hasmik vardanyan

Հերթն իմն է

Հոկտեմբերի 21-ն էր, սովորական դպրոցական օր էր՝ ուրբաթ: Հիմա կմտածեք, թե ինչու շաբաթվա օրը շեշտեցի: Սովորաբար ուրբաթ օրերին 3 դաս եմ նստում, քանի որ 12:30 սկսվում է պարապմունքս: Առաջին դասն էր, երբ տնօրենը եկավ իր դասաժամն անցկացնելու և հարցրեց.

-Հասմի՛կ, այսօր ժամը 13:00-ին պարապմունք չունե՞ս (դե այդ մեկ օրվա համար դպրոցն ինձ ընդառաջում էր):

-Ընկեր Վարդանյան, 12:30 պարապմունք ունեմ:

-Լա՛վ:

Բայց դե, չէի դիմանում, մտածում էի, թե ինչու հարցրեց, ինչ պիտի լինի ժամը մեկին: Այդպես մտքերով տարված՝ չնկատեցի, թե ինչպես դասն ավարտվեց և ընկեր Վարդանյանը դուրս եկավ դասասենյակից: Արագ դուրս վազեցի:

-Ընկեր Վարդանյա՛ն, ինչո՞ւ հարցրեցիք, ինչ-որ բա՞ն է պատահել:

-Դե, Հասմիկ ջան, այսօր Մարտունու երկրորդ դպրոցում ինչ-որ սեմինարներ են լինելու, ուզում էի, որ դու էլ մասնակցեիր:

Անկեղծ ասած՝ ես միշտ սիրել եմ մասնակցել արտադպրոցական միջոցառումներին, բայց պարապմունքի էի: Երկար մտածելուց հետո որոշեցի, որ պիտի մի բան անեմ, գնամ: Զանգեցի ուսուցչուհուս և խնդրեցի, որ պարապմունքի ավելի շուտ գնամ: Նա սիրով համաձայնվեց: Պարապմունքս ավարտեցի և շտապեցի Մարտունու երկրորդ դպրոց: Երբ ներս մտա, արդեն բոլորը հավաքվել էին: Ծանոթացանք ծրագրի ղեկավարի՝ տիկին Ռուզաննայի հետ, և նա սկսեց պատմել իրենց գործունեության մասին: Ոգևորությունս շատ մեծ էր: Եռօրյա դասընթացն ավարտվեց, բայց անընդհատ ուղեղումս «17.am» և «Մանանա» անուններն էին: Դասընթացի ժամանակ իմացանք, որ պարբերաբար կազմակերպում են մեդիա ճամբարներ, և աշնանային ճամբարը մեկնարկելու է շուտով, և մասնակցելու համար պետք է ակտիվ թղթակցել: Ես հույս չունեի, որ կընդգրկվեմ այդ ճամբարում: Ճամբար գնալն իմ մեծագույն ցանկություններից էր դարձել: Բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Նախ դասընթացից երկու օր անց տեղադրեցին հարցազրույցս, իսկ հետո Լիլիթը զանգեց ու տեղեկացրեց, որ ընդգրկված եմ ճամբարի կազմում:

Ճամբարի մասին չեմ պատմի, որովհետև շատ ենք գրել: Ճամբարից հետո նկատելի փոփոխություններ եղան: Ես սկսեցի գրել, որ արդեն երկու տարի է, ինչ կարծես հեռացել էի գրելուց, քանի որ մասնագիտական ուրիշ ուղի եմ ընտրել և կենտրոնացել եմ քիմիայի ու կենսաբանության վրա: «17.am»-ին հանդիպելուց հետո «Facebook» սոցիալական ցանցում հաղորդագրությունները սկսեցի հայատառ գրել: Ու գիտե՞ք, դա ավելի հետաքրքիր ու իմաստալից էր, քան գրել անգլերեն տառերով հայերեն բառեր: Ես այս ամնենից հետո որոշեցի ու իմ առջև նպատակ դրեցի, որ ինչ էլ լինի, պետք է մնամ «17.am»–ի ակտիվ թղթակից: Եվ ինչքան էլ զբաղված լինեմ դասերով, ամեն շաբաթ գոնե մեկ նյութ փորձում եմ ուղարկել: Չէ՞ որ մեր դասընթացներից հետո քիչ ժամանակ էր անցել, և ընտրեցին նրանց, ում մեջ տեսան պոտենցիալ: Իրենք, իրենց կողմից արեցին ամեն ինչ, հիմա հերթն իմն է:

Շնորհակալ եմ «Մանանա» կենտրոնի անձնակազմին այս կարևոր գործի իրագործման համար, այն լայն հնարավորություն է գյուղական շրջաններում ապրող երեխաների ինքնաարտահայտման և մեդիագրագիտության համար: