mariam barseghyan1

Հի՞ն, թե՞ նոր

Այն փոփոխությունները, որոնք հիմնականում երիտասարդների, ուսանողների ձեռքով եղան, չէին կարող ազդեցություն չունենալ համալսարանների, այդ թվում՝ նաև ուսանողական խորհուրդների վրա: Ուսանողներ, որոնք ձգտում են ոչ միայն ավելի լավ կրթական համակարգի, այլ նաև ապաքաղաքականացված համալսարանների: Սա այն գաղափարն էր, որը, ըստ երևույթին, պետք է առաջ բերեր նոր շարժում: Բայց ձևավորված խումբը, քննադատելով քաղաքականությունը համալսարան բերողներին, ինքը այդ նույն քաղաքականությունը դարձնում է դրոշակ իր շարժման համար: Ես չեմ կարող և իրավունք էլ չունեմ խոսելու այլ համալսարանների մասին: Բայց երևի կարող եմ ինձ իրավունք վերապահել խոսելու իմ ուսումնական հաստատության մասին:

Վերջերս Ռոբերտ Աբաջյանին նվիրված միջոցառում ունեինք, որի ընթացքում նրան նվիրված ֆիլմ դիտեցինք: Ֆիլմի հերոսները Ռոբերտի խոսքերից մեկը մեջբերեցին, որ բանակում կարևոր չէ, թե ով ենք մենք քաղաքացիական կյանքում, կարևորն այն է, որ ով էլ մենք լինենք, սահմանին դառնում ենք ընտանիք: Այդ օրը ես հասկացա՝ ինչ կարևոր է՝ սահմանին կլինենք, թե ոչ, եթե մենք նույն գաղափարի համար ենք պայքարում, արդեն ընտանիք ենք:

Թե ուսանողական խորհրդի, թե «Ռեստարտի» նպատակը ուսանողների իրավունքները պաշտպանելն ու նրանց խոսքը լսելի դարձնելն է: Այդ դեպքում ինձ հետաքրքիր է՝ ի՞նչն էր խանգարում այսօրվա համալսարանների հեղափոխականներին միավորվել ՈՒԽ-ի հետ և իրենց տեսակետները պնդել: Ես խիստ կասկածում եմ, որ ինչ-որ մեկիս Ուսանողական խորհուրդը սահմանափակել է և թույլ չի տվել գաղափարներ իրագործել: Կասկածում եմ, որովհետև ինձ չեն սահմանափակել: Այստեղից ես միայն մի հետևություն կարող եմ անել, որ պայքարը նորից աթոռի համար է: Խնդիրը քաղաքականացված համալսարանը չի, այլ կուսակցական դրոշը համալսարանում ծածանելը: Եթե իսկապես ավելի բարեկեցիկ համակարգ եք ուզում ստեղծել, դադարեցրեք հետաքննությունները, քաղաքական հետապնդումները, հավաքվեք ու մի բան փոխեք՝ առանց ուրիշների աշխատանքը թերագնահատելու: Դարձեք ընտանիք ու արդար կռիվ տվեք։