mariam tonoyan

Հետքը

Երկնքի մի ճերմակ պատառ պոկվեց, ընկավ գյուղի այն տան կտուրին, որտեղից ճիչեր էին լսվում։ Փոքրիկ, նիհար, գունատ տղան սարսափած քարացավ իրենց տան շեմին՝ ցախը գրկում պինդ պահած։ Ճակատը քրտնեց ձմեռվա ցուրտն արհամարհելով, շուրթերն սկսեցին թրթռալ ու աչքից մի կաթիլ արցունք փախավ։ Դանդաղ սահեց արցունքների սովոր այտի վրայով ու պարանոցի վրա ճամփա բացելով հասավ հագուստին ու կլորիկ մի բիծ թողեց վրան։ Ցուրտ քամին անցավ հագուստի միջով, հրեց բիծը շորի վրայից ու ավելի ներս մտցրեց, հոգու խորքերը տարավ, մոլորեցրեց ներսում ինչ-որ տեղ։ Տղան նայեց հագուստին. լավ է, բիծը էլ չի երևում։

Մեկ րոպե չտևած դադարից հետո ցախը ձեռքից բաց թողեց, ներս վազեց ու հեկեկացող մոր գիրկն ընկավ։ Տեսավ, որ մոր հագուստի վրա արցունքի բծերը շատ են, մոր աչքերը ավելի թաց են, քան իրենը, իսկ հոր միայն բաժակն է թաց և շուրթերը, որ սարսափելի բառեր են դուրս թողնում։ Եվ տղան ատեց ամեն բան, որ հագուստի վրա կլորիկ, թաց հետքեր է թողնում՝ ձյունը, անձրևը, արցունքները, և ատեց նա քամին, որ հետքերը չորացնում է, վերացնում է աչքից, բայց չի հանում հագուստի տակից, չի վերացնում…

….Երկնքի մի ճերմակ պատառ պոկվեց, ընկավ երիտասարդի ուսին։ Նա արագ, մի շարժումով մաքրեց ուսի ձյան փաթիլը և ցախը գրկած ներս մտավ՝ ժպտալով դեռատի տիկնոջը։

Ձմեռային, ճերմակ երկինքն էլ չէր պատառոտվում։ Գյուղի այն տան տանիքին ձյան հետքեր չկային, իսկ կտուրից տաք ծուխ էր ելնում։