ella mnacakanyan yerevan

Հետքննական

Երբ անվերջ թվացող ու ուժերդ մինչև վերջին կաթիլը քամած քննաշրջանից հետո իսկապես «վաստակածդ» ընդամենը մեկշաբաթյա արձակուրդի 5-րդ օրն անգամ, դու չես կարողանում կտրվել այդ նախաքննական, քննական ու հետքննական մտքերից ու շարունակում ես ինքդ քեզ քննադատել ու ողջ աշխարհին ատել, որ այդքան սովորածդ հարցերի մեջ, քեզ հենց ա՜յ այն չսովորածդ մեկը վիճակվեց քննությանը, երբ օրական շուրջ 126 անգամ (եթե ոչ ավելի) ստուգում ես համալսարանի կայքի ներքին ցանցը՝ ամեն անգամ ապարդյուն հուսալով, որ վերջապես կտեսնես քննություններիդ արդյունքներից գոնե մեկը ու ամեն անգամ (բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար) հուսախաբ լինում, հասկանում ես՝ չէ՜, մեկ շաբաթը քիչ է, ախր, անմարդկային քիչ է հանգստանալու կամ գոնե հանգստանալ փորձելու համար այն ամենից հետո, ինչ ապրել ես կյանքիդ վերջին, ամենասթրեսային 20 օրվա ընթացքում, որոնք հնարավորության դեպքում առանց երկմտելու կջնջեիր հիշողությունիցդ: Հա ու հնարավորության դեպքում կսովորեիր, հաստատ կսովորեիր նաև բոլոր այն չսովորածդ հատուկենտ քննական հարցերը, որոնք «նենգաբար» պատահում էին յուրաքանչյուր քննության ժամանակ ու մեկ վայրկյանում ջուրը գցում ինչպես անքուն գիշերներիդ աշխատանքը, այնպես էլ կիսամյակը միջինից բարձր գնահատականով ավարտելու արդարացի ցանկությունդ: Հա՜, մեկ էլ մի կերպ «վաստակածդ» արձակուրդը կերկարաձգեիր մի քանի օրով՝ գոնե հասցնելով մնացած բոլոր նորմալ համալսարաններում տրվող արձակուրդի տևողությունը: Դե՜, եթե հնարավոր լիներ, էլի: Բայց, ավա՜ղ, կյանքում միշտ չէ, որ հնարավոր է այն, ինչ ցանկանում ես, կամ ցանկալի է այն, ինչ հնարավոր է: Ուստի մնում է միայն համակերպվել ու գոհանալ թեկուզ այդ մեկշաբաթյա «ճոխությունով» ու մինչև վերջ օգուտ քաղել դրանից. ոչինչ, թե դրա 5-րդ օրն անգամ այնքան ես կլանված հետքննական մտքերովդ ու այնքան ես հետ վարժվել կյանքիդ սովորական ռիթմին, որ պարապմունքիդ ժամը, որ միշտ մեխանիկորեն էիր հիշում ու տեղ հասնում, որպես կանոն, մի 10-15 րոպե էլ ուշացած, այս անգամ շփոթել ես ոչ ավել ոչ պակաս 45 րոպեով ու ճիշտ այդքան շուտ հասել պարապմունքիդ:

«Հըմ, էս ժամի համար ինչ-որ արտասովոր լուսավոր ա բայց»,- առաջին միտքն էր, որ ծնվեց գլխումս, երբ արդեն հասնում էի տեղ ու երբ վերջապես սթափվել էի հետքննական մտքերիցս,- «Ո՞նց, 45 րոպե շուտ եմ եկել»,- ինձ թվաց, թե հեռախոսիս էկրանի թվերն ինձ խաբում են,- «Բա հիմա ես ի՞նչ անեմ էսքան, ախր, շատ դմբո եմ, է»:
Ես, իհարկե, կարող էի մտնել ներս ու առանց ցրտից դողացնելու, ձանձրանալով սպանել կյանքիս այդ թանկագույն 45 րոպեները, բայց երբ բախտի բերմամբ թե պատահմամբ, ականջակալներումդ սկսում է հնչել Ֆորշի «Զբոսանք Երևանով»-ը, դժվար է, շատ դժվար է գայթակղությանը չտրվելն ու դրա ներքո մի փոքրիկ զբոսանք չանել թեկուզ սառած մայթերով, մերկացած ծառուղիներով ու բացասական ջերմաստիճանով Երևանով: Իմ սրտի Երևանով: Իմ հոգու, իմ լույսի, իմ մտքերի Երևանով, որից վերջին 20 օրերին հեռացել էի այնքան, որ միայն քննական օրերին տնից համալսարան տանող հոգնեցուցիչ ու չարագուշակ ճանապարհին էի հասցնում նրան տեսնել, նրան զգալ ու շնչել…
Ու մինչդեռ ես՝ տարիների կալանքից հետո ազատության երես տեսածի երջանիկ ժպիտը դեմքիս, այս ու այն կողմ էի անում Թումանյանով ու ոչինչ չտեսած զբոսաշրջիկի նման զարմանում ու հիանում շենքերով, որոնք երևի տեսել եմ ճիշտ նույնքան, որքան սեփական անդրադարձս՝ հայելում, Ֆորշը շարունակում էր ականջակալներումս կրկնել.
…Այս քաղաքը տունն է իմ,
Որքան էլ նոր, այնքան էլ հին,
Հուշերի քաղաք է Երևանը…