anahit Zaxaryan askeran

Հիլիս

Եթե ինձ հարցնեն, թե ինչպես եմ սկսել իմ գարնանային օրերը, կասեմ՝ հրաշալի, բայց հետո կմանրամասնեմ՝ խոսելով նաև իմ հիասթափությունների մասին:

Սկզբում, ինչպես բոլոր սովորողները, ես էլ որոշել էի գարնանային շաբաթ-կիրակիներս անցկացնել քնած, որովհետև քնի քաղց էի զգում, բայց բնությունն ու գյուղական կյանքն իրենց ձգողականությամբ խախտեցին իմ որոշումները: Արևոտ օրերից մեկի առավոտյան գնացի քրոջս տուն, որը գտնվում է Ասկերանի շրջանի Հիլիս գյուղում:

Հիլիս գյուղը ինձ շատ հարազատ մի բնակավայր է, որտեղ ապրելու կամ գոնե մեկ անգամ այցելելու համար արժե Արցախ գալ: Տարիներ առաջ գյուղին տվել են Հիլիս անվանումը իր պարզության, մաքրության համար: Այսօր եթե գյուղին փորձեն նոր անուն տալ, ես նորից նույն անունը կընտրեմ՝ Հիլիս: Գյուղի ստորին մասով գետակ է հոսում, որը նույնպես իր հայելային պարզության համար կոչվում է Հիլիս:

Հիլիս գյուղի բնակիչները, չնայած՝ քիչ ժամանակ ունեն առօրյա աշխատանքներից կտրվելու համար, բայց այդ թեժ զբաղվածության ժամերից քաղում են մի քանի րոպե և այցելում ոչ բարվոք վիճակում գտնվող Տեր Հովհաննես եկեղեցին: Եկեղեցին հին է, կոնկրետ կառուցման թվական չեմ կարող նշել, բայց դարից ավելի է, ինչ կանգուն է:

Եղանակը ժպտուն էր, օրը՝ կիրակի: Քրոջս ընտանիքի հետ որոշեցինք միասին գնալ եկեղեցի: Տանից եկեղեցի հասնելու համար բավական է անել ընդամենը 50 քայլ:

Ինձ միշտ հետաքրքրել են տարբեր գյուղերի եկեղեցիները և մյուս այլ պատմություն ստեղծող գանձերը: Հիլիս գյուղի եկեղեցին նույնպես բացառություն չէ, թանկ արժեք է երկրի համար: Պիտի նշեմ, որ եկեղեցուց տուն հասնելու ճանապարհին հանդիպեցինք գյուղացիներին, հարցրինք՝ չե՞ք պատրաստվում գնալ եկեղեցի, ստացանք այսպիսի պատասխան.

-Վախենում ենք՝ եկեղեցու քարերը թափվեն մեր գլխին:

Ճիշտն ասած՝ ես մինչ եկեղեցի մտնելը լսեցի նման արտահայտություն.

-Չմտնես եկեղեցի, քարերը թափվում են:

-Միշտ հիշի՛ր, երբեք եկեղեցու թափվող քարից չես վիրավորվի, որովհետև բարի նպատակով ես մտնում այնտեղ,- պատասխանեցի ես, խաչակնքեցի և մտա ներս:

Հիասթափություն ապրեցի մի պահ, հետո որոշեցի իմ ներդրումն ունենալ այս եկեղեցու նորոգման գործում և ինքս ինձ խոստացա՝ ինչով հնարավոր է օգնել գյուղացիներին, որպեսզի եկեղեցու հույսի մոմերը լինեն մշտավառ, պատերը՝ ամուր, իսկ եկեղեցին՝ կանգուն և հզոր, ինչպես գյուղը՝ իր բնակիչներով: