Հի՜ն Գյումրվա ավանդույթներից է…

Հայերս ընդհանրապես շատ մաքրասեր ազգ ենք, բայց վերջերս մի տեսակ եվրոպական մտածելակերպ ենք ձեռք բերել՝ կորցնելով հայկականը: Հայերիս մեջ էլ իրենց առանձնահատուկ մաքրասիրությամբ աչքի են ընկնում գյումրեցի կանայք կամ, ինչպես կոչում էին առաջ, «խանըմ աբլաները», որոնց համար շատ կարևոր էր տան մաքրությունը. ամեն ինչ պետք է մաքուր լինի`«ձնձղտա»:

Պատկերացրեք՝ ամեն շաբաթ հավաքել են տան ունեցած-չունեցածը, նստել են ֆայտոն ու մեծ-մեծ խմբերով գնացել են Արփա չայ՝ լվացք անելու, իսկ լվացք անելն էլ այսօրվա պես կես կամ առավելագույնը մեկ ժամ չի տևել. առավոտից իրիկուն մնացել են Արփա չայում, մի քանի հերթով լվացել են. սկզբից պարզապես թրջել են հագուստը, հետո լվացել են օճառով, դրանից հետո հագուստը օսլայել են, որից հետո էլ պարզաջրել են. հիմա կասեք՝ էլի լավ հագուստ է եղել, որ դիմացել է, բայց օրենքը կամ, ավելի ճիշտ, «ադաթն» է էդպիսին եղել: Դե իսկ ողջ օրը սոված չմնալու համար հետները ավանդական «բոխչա» են վերցրել, որի մեջ զանազան ուտելիքներ են դրել: Երեկոյան էլ ՄԱՔՈՒՐ լվացքով տուն են եկել, բայց հլը չավարտվեց լվացքի արարողությունը. սկեսուրները պիտի տեսնեին հարսների արած լվացքը ու ամենամաքուրը ընտրեին:

Նույն մրցակցությունը եղել է նաև լեննականյան բակերում. Աստված մի արասցե, եթե մեկի լվացքը կամ պարզապես օդափոխության գցած հագուստը կեղտոտ լիներ, ողջ բակը կքննադատեր, իսկ կեղտոտ հագուստի տերն էլ փնթի, ծույլ ու անբան կհամարվեր, բա…Իսկ նորահարսներն էլ պիտի ամենքից շուտ արթնանային, բակը մաքրեին, որ բոլորը արթնանային ու տեսնեին, որ մաքուր է, համ էլ հո ընտանիքի անունը գետնով չէի՞ն տալու: Ավելին ասեմ. այն ընտանիքներում, որտեղ չամուսնացած աղջիկ է եղել, բակն ու դուռը պետք է առանձնահատուկ մաքուր լիներ. եթե գալիս էին խնամախոսության ու տեսնում, որ բակը կամ դռան առաջ գցած գորգը կեղտոտ է, անմիջապես հետ էին դառնում, ու այդ աղջիկը «տանն էր մնում»…

Ամեն ամառ խանըմ աբլաները պիտի բուրդը լվանային, չփխեին, արևի տակ փռեին, որ լավ տեսք ունենա: Նույնիսկ մի զվարճալի դեպք է պատահել մի քանի տարի առաջ՝ կապված բուրդ չփխելու հետ. գյումրեցի մի ընտանիք տեղափոխվել է ԱՄՆ՝ ընդմիշտ ապրելու նպատակով, գալիս է ամառը, ու տանտիկինը իջնում է բակ՝ Հայաստանից բերած բուրդը չփխելու (հետո՞ ինչ, որ ԱՄՆ-ում են ապրում, բա մեր ադաթնե՞րը), այդ ժամանակ էլ ոստիկանները տեսնում են ու ձերբակալում գյումրեցի կնոջը՝ պատճառաբանելով, որ ագրեսիա կա այդ կնոջ մեջ, կարող է վնաս տալ մարդկանց…Դե, ի՞նչ արած, գյումրեցի ենք, մի բանով պիտի տարբերվե՞նք, թե՞ չէ…

Մի առանձին հանդիսություն էր ապակեղենի մաքրությունը. չէ՞ որ էդ ապակեղենի համար էն հին ժամանակներում հերթեր են կանգնել, բերել են ուրիշ երկրներից ու մինչև հիմա էլ նույն խնամքով պահում են. ահավասիկ մեր ապակեղենի «թանգարանը»՝ էլ «մադոննա» ափսեներ, կոբալտից ծաղկամաններ, հախճապակյա կամ որ ավելի հոգեհարազատ է, հնչում, «խռուստալ»-ից գավաթներ…Եվ միշտ էլ  հպարտանալու առիթ է եղել հարուստ ապակյա պահարան ունենալը:

Ավելի պատկառելի մասն էլ, ով ինքնաեռ կամ հայտնի ֆիլմի «կամոդ»-ից  ուներ, պիտի անթերի մաքուր պահեր եզակի հանդիպող իրը՝ պսպղալու աստիճան:

Իսկ մեծ տատիկները՝ մամերը կամ նանիները, նույն անթերի մաքրությամբ պահում էին իրենց գոգնոցները, որը փոխվում էր միայն հյուրերի հետ թեյ խմելու ժամանակ: Մինչև հիմա էլ, երբ դրսում կարկանդակ կամ թխվածքաբլիթ վաճառողի ենք տեսնում, գնում ենք միայն այն դեպքում, եթե գոգնոցը մաքուր է լինում, բայց մեծ մասամբ չենք էլ գնում. մեր ուզածի պես մաքուր չի լինում… Այսօր էլ Գյումրիում, թեև վաճառվող խմորեղենի առատությանը, մի տեսակ վիրավորական է հյուրի առաջ խանութից գնված խմորեղեն դնելը: Հյուրերը տանտիկնոջ թխածը պետք է համտեսեն:

Ու ըսպես էլ միշտ տարբերվում ենք ու աչքի ընկնում, լեննականցի ենք ախր, ըբը…