emma miqayelyan-2

Հը՞ն, թատրոն գնացի՞ք…

Պարի խմբով գնում էինք Գավառ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուին դիմավորելու:

-Երեխե՛ք, հլը հրապարակը նայեք, ի՜նչ սիրուն մարզկենտրոն ա,- հիացած բարձրաձայնեցի ես:

-Մեր Հրազդանը կերազի հասնի սրանց, հլը ծաղիկները ի՜նչ սիրուն են, ուզում եմ՝ մերն էլ սենց լինի,- երազելով ասաց կողքիս աղջիկը:

-Մեր հրապարակում ո՞ւր ա տեղ, ավելի շատ ընտրական շտաբ կա, քան ծաղկանոց,- ասաց տղաներից մեկը:

-Երեխե՛ք, աչքիս գամ Գավառում ապրեմ, ոնց որ աչքս մնաց ծաղիկների վրա,- ասաց վարդի անունով աղջիկը:

-Երեխե՛ք, ցուցանակներին նայեք, ուր էր մեզ սենց բախտ՝ մենք էլ ունենայինք սրանցից,-ասաց աղջիկներից մեկը:

Տղաներից երկրորդն ավելացրեց.

-Մենք մեր փողոցների անունները չգիտենք, որ մի հյուր ենք ունենում տան ճանապարհը խանութներով ու գազալցակայաններով ենք բացատրում, գոնե կսովորենք։

Համերգն ավարտվեց․ հույս ու երազանք Գավառում թողած՝ վերադարձանք Հրազդան:

Ապրիլ ամիսն է՝ համերգով գնում ենք Գյումրի: Մայրս 88-ից առաջ եղել էր Գյումրիում ու հիմա, երբ կրկին այստեղ է, ասում է, որ Գյումրին շատ է փոխվել, գեղեցկացել, բայց ցավի հետքերը դեռ կան:

Ավտոբուսի պատուհաններից «կախվել ենք», բերաններս բաց է մնացել, ի՜նչ գեղեցկություն:

-Մա՛մ, նայի ի՜նչ սիրուն ծաղիկներ են, ինչ խնամքով են էտում ծառերը,- նախանձելով հիանում եմ ես:

Մայրս նախատում է.

-Մի քիչ տեսած քեզ պահի:

-Ախր, նայի, խոտերը սարքով են կտրում:

-Էմմա՛, մենք էլ ունենք, հիշացրու՝ ցույց տամ,- մայրս ծիծաղում է:

-Մա՛մ, մենք ունենք, բայց մեր քաղաքապետարանը չունի, մեր հրապարակի խոտերը ոչ թե սարքով են հավասարեցնում, այլ կովերը՝ իրենց ատամներով: Որտե՞ղ կա մեր մարզկենտրոնից, մերը միակն է և անկրկնելին, մնացածը դժբախտ են՝ իրենց հրապարակում կով չեն տեսել, դե թող իրանք էլ մեզ նախանձեն,- ասացի ես:

Մտնում ենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն՝ մի գեղեցկություն, մի մշակույթ, մի արվեստ ու մի պարային համար: Շուտ դուրս եկանք, համերգը չէր ավարտվել: Նկարներ էինք անում, ինչ պատահի նկարում էինք՝ ծառ-ծաղիկ, նույնիսկ՝ այգեպանին, նրանից էլ չունենք մեր քաղաքում: Թատրոնի դիմաց Մհեր Մկրտչյանի արձանն է կանգնած, նայում եմ ու նախանձում, ինչի մենք էլ չունենք:

Մի օրում այնքան էր շատացել Գյումրու հանդեպ նախանձս, որ նույնիսկ ինձ էի նախանձում, որ տեսել եմ Գյումրին:

Վերադառնալիս ցուցանակներին ենք նայում, նույնիսկ դրանցից էլ էր մշակույթ կաթում, իսկ մեր քաղաքում՝ «Կազինո Senator 2 կմ Ծաղկաձորում»:

Գյումրուց դուրս էինք գալիս, ցուցանակի վրա Մհեր Մկրտչյանի նկարն է, որ հարցնում էր.

-Հը՞ն, թատրոն գնացի՞ք…

Երեխաներով շրջվեցինք, մի անգամ էլ նայեցինք Գյումրուն ու ասացինք.

-Այո՛, գնացինք: