narek davtyan getahovit

Հետահայաց

-Ինչի՞ մասին ես մտածում, Նար:

-Ոչ մի բանի, մամ, ուղղակի մտածում եմ:

-Նորից ընկար մտքերիդ մեջ, ա՛յ տղա, էդ Ամերիկան քեզ լրիվ փչացրեց, դու իզուր գնացիր էնտեղ:

-է՜, մամ, ի՞նչ ես խոսում, է,- ասացի ես ու հոգուս խորքում համաձայնեցի, բայց չէի կարող բարձրաձայնել, չէի կարող մորս մեջ մեղքի զգացում առաջացնել:

Վերջերս չափից դուրս շատ եմ մտածում, սկսել եմ ավելի քիչ շփվել մարդկանց հետ, նրանց փոխարինել եմ գրքով, երգով, տաք թեյով ու հիշողություններով: Հիմա կասեք՝ թե էդ ինչի՞ մասին ես էդքան մտածում, իսկ ես կպատասխանեմ։ Կասեմ, որ եթե մի քիչ լավ փնտրես, ամեն ինչ էլ կգտնես, չէ՞ որ հոգեբանների մի մեծ խումբ թևավոր խոսքերով անընդհատ կրկնում է, թե ամեն ինչ քո մտքում է, ամեն ինչ քեզնից է կախված:

Մտածում եմ, հարց եմ տալիս անընդհատ ինքս ինձ, ուզում եմ հասկանալ, թե ինչը փչացրեց այդ երազը, չէ՞ որ ամեն ինչ պլանավորածի պես էր գնում, չէ՞ որ անարդարություն էր դա։ Հարցնում եմ և սովորականի պես պատասխան չեմ ստանում: Ուղղակի հիշում եմ այն գիշերը, երբ ինձ համար բանաստեղծություն էիր գրել, հոգուս ցավն էիր երգում, իսկ ես զարմացած դեմքով քեզ էի նայում։

Հարցնում եմ ինքս ինձ՝ արդյո՞ք դու այն մեկն ես, ում այսքա՜ն երկար սպասել եմ։ Սկսում եմ մտածել էն թևնոցի մասին, որ տվեցիր վերջին օրը՝ իբրև սիրո մի նշան, և ես, որպես թալիսման, այն մինչև հիմա պահում եմ ու ամեն անգամ դրան նայելիս՝ քեզ հիշում: Հետո ավելի եմ խորանում, գնում անցյալ, հիշում եմ օգոստոսի 14-ը՝ ԱՄՆ-ում դպրոցիս առաջին օրը, երբ լավագույն ընկերներիցս մեկի հետ ծանոթացա։ Հիշում եմ մեր երգերը, որ երգում էինք ԱՄՆ-ի փողոցներում թափառելիս՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքը։ Ինչ հրաշալի զգացում էր, երբեք չեմ մոռանա ո՛չ քեզ, ո՛չ երգերը: Հիշում եմ, թե ոնց էիր եկել օդանավակայան՝ ինձ վերջին անգամ տեսնելու։ Երկուսիս աչքերում պարզ երևում էր, որ սա վերջն էր, որ այդ վերացական ընդմիշտ ընկերներ մնալու ու նորից հետ վերադառնալու խոստումները այդպես էլ խոստումներ կմնան:

Իմ թշնամին դարձան այն մարդիկ, իրադարձությունները և վայրերը, որոնց համար ժամանակին ապրում էի։ Կգա ժամանակ, որ կփոշիանանք, և հիշողությունները, սխալները, նպատակները, որոնց համար այդքան պայքարել ենք, մեզ հետ կանէանան:

-Էսքանը, մամ:

-Չէ, դու հաստատ ցնդել ես, քեզ հոգեբան ա պետք, տղա ջան:

-Է՜հ, մամ ջան, հոգեբան չէ, հոգեբույժ: