Հերոս Վարդան Նորիկի Մնացականյան

Հայրենիքը պաշտպանելը դարձավ մի սուրբ գործ, իսկ պատերազմը չհարցրեց ո′չ մեծ ու փոքր, ո′չ զինվոր ու կամավոր, մեր քաջորդիները անձնուրաց պայքարեցին, իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը:  Բայց ոչ բոլորը հետ եկան, պատերազմը շատերին խլեց մեզանից, նրանք անմահացան, հանուն մեր վաղվա խաղաղ օրերի:

Շուշիի մատույցներում անմահացած հերոսներից էր Վարդան Նորիկի Մնացականյանը: Հերոս Վարդանի կինը` Թամարան, անսահման հիացմունքով ու  հպարտությամբ պատմում է. ‹‹Իմ Վարդանը 29 տարեկան էր, չափազանց անկեղծ ու պարզ մարդ էր, հոգատար էր, կենսուրախ, անվերջանալի ուժով էր օժտված, բոլորի նկատմամբ լցված էր բարությամբ ու կարեկցանքով: Չեմ հիշում նրան մեկ անգամ, որ ասի` հոգնեցի: Վարդանը թե տանը, թե աշխատավայրում կոկիկ էր շատ, մի փոքր նեղացկոտ էր, բայց րոպեների ընթացքում անցնում էր նեղացած մնալը››:

Թամարան խոսելիս հաճախ հուզվում է, հետո հիշում է, որ ամուր պիտի մնա, ձգվում է, ու էլի ընկնում քաղցր հիշողությունների գիրկը ու շարունակում է պատմել. ‹‹Վարդանն իմ անմահ հերոսն է, նա ձուլվեց իր հայրենիքին, ամեն մի բջիջով սիրում էր իր հայրենիքը, ու հավերժ սիրահարված էր Հայաստանին: Իմ հերոսի համար պատերազմը ավարտվեց նոյեմբերի 7-ին, նա հերոսաբար կռվեց Շուշիում ու անմահացավ: Իմ Վարդանը ամեն ինչից շատ առաջնային համարում էր ընկերությունն ու ընտանիքը: Նա Ոստիկանական զորքերում էր աշխատում ավելի քան 8 տարի, մեկ տարի դադարից հետո, նորից հետ վերադարձավ Ոստիկանական զորքեր և շարունակեց ծառայությունը: Ինձ շատ էր պատմում աշխատանքից, չնայած տեսակով փակ մարդ էր, բայց երևի թե իր կյանքում միակ մարդն եմ եղել, ով իմացել է իր մասին ավելին, քան կարելի էր››:

Թամարան կրկին չի կարողանում թաքցնել արցունքները, հուզվում է և արցունքախառն պատմում է, ձայնը սկսում է նվաղել, հետո մի պահ դադար, սթափվում է ու շարունակում է պատմել. ‹‹Երկու տարի, երեք ամիս է ամուսնացած ենք, ունենք մեկ արև` Արփին, մեր կյանքի լույսը: Վարդանն իդեալական ամուսին լինելուց զատ, անզուգական հայր էր, անսահման երջանիկ էր, երբ իմացել էր, որ աղջիկ երեխա էր ունենալու, շատ էր սիրում իր ընտանիքին, Արփիին, ամեն վայրկյանը ուզում էր մեզ հետ անցկացնել: Արփիին նա ինձ հետ հավասար պահել է, մենք միասին շատ ուրախ-տխուր պահեր ենք ունեցել, մեկս մյուսի մասին հոգ տանելով, մեկս մյուսի ցավը կիսելով ապրել ենք: Մեր մեջ չկար ես ու դու, կար մենք: Որոշել էինք մեծ շուքով նշել մեր Արփիի ծնունդը, որը նոյեմբերի 6-ին էր, բայց ավաղ, ինձ և աղջկաս փոխարեն սև հողը գրկեց իմ հերոսը»,- ասում է Թամարան ու մի պահ լռում, հավաքում է իրեն ու պատմում է, որ զրուցել է առաջնագծից վերադարձած Վարդանի ընկերների հետ, ընկերները պատմել են, թե առաջին օրվանից ինչ անվախ է եղել, իրեն բնորոշ ժպիտով ինչպիսի համառ մարտեր է տարել, երգել ու հետ մղել թշնամուն, անհաշվելի թվով թշնամիներ ոչնչացրել: Անգամ վիրավոր ժամանակ պայքարել է իր և իր ընկերների համար:

Թամարայի հետ զրույցում պարզ դարձավ, որ իր փոքրիկ մարմնում չափազանց մեծ ուժ կա: Նա արժանապատիվ էր իրեն պահում, իսկ աչքերն իր թուլությունը մատնում էին, ու լուռ վկան էին այն մեծ ցավի, որի միջով հիմա անցնում է:

Թամարան, երբ շարունակում է պատմել, ասում է. ‹‹Վարդանիս մասին անվերջ կարող եմ պատմել, բայց բառերով նկարագրելը անհնար է, բառերը չեն հերիքում զգացածս, ապրածս պատմելու, և իմ հերոսին նկարագրելու համար:

Ամեն արևածագին նայում եմ Վարդանի նկարին և հիշում եմ, թե  ինչպես էինք միասին զինվորական պարտականությունները սովորում, թե ինչպես ամեն օր ծառայության համար մի գծով արդուկում էի համազգեստը: Սկզբում ստուգում էր, ինչպես եմ արդուկել, «քննություն» էի անցնում, հետո արդեն չէր ստուգում, հագնում էր,- ժպտում է Թամարան ու շարունակում ,-արդեն գիտեր` ամեն ինչ կարգին էր, ճիշտ արդուկած: Անգամ պատերազմ  գնալիս հետը տարավ ‹‹բատինկաները›› փայլեցնող միջոցները, երբ հարցրեցի` ինչո՞ւ, նայեց ինձ ու ասաց. ‹‹Թամու′շ, հո փոշոտ տուն չե՞մ գալու››, երանի  թե գար, թեկուզ փոշոտ ու անխնամ, միայն թե ետ գար,- ասում է Թամարան, և շարունակում,- ես մինչև օրս սպասում եմ նրան, երևի թե միշտ կսպասեմ…

Իր հեռախոսահմարն եմ վերցրել և ամեն առավոտ նամակ եմ գրում` ‹‹բարի լույս››, եթե իհարկե, այն բարի է: Ես սպասում եմ իմ հերոսին, իսկ իր վերջին նամակը սա  է.

‹‹Թամս, դուխդ չգցես, Ձեզ շատ եմ սիրում, պաչում եմ››:

Պատասխան ուղարկեցի, բայց նամակս ավաղ, չհասավ…

Հետո պատմում է, որ ասել է, երբ աղջիկս ‹‹պապա›› ասի, տուն եմ դառնալու: Փոքրիկ Արփին դեռ հոր սահմանին գտնվելու ժամանակ ասաց ‹‹պապա››, բայց նա այդպես էլ չլսեց ու տուն չդարձավ, անմահացավ իմ հերոսը:

Իմ հերոսը հուղարկավորվել է Եռաբլուրում, նրա շիրիմը ևս անբաժան մնաց Ոստիկանական զորամասից, այնտեղից պարզ երևում է Ոստիկանական զորամասը: Խոստացել եմ Վարդանիս,- շարունակում է հերոսի կինը,- որ Արփիիս հետ միասին միշտ իր մոտ ենք գնալու, ու մեր հերոսին կարմիր վարդեր ենք տանելու, որը ժամանակին միշտ նա էր ինձ նվիրում…

Կարոտս կարոտով է խեղդում մի նոր կարոտի: Երանի եմ տալիս այն պահերին, որ եղել եմ նրա կողքին ու վայելել եմ այդ պահերը, կարոտել եմ իր լույս ժպիտը,- արցունքները չկարողանալով թաքցնել, ասում է Թամարան և շարունակում,- երանի ինչպես ինքը չվախեցավ պատերազմից, այնպես էլ ես չվախենամ առանց իրեն ապրելուց: Նա հավերժ մնաց իմ սրտում, աչքերում, ափերս սառչում են առանց նրա, իսկ աչքերս միշտ սպասում են իմ հերոսին,- ավարտում է Թամարան››: