Anush margaryan

Հեքիաթ «տիեզերագույն» նպատակների մասին

Մեր բոլոր նպատակները նման են աստղերի. դրանք մեր հոգու աչքերն են։

Գիտե՞ս՝ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։ Կյանքի ամեն մի ակնթարթը հաջորդ վայրկյանին դառնում է անցյալ: Գալիլեյը համառորեն պնդում էր դա, քանի որ գիտեր, որ Երկրի պտույտի նման է կյանքը. երբեք կանգ չի առնում։

Հազարավոր գալակտիկաներից, միլիոնավոր աստղերից ու ինը մոլորակներից այն կողմ՝ մի փոքրիկ ու անտեսանելի անկյունում՝ սրտիս աջ փորոքում կամ նախասրտում, կամ էլ՝ կիսալուսնաձև փականի մոտ, գտնվում է իմ ամենա… Ը՜, այն չի կարելի անվանել «ամենա», քանի որ այն այնպիսին է, ինչպիսին տիեզերքն է, իսկ տիեզերքը ավելին է, քան լոկ «ամենա»-ն: Լավ, ես կհորինեմ մի հեղինակային նորաբանություն, որով կանվանեմ իմ նպատակը: Այն կկոչվի տիեզերագույն։ Առավել գեղեցիկ է այն կամքի ուժը, որի շնորհիվ ի կատար է ածվում նպատակը:

Պատկերացնո՞ւմ ես, եթե երկինքը լիներ առանց աստղերի: Այն նման կլիներ անծայր անապատի՝ դատարկ, տխուր ու մեռելային: Այդպիսին կլիներ նաև մեր հոգին, եթե զրկվեր աչքերից՝ նպատակներից ու երազներից:

Գիտե՞ս՝ եթե վերցնես խոշորացույցը և ուշադիր զննես մարդկային կյանքի յուրաքանչյուր րոպեն, կնկատես, որ կամա թե ակամա, նրանց կյանքի ամեն պահը նպատակով է լի։ Պարզապես նրանք ուշադրություն չեն դարձնում այդպիսի մանրուքներին:

Լսի՛ր, փոքրիկ երեխան լալիս է, որովհետև ցավում է այտը կամ ստացել է վատ գնահատական: Մի րոպե անց նա թավշե թաշկինակով սրբում է արտևանունքից կախված մարգարտե արցունքը և ստիպում իրեն մոռանալ ցավը: Ի՞նչ է սա, եթե ոչ նպատակ և կամքի դրսևորում:

Հաճախ մենք պետք է օժտված լինենք այնպիսի կամքի ուժով, որ կարողանանք հաղթահարել մեր տիեզերագույն նպատակների խորտակումը: Երբեմն մեր նպատակները ծնվում են վշտի ու արցունքի մեջ, իսկ նրանց խորտակումը վրա է հասնում ամենաանսպասելի պահին, երբ մնացել է ընդամենը մեկ քայլ…

Իմ տիեզերագույն նպատակը ծնվել է տարիներ առաջ: Ո՛չ, այնպես չէ, ինչպես ծնվում են փոքրիկ ամեոբաները, այլ այնպես, ինչպես անձրևից հետո ծնվում է ծիածանը:

Արդեն մի քանի անգամ այդ նպատակը խորտակվել է, այնպես, ինչպես խելահեղ ծովում խորտակվում է անպաշտպան նավը: Ավազե ժամացույցը ամբողջովին թափվել է, բայց Երկիրը դեռ պտտվում է… Բայց չէ՞ որ նավը կարելի է կրկին կառուցել՝ առավել ամուր ու հզոր:

Ես գտա այն ուժը, որով կարող եմ հետ պտտել Երկիրը, շուռ տալ ավազե ժամացույցը ու ամեն բան սկսել նորից։ Նորից նույն տիեզերագույն նպատակը, բայց այս անգամ՝ առավել ամուր կամքի ուժով:

Գիտե՞ս՝ ես չգիտեմ, թե ինչ կլինի այս անգամ, գիտեն միայն աստղերը… Բայց մի բան կարող եմ վստահ ասել․ ես սովորեցի, որ երբեք չպետք է հանձնվել, անգամ եթե տիեզերքն է այդպես ցանկանում, և կամքի ուժն առավել ուժեղ է, քան տիեզերքում եղած գրավիտացիոն ուժը։

Եթե դու հավատում ես քո նպատակի գեղեցկությանը, ապա տիեզերքը քո կողքին է: