` չէ), «Բանակում»… 

Ես դրանց սիրահար չեմ, բայց այնուամենայնիվ ալիքները «թերթելու» ժամանակ մեկ- մեկ հանդիպում եմ: Առաջին բանը, որ միանգամից ուշադրություն է գրավում, ժարգոնն է: Չէ, ես նրանցից չեմ, որ ոսկեղենիկ հայերեն են պահանջում, բայց կարելի էր գոնե որոշ բառեր չօգտագործել: Կան արտահայտություններ, որոնք ընդգծում են ժարգոնի օգտագործումը և վիրուսի նման տարածվում են, նամանավանդ իմ հասակակիցների շրջանում: Հաղորդումներ, ռեալիթի շոուներ, այ, սա համաշխարհային հեռուստատեսության խնդիրն է: Այս հեռուստահաղորդումներում եզակիներն են, որ հետևում են իրենց արտահայտվելու ձևին: Էկրանից այս կողմ ամեն մի սխալ արտահայտություն շատ տհաճ և վատ է հնչում: Շատ եմ նկատում ռուսական (ТНТ) ալիքում ու դա մի տեսակ նորմալ եմ ընդունում: Հայկական հաղորդումներում դեռ չեմ նկատել, և հուսով եմ չեմ էլ նկատի: Չեմ կարծում, որ արժե այդ վատ գիծը ընդօրինակել օտարերկրյա ալիքներից: Հայկական հաղորդումներից սիրում եմ դիտել «Գուշակիր մեղեդին»: Մի տեսակ զվարճալի է հաղորդման մասնակիցների հետ միասին փորձել գուշակել տարբեր մեղեդիներ: Ուզում եմ ասել, որ ես մեղեդի գուշակելուց հեչ լավ չեմ: Եվ վերջապես, դա-դա-դա-դամ… Իմ ամենասիրելի մասը` գովազդ: Գովազդը երևի միակ բանն է, որ ինձ պահում է հեռուստացույցի առջև: Չգիտեմ, ինչո՞ւ  է այդպես: Ուղղակի սիրում եմ դիտել դրանք, համեմատել հների հետ և գտնել դրանց մեջ թերություններ: Ժամանակի ընթացքում ես հասկացա մի պարզ բան` դրանք միշտ նույնն են: Փոխվում են միայն շլացուցիչ ժպիտով դերասանները: Նկատե՞լ եք լվացքի փոշիների գովազդը: Միշտ մի երեխա կեղտոտում է իր վերնաշապիկը, մայրը չի կարողանում  մաքրել այն, և այդ պահին հայտնվում է այն շլացուցիչ ժպիտով տղամարդը կամ կինը ու երեխայի մորը առաջարկում է ամենալավ լվացքի միջոցը:

-Թիվ մեկ փոշին աշխարհում…

Չիփսի և նմանատիպ ուտելիքների գովազդներում համարյա միշտ նկարահանվում են Ռոնալդոն և Մեսսին: Պաղպաղակի գովազդում մեկի ձեռքում եղած պաղպաղակը ուրիշները փորձում են խլել: Ատամի մածուկի գովազդի վերջում միշտ մի ատամնաբույժ հավաստիացնում է, որ նրանք փորձարկել են այդ մածուկը, և այն աշխարհի համար մեկ մածուկն է: Եվ հիմա ուշադիր հարցը` քանի՞ ատամի մածուկ է համարվում առաջինը: Կա երկու տարբերակ կամ` ոչ մի, կամ բոլոր մածուկները: Ու նմանատիպ օրինակները շատ են: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ կան լավ և’  հեռուստասերիալներ, և’ հաղորդումներ, և’ գովազդներ: Ու հենց դրանք էլ փրկում են հեռուստատեսությունը: Դե ինչ այսքանը, հիմա հեռուստացույց նայելու ժամանակն է…