anna  andreasyan

Հետավարտական մտորումներ

Ինչպես արդեն գիտեք, կամ գուցե տեղյակ էլ չեք՝ վերջերս ավարտեցի դպրոցը: Վերջին զանգից հետո բավականին ազատ ժամանակ եմ ունեցել՝ զբաղվելու իմ ամենասիրած գործերից մեկով՝ մտածելով, կամ ավելի ճիշտ՝ վերլուծելով անցած-գնացած 12(13) տարիները: Բոլորս էլ, անկախ նրանից՝ դպրոցը սիրել ենք, թե ոչ, լավ ենք սովորել, թե ոչ, չենք կարող չընդունել, որ ավարտելով դպրոցը՝ կյանքի մի մեծ փուլի հրաժեշտ ենք տալիս: Հիմա ես 18 տարեկան եմ: Այսինքն՝ կյանքիս երկու երրորդը անցկացրել եմ դպրոց հաճախելով: Չեմ ուզում արդեն ծեծված բառերով գովերգել դպրոցը ու դրա տված գիտելիքները: Բայց նաև չեմ կարող չխոսել այն ամենից, ինչ ստացել եմ դպրոցից: Ուրեմն սկսենք սկզբից:

Իմ դպրոցը փոքր է՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի դպրոցն է, 1-ինից մինչև 12-րդ դասարաններում սովորող մոտավորապես 250 աշակերտով: Աղոտ կերպով հիշում եմ ինձ առաջին դասարանում, և ինչքանով որ հիշում եմ, ոգևորված էի: Միշտ էլ պատկանել եմ աշակերտների այն խմբին, որը սիրել է դպրոց գնալը: Շատ առարկաներ իմը չեն եղել, որոշներն էլ շատ եմ սիրել, բայց դպրոցը սիրելը երբեք էլ դրանով պայմանավորված չի եղել, ես այնտեղ միշտ հաճույքով եմ գնացել: Իհարկե, տարբեր ժամանակներ դպրոցը սիրելու պատճառները տարբեր են եղել: Մի ժամանակ, երբ դպրոցից դուրս առաձնապես ներգրավված չէի այլ բաներում, այն միակ լուսավոր կետն էր կյանքումս: Այն, առօրյայի մի մաս լինելով, ինձ միշտ կտրում էր ձանձրացնող առօրյայից: Հետո էլ, եթե նույնիսկ ոչինչ էլ չլիներ, միայն ընկերներին տեսնելը բավարար էր, որ ցանկանայի դպրոց գնալ:

Հետո, վեցերորդ դասարանում, մեր դպրոց նոր ուսուցիչներ եկան: Դե, փոփոխությունը հաճելի է, մի տեսակ թարմ շունչ է հաղորդում: Նրանց գալը հենց այսպիսի ազդեցություն էլ ունեցավ: Սկսեցի էլ ավելի մեծ ոգևորությամբ սովորել: Իրականում, մարդիկ հաճախ շատ ուշադրություն չեն դարձնում այն կարևոր հանգամանքին, որ ուսուցչին սիրելը կարող է սեր ձևավորել նաև առարկայի հանդեպ: Իհարկե, աշակերտն էլ պետք է ձգտումը ունենա ու սովորել ցանկանա: Բայց իմ սեփական փորձից վստահեցնում եմ, որ երբ սեփական ցանկությունը և արտաքին ազդեցությունը միախառնվում են, արդյունքը, անշուշտ, չի հիասթափեցնում:

Հենց այս ժամանակ էր, երբ մաթեմատիկան, որից ի սկզբանե շատ ավելի լավ էի, քան մյուս առարկաներից, և որը բոլորի կողմից համարվում էր իմ տարերքը, սկսեց իր տեղը զիջել լեզվին, գրականությանն ու պատմությանը: Մի կողմ դրեցի բժիշկ, հաշվապահ, ծրագրավորող դառնալու միտքը և սկսեցի պատկերացնել ինձ պատմաբանի, իրավաբանի, լրագրողի դերում: Այս ընթացքում ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէր անցնում, մի տեսակ տեղս չէի գտնում, մեկ մի բան էի որոշում, հետո՝ մյուսը, մի օր տրամադրությանս ոչինչ չէր հասնի, իսկ հաջորդ օրը հետս խոսել չէր լինում (չնայած՝ այս հարցում առանձնապես բան չի փոխվել): Երևի տարիքից էր, հետո էլ ես ինքս ինձ միշտ էլ շատ եմ քննադատել: Ինձ միշտ թվացել է, թե ես ամեն ինչ պետք է իմանամ ու սխալվելու իրավունք չունեմ: Այս պատճառով էլ հաճախ ստիպված եմ լինում ինքս ինձ բացատրել, որ ես չեմ կարող դեռ պատանեկան տարիքում միանգամից հասկանալ ու ըմբռնել կյանքի ամբողջ փիլիսոփայությունը՝ իր բոլոր շերտերով ու առանձնահատկություններով, ժամանակ է պետք: Կամ գուցե երբեք էլ չհասնեմ այդ կետին: Բայց լավ, էլի թեմայից շեղվեցի:

Հասել էինք այնտեղ, որ վեցերորդ դասարանից մինչև երևի տասներորդ դասարան գաղափար չունեի՝ ինչ եմ ուզում անել, ու ինձ մնում էր դպրոցում լավ սովորելն ու ակտիվ լինելը: Չմտածեք՝ դրանից հետո ամեն ինչ սկսեց հստակ գծագրի պես հայտնվել աչքերիս առջև, ուղղակի արդեն վերացական պատկերները որոշակի հստակություն էին ձեռք բերում: Այստեղից արդեն գիտեք՝ գնացի իմ փոխանակման տարին անցկացրի ԱՄՆ-ում ու նորից վերադարձա իմ դպրոց:

Ես միշտ հոգուս խորքում գիտեի, որ դպրոցն ու ես այդքան հեշտությամբ իրարից բաժանվողը չենք: Այս վերջին տարին՝ տեսներեքերորդը, շատ խառն ու մշտական զբաղվածության մեջ անցավ: Գիտեք նաև այն, որ սկզբում բողոքում էի այս ավելացած դպրոցական տարուց: Բայց հիմա հասկանում եմ, որ այս տարին ինձ տվեց լավագույնը, որ կարող էի պատկերացնել: Դե, իսկ այդ լավագույնը թող մնա իմ փոքրիկ գաղտնիքը, ինչպես բոլոր նվիրական ու կարևոր բաներն են մնում այդպես էլ չբացահայտված:

Հիմա վերջապես ասեմ, թե ինչն եմ այդքան շատ սիրել իմ դպրոցում: Պատկանելու զգացողությունը: Ամեն անգամ դպրոց մտնելիս ես ինձ լիարժեք դրա մի մասն եմ զգացել: Այն ժպիտները, որ ինձ հանդիպում էին միջանցքում, դասասենյակում, դպրոցի բոլոր անկյուններում, ունեին իրենց մեջ մի սրտացավ վերաբերմունք, որ մեկ էլ միայն տանն է լինում, երբ քեզ թույլատրում են, ներում են կամ արտոնում են զուտ նրա համար, որ դու իրենցն ես:

Երկար տարիների ընթացքում ձևավորված հարաբերութուններ է ներկայացնում դպրոցը, երբ մարդիկ գիտեն՝ ում ինչն է բնորոշ, ով ինչ սովորություն ունի, կամ ասենք, ով որ կողմի աստիճաններով է նախընտրում բարձրանալ երկրորդ հարկ:

Այսպիսի մանրուքներն են, որ դպրոցը դարձրել են հարազատ: Հո հենց այնպես չի՞ առաջացել այն հայտնի արտահայտությունը, թե դպրոցը մեր երկրորդ տունն է: