Anush margaryan

Հեքիաթ պարոն Սարդի և անվերջ սահող ժամանակի մասին

Ողջո՜ւյն… Գիտե՞ս, չես հավատա, բայց կարոտել էի այս ողջույնին, կարոտել էի այն անփութությանը, որով դու, հավանաբար, կկարդաս վերնագիրը, մի քանի վայրկյան կմտածես` արժե՞ արդյոք ժամանակ վատնել ու կարդալ սա… Հա՜, ի դեպ, այդ ընթացքում` ժամանակի կորստից վախենալիս, առանց գիտակցելու` դու կկորցնես այն…

Աշխարհում միշտ է այդպես…

Օրինակ` իմ ընկեր պարոն Սարդը այնպե՜ս էր ցանկանում տեսնել լուսնի խավարումը, մի ողջ տարի նա անդադար սպասում էր, հաշվում յուրաքանչյուր վայրկյանը, նույնիսկ իր հին ընկերների հետ զրուցելու ժամանակ չուներ, որովհետև ողջ ժամանակն օգտագործում էր ժամանակի հետևից սրընթաց վազելով… Պարոն Սարդ, հուսով եմ, որ իմ հոդվածը կհայտնվի Ձեր ֆեյսբուքյան էջում և Դուք գոնե մի փոքր ժամանակ կգտնեք այն կարդալու համար։

Եթե անկեղծ լինեմ, չգիտեմ, թե ինչից սկսել զրույցս: Ա՜խր, այնքա՜ն ժամանակ է անցել (տե՛ս, էլի՜ ժամանակ. թվում է, թե առանց նրա մասին հիշատակելու մեր կյանքը կզրկվի գույներից), այնքա՜ն շատ բան է կուտակվել հոգումս: Ինձ մի պահ թվում է, որ երբեք էլ քեզ հետ չեմ խոսել, դե՜, այսօր առաջին անգամն է, ու գրելիս ձեռքերս դողում են այն առաջին դասարանցու նման, ով առաջին անգամ վերցնում է գրիչը՝ թվաբանության առաջադրանքը կատարելու համար:

Հա՜, գիտեմ պատճառը, էլի ժամանակն է մեղավոր: Բայց գիտե՞ս, մի բան եմ հասկացել: Ժամանակի տնօրենը ինքներս ենք: Այն նման է գետի, կարող է իր հետ բերել և՛ ուրախություն, և՛ տխրություն: Ամենագլխավորն այն է, որ գետից դույլերով վերցնես երջանկությունն ու ուրախությունը և չհաշվես, թե քանի դույլ ջուր կա նրանում… Այդ գետն իր ճանապարհով հավերժ հոսում է, դու չես կարող կանգնեցնել նրան կամ ստիպել, որ քո փոքրիկ տնակի կողքով անցնի երկու անգամ: Ժամանակը թռչում է մեր կողքով ու իր հետևից թողնում ստվեր: Ինքդ ես որոշում` ստվերը նման լինի Ձյունանուշին, թե նրա խորթ մայրիկին…

Քո սեփական մոլորակում դու ինքդ պետք է ստեղծես ժամանակ երազելու, երազանքներիդ հասնելու և այդ ճանապարհին կյանքիդ ամեն վայրկյանը տոն դարձնելու համար:

Մարդիկ ստեղծել են ժամացույցը և անթիվ իրեր, որոնցով կարող ես չափել ժամանակը, հաշվում են օրերը, տարիները: Ինչո՞ւ: Հըմ, որովհետև նրանք շատ են սիրում թվեր: Նրանք սիրում են հաշվել, թե քանի օր տևեց անձրևը, բայց երբեք չեն հաշվում այն երջանկությունը, որը զգաց պատանին՝ պատուհանից այն կողմ լսելով անձրևի մեղմ ձայնը, կամ անձրևանոց վաճառող բարի տատիկը, որի սիրտը ուրախությունից թրթռում է ամեն վաճառվող անձրևանոցի հետ:

Ժամանակը թվերը չեն, այլ ակնթարթները: Եթե դու սիրում ես պարել լուսնի լույսի տակ, մի՛ մտածիր ժամանակի մասին, պարի՛ր առանց ափսոսանքի: Եթե սիրում ես դիտել տերևների վրայի ցողն առավոտյան, ապա դրսում միշտ էլ անուշ եղանակ է… Ժամանակն այն է, ինչը մենք ամենից շատն ենք ուզում, բայց ինչն ամենից վատն ենք օգտագործում:

Լսիր, ինձ թվում է` ես արդեն գնամ, ժամանակն է կյանքն ավելի հեքիաթային դարձնելու: Ի դեպ, պարոն Սարդ, եթե կարդում եք սա, Ձեզ երիցուկի թեյի հրավեր եմ ուղարկում: